«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցածը հակաիրավական գործընթաց է, որը պետությանը տանում է կործանման:
Նա նշեց, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, չնայած ունի իրավաբանական կրթություն, բայց իրավաբան չէ, այլ քաղաքական գործիչ է, և ծառայում է բռնատիրական իշխանություններին»:
«ՉԻ». Այսինքն՝ Հրայր Թովմասյանը իր դատարանի նախագահի կարգավիճակով, Ֆելիքս Թոխյանը իր վարկերով, Ալվինա Գյուլումյանը իր աշխատավարձով պահում էին երկիրը դեպի կործանում գահավիժելուց, և հիմա այլևս ոչ մի պատվար չկա անդունդը գլորվելուց խուսափելու համար:
Հասկանալի է, մարդը հանգամանքների բերումով հաճախ է շփվել Վազգեն Մանուկյանի հետ, բայց գոնե պետք է հասկանար, որ անպայման չէ տիրաժավորել նրա բոլոր իդիոտ մտքերը:
Ուրեմն երբեք որևէ կուսակցության անդամ չեղած, ընդամենը նախկին իշխանությունների կողմից ունեզրկված քաղաքացիների փաստաբան Վահե Գրիգորյանը քաղաքական գործիչ է, իսկ ՀՀԿ անդամ, այդ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանի կողմից արդարադատության նախարար նշանակված, իսկ այնուհետև ՍԴ նախագահ կարգված Թովմասյանը այնքան էլ քաղաքական գործիչ չէ, հալալ զուլալ, միայն իրավաբանական կաթ խմած իրավագետ է:
Ինչ վերաբերում է բռնատիրական իշխանություններին ծառայելուն: Պատկերացնում ենք, թե Իշխանյանը որքան կտխրի, երբ իմանա՝ փեսան տարիներ շարունակ բռնատիրական իշխանություններին ծառայություններ մատուցելով է իր տունը պահել: Մարտի 1-ին 10 ՀՀ քաղաքացի գնդակահարած իշխանության ձեռքից պաշտոն է վերցրել և մինչև հիմա, չնայած տարիքին, շարունակում է վարձահատույց լինել իրեն տրված բուտաֆորիկ պաշտոնի համար:
Հորդորում ենք, որ Իշխանյանը չմոռանա՝ ինքը իրավապաշտպան է, և սամասուդի չենթարկի փեսային: