...

«Իմ քայլը» ձեռք բարձրացրեց, ԲՀԿ-ն լվաց ձեռքերը, ԼՀԿ-ն` շփեց

«Իմ քայլը» ձեռք բարձրացրեց, ԲՀԿ-ն լվաց ձեռքերը, ԼՀԿ-ն` շփեց

Եվ այսպես ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ 98 «կողմ» ու 1 «դեմ» ձայներով ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Քվեարկության պատկերը հուշում է, որ «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած վերջին շրջանում հնչող ասեկոսեներին, թե` մի խումբ պատգամավորներ դեմ են նախագծին, այս հարցի վերաբերյալ կա լիակատար կոնսեսնուս: Ինչպես գիտենք` այս նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու, փաստորեն, խոսքին տեր եղավ: Թե որ խմբակցությունից է եղել 1 «դեմ»  ձայնը, կարելի է միայն ենթադրություններ անել. քվեարկության գաղտնիությունը թույլ է տալիս կասկածել այս երկուսին էլ:  ԲՀԿ-ն, ինչպես և խոստացել էր,  չմասնակցեց քվեարկությունը`որպես պատճառ բերելով նախագծի այսպես ասած թույլիկ լինելը: Բայց արդյոք միայն այս պատճառով: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը այս փուլում ձեռնտու է ԲՀԿ-ին, քանի որ առաջիկայում պետք է սկսվի «Մարտի 1-ի» գործով դատաքննությունը, և նախկին իշխանության դուդուկի տակ պարող Հրայր Թովմասյանը կարող է ինչ-որ պահի պետք գալ Գագիկ Ծառուկյանին. ինչ իմանաս, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել այդ գործով, հատկապես, որ Ծառուկյանի անունը շրջանառվում է «Մարտի 1-ի» համատեքստում: Այնպես որ` Ծառուկյանի շահերից չի բխում Թովասյանի քաղաքական մեկենասների հետ վատամարդ դառնաը: Մյուս կողմից էլ, չմիանալով  նախագծի քվեարկությանը, ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ իր` քաղաքական մեծամասնության «գերին» չլինելը. չէ՞ որ հեղափոխության վերմակն իր վրա քաշած այս  կուակցությունը նախորդ տարվա «հոկտեմբերյան կրկնահեղափոխությունից» հետո այդ վերմակի տակից դուրս գալու և առանձին խաղ սկսելու քայլեր է անում:  

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, որը ընդգծված ընդդիմադիր կեցվածք է որդեգրել նոր խորհրդարանում, ապա վերջինիս նման դիրքորոշումը ևս տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Առաջին`քվեարկությունը տեղի է ունեցել էմոցիոնալ հողի վրա` Թովմասյան ֆիգուրի, նրա անցած գործունեության նկատմամբ ունեցած անտիպատիայից ելնելով: Երկրորդ` քվեարկությունը տեղի է ունեցել փոխադարձ շահի ու համերաշխության սկզբունքով` «դուք ձեր քաղաքական մեծամասնությամբ մեր հեղինակած` ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու մասին օրենքի նախագիծն եք անցկացնում, մենք էլ քոմագ ենք անում, միանում ենք Հրայրի դեմ նախագծի անցկացմանը և ցույց ենք տալիս  միջազգային կառույցներին, որ այս հարցում ԱԺ-ում որոշակի կոնսենսուս կա»:  Երկրորդ հանգամանքը նշելու համար նախ մի փոքր պարզաբանում անենք. այն, որ այս  նախագիծը անցավ ԱԺ-ի ստուգարքը, դեռ ոչ մի երաշխիք չկա, որ կյանքի կկոչվի, քանի որ առջևում շատ ավելի կարևոր քննություն է սպասվում` ՍԴ անդամների կողմից անցկացվելիք «ավարտական քննությունը»: Ըստ ընթացակարգի՝ ԱԺ դիմումի նախագիծը այժմ պետք է ուղարկվի ՍԴ, որտեղ դիմումը բավարարելու համար դրան «կողմ» պետք է քվեարկի ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։ Մենք գիտենք, որ այդ դատավորների ճնշող մեծամասնությունը նշանակվել է նախկին իշխանությունների օրոք, և ցայսօր շարունակում է  ծառայություններ մատուցել նախկիններին. վերջին թարմ ապացույցներից մեկը «Մարտի 1-ի» գործով առանցքային մեղադրյալ Ռ. Քոչարյանի դիմումը շտապողականության պայմաններում քննելն ու դրա վերաբերյալ վիճահարույց որոշման հրապարակումն էր: Այն մասնագիտական շրջանակներում ստացել է «չեղած բանը անվավեր ճանաչելու մասին որոշում» անունը: Նշենք, որ որոշմանը կից հատուկ կարծիք են հայտնել ՍԴ անդամներից երկուսը` Ֆ. Թոխյանն ու Ա.Դիլանյանը և որոշակի վերապահումներ հայտնել: Հիմա այս նույն կազմով  ՍԴ-ն պետք է որոշի` պաշտոնանկ անում է Թովմասյանին, թե չէ:  Արդեն իսկ պեսիմիստական կանխատեսումներ են արվում, թե ՍԴ «յուրային» անդամները չեն գնա  «ուրացման»  ու չեն զոհաբերի իրենց գործընկերոջը: Եվ ահա, եթե «Հրայրի հարցերը լուծելու» գործընթացը տապալվի, ապա ԼՀԿ-ն կարող է սա որպես երեստվանք օգտագործել և «Իմ քայլը»-ին մեղադրել լուրջ հարցով ֆիասկո արձանագելու մեջ:  Թե այդ դեպքում ինչ կլցվի «լուսավորիչների» գրպանները` դժվար է ասելը, բայց որ ևս մեկ գծով ընդգծեն իրենց կլասիկությունը`դա հաստատ է: Բայցևայնպես, պետք չէ դեպքերից առաջ ընկնել, և այլ զինվել համբերությամբ և սպասել, թե ինչպիսի ելք կունենա  «Հրայր, լավով հեռացիր»  օպերացիան: Եթե Թովմասյանն, այնուամենայնիվ, որոշի հեռանալ, ապա ի հայտ կգա հաջորդ կարևոր հարցը` ով է լինելու ՍԴ նոր նախագահը: Օրենքը ՍԴ նախագհի ընտրության բարդ ու բազմապիսի կարգ է սահմանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ