...

Դվինի Արտակը հաջողացրեց, տարոսը Սամվել Ալեքսանյանին

Դվինի Արտակը հաջողացրեց, տարոսը Սամվել Ալեքսանյանին

Գործարար Սամվել Ալեքսանյանը պետական սեփականություն հանդիսացող մոտ 9 հա հողատարածքում ինքնակամ շինություններ է կառուցել։ Երևանի վերջին երկու քաղաքապետերը դրանք քանդելու մասին որոշումներ են կայացրել, բայց Ալեքսանյանը դիմել է դատարան։ Այս մասին ծավալուն հոդվածով է հանդես եկել «panorama» կայքը։ Դրանից տեղեկանում ենք, որ Սամվել Ալեքսանյանը վարչական դատարանում շահել է գործը։ Հետո քաղաքապետարանը դիմել է Վերաքննիչ դատարան։ Այստեղ էլ Ալեքսանյանը շահել է։ Օրերս քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան։ Սպասենք-տեսնենք, թե գործընթացը հօգուտ ում է ավարտվելու։ Զուգահեռաբար, հայտնի է դարձել, որ գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, իրեն պատկանող «Դվին» համալիրի ետնամասում երկու շենքերի վրա ապօրինի հարկեր է ավելացրել։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ամիսներ առաջ այս առիթով հայտարարել էր. «Կառուցապատողը օրենքով երկու ճանապարհ ունի՝ կամ երկու հարկերը ինչպես որ կառուցել է, այդպես էլ պետք է վերացնի, կամ որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի ամբողջ շենքը, ինչը նշանակում է հսկայական գումար պետք է վճարվի քաղաքային բյուջե»։ «Հրապարակ» օրաթերթը հետևել է գործընթացին և պարզել է, որ ապամոնտաժում իրականացնելու անհրաժեշտությունը վերացվել է, քանի որ Դվինի Արտակը վճարել է։ Հետաքրքիրն այն է, որ հրապարակման համաձայն՝ Մարությանի կողմից հայտնաբերված խախտումի օրերին խոսվում էր այն մասին, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու համար սեփականատերը պետք է 2 միլիոն դոլար վճարի։ Մինչդեռ այսօր կողմերը «բարիշել» են դրա մոտ մեկ քառորդ գումարով։ «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ կողմից ինքնակամ իրականացված կառույցի օրինականացման վճարը կազմել է 228․ 654․633, որը փետրվարի 9-ին «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի կողմից արդեն իսկ վճարվել է Երևան համայնքի բյուջեի հաշվեհամարին։

Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է, և պետության գլուխն էլ խառն է՝ ով ինչ ունի նախկինից ապօրինաբար հափշտակած կամ կառուցած, կարող է արագորեն օրինականացնել կամ համապատասխան գումարով «մաքրել»։ Կարող է նաև առքուվաճառք ձևակերպել, ինչպես վարվեց Հովիկ Աբրահամյանը։ Հիմա հարց՝ ի՞նչն է այս առումով փոխվել նոր Հայաստանում։ Ոչ մի բան՝ փաստաթղթարարությունն է ավելացել։ Այն ժամանակ ասում էին՝ ապօրինի է ու խնդիրը առկախված պահում էին, որ երբ ուզեին որպես մահակ օգտագործեին տվյալ մարդու դեմ։ Հիմա ասում են՝ արի ապօրինությունը փաստաթղթավորենք, որ ասենք՝ երկրում ապօրինությունը վերացել է, և բոլորն էլ այլևս օրինական դաշտում են։ Արդյունքում՝ իշխանության սրտի օլիգարխներն ու փողատերերն իրենց հարցերը լուծում են դատարաններով ու մնացած խողովակներով, իսկ թույլերը ստիպված են լինում ապամոնտաժել իրենց բակի ապօրինի կառուցված փոքրիկ մթերային խանութը, որովհետև այդպես է պահանջում օրենքը։ Առաջին խումբը շարունակում է «դուխով» ապրել, երկրորդ խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր, շարունակում է ապահովել «օրինականության վերականգնման» տարեկան պլանը։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ