Հաշվի առնելով այն, թե ինչ իրավիճակում է տեղի ունենալու հանրաքվեն և մասնավորապես այն դիրքը, որը բռնել են խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական դերակատարները, կարծեք վերակիրառման իրավունքին է հավակնում 2007-ին բավական պոպուլյար և «ոչ» քարոզող մի կարգախոս, որի «տրուբադուրն», ի դեպ, այսօր «այո»-ի թիվ մեկ քարոզիչ Նիկոլ Փաշինյանն էր: Խոսքը «Իմպիչմենտ» դաշինքի «ո'չ դոդացմանը, ո'չ ռոբոտացմանը, ո'չ սերժանտացմանը» կարգախոսի մասին է` լոգոյի օրինակով հին, բայց ոչ այնքան լավ մոռացված:
Փաստ է, որ չնայած ՀՀ-ում երկու տարի առաջ հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն դեռևս արդիական է նախկին ռեժիմի պարագլուխներին և նրանց քաղաքական սպասավորներին «ոչ» ասելու օրակարգը: Իսկ հանրաքվեն դա ևս մեկ անգամ ասելու հնարավորություն է ընձեռում: Ի դեպ, այս կրեատիվ կարգախոսը «փակ» չէ և կարող է համալրվել նոր «ոչ»-երով: Ասենք`«ո'չ» մութացմանը, «ո'չ» ՍԴ-ի չաթլախացմանը, «ոչ» ընդդիմության օղռաշացմանը, «ո'չ» ոճրագործների խեռոսացմանը, «ո'չ» ԶԼՄ-ների գեբելսացմանը և այսպես շարունակ:
Հ.Մ.