...

«Իմ քայլի» մտահոգը

«Իմ քայլի» մտահոգը

- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ասում են, որ ՍԴ-ում միակ ճգնաժամ ստեղծողը Վահե Գրիգորյանն է, և այնտեղ որևէ ճգնաժամ չկա: Ինչո՞վ են գործող իշխանություններին խանգարում ՍԴ 7 դատավորները, և, օրինակ, Վահե Գրիգորյանի դեպքում ձեզ խանգարող որևէ հանգամանք չկա՞:

- Իհարկե կա: Վահե Գրիգորյանի դեպքում ինձ խանգարում է այն հանգամանքը, որ նա չի ներկայանում նիստերին, և լսել եմ, որ չհաճախելով և նիստերը բոյկոտելով հանդերձ՝ աշխատավարձ է ստանում: Ես հարցում պետք է ուղարկեմ՝ պարզելու՝ արդյոք դա իրականությանը համապատասխանո՞ւմ է: Խոսվում է նաև, որ նա օգտվում է ծառայողական մեքենայից: Եթե անգամ որպես իրավաբաններ շատ փայլուն են, բայց համակարգում չեն ապահովում դրա ամբողջական գործունեությունը, այստեղ ես չեմ առանձնացնում Վահե Գրիգորյանին: Եթե այսօր Վահե Գրիգորյանը բոյկոտում է նիստերը, որտեղ չի պաշտպանում ՀՀ քաղաքացու շահերը, սա խնդրահարույց է. կապ չունի, որ մեր օրոք է ընտրված: 

Սա հատված էր ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցից՝ տրված «168.am» կայքին:

«ՉԻ». Օրերս ուկրաինացի հայտնի հեռուստալրագրող Դմիտրի Գորդոնը, նկարագրելով Ուկրաինայի ներկա վիճակը, հայտարարել էր. «Կոռուպցիոներներին փոխեցինք իդիոտներով»: Վահե Գրիգորյանը մեկ տասնյակից ավել անգամ շատ հանրամատչելի բացատրել է, թե ինչու չի մասնակցում լեգիտիմություն չունեցող ՍԴ նիստերին: Բացատրել է, որ դա կանի ՍԴ նոր կազմի դեպքում: Եվ նաև, հատուկ օժտված անձնավորությունների համար մի քանի անգամ կրկնել է՝ չի օգտվում ծառայողական մեքենայից:

Բայց Սոֆյա Հովսեփյանը կամ չի հասկացել, թե ինչ է ասում Գրիգորյանը, կամ՝ սպասարկելով որոշ ուժերի շահեր, ցուցադրում է, թե տեղյակ չէ Գրիգորյանի պարզաբանումներից: Սկսվել է շատ կարևոր քարոզարշավ, և Հովսեփյանը փոխանակ բացատրի ժողովրդին, թե ինչու պետք է Թովմասյանն ու մյուս ՍԴ անդամները հեռանան, իրեն հայտնի բաղերն է գցել ու հարցումներ է նախապատրաստում: Հետաքրքիր է՝ Թովմասյանի՞ն է հարցում ուղարկելու, թե՞ Գրիգորյանին: Իզուր թող հանրային միջոցներ չվատնի, երկուսն էլ արտահայտվել են խնդրո առարկայի շուրջ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացու շահերին: Վահե Գրիգորյանը տասնամյակներ պաշտպանել է ՀՀ իրավազուրկ քաղաքացու շահերը՝ դրա պատճառով ենթարկվելով անձնական հետապնդման: Մենք հաշտվել ենք, որ Հովսեփյանը մեկ տարուց ավել է, ինչ պատգամավոր է և ստանում է բարձր աշխատավարձ: Հովսեփյանն էլ պետք է հաշտվի, որ Գրիգորյանը կստանա աշխատավարձ, մինչև ձևավորվի լեգետիմ ՍԴ: 

Իրականում Սոֆյա Հովսեփյանի նման «մտահոգները» ավելի վտանգավոր են, քան Մելիք-Ադամյանում հանգրվանած մտահոգները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ