...

Ինչի՞ց է վախենում Վազգեն Մանուկյանը

Ինչի՞ց է վախենում Վազգեն Մանուկյանը

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ, ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր լուծումներն ու ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում առաջիկա անելիքները:

«ՉԻ». Մեկնումեկի հետ ուզում ենք գրազ գալ, որ Վազգեն Մանուկյանը հանդիպել է հատկապես «ազատ ու պատասխանատու» մամուլի ներկայացուցիչների հետ: Այսինքն՝ այն լրատվամիջոցների, որոնք այս իշխանություններին ընդդիմադիր են: Մնացածը լրատվամիջոց չեն:

Այս գործելաոճը հոգեհարազատ էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնք մի քանի «ստուգված, վստահելի» լրատվամիջոցների ներկայացուցիչների հրավիրում էին, անունը դնում՝ հանդիպում լրատվամիջոցների հետ: Հիմա էլ՝ Վազգեն Մանուկյանը:

Իսկ պատճառը պարզ է. որ «ծախու և անպատասխանատու» մամուլի ներկայացուցիչները հանկարծ տհաճ հարցեր չտան: Կամ էլ հարցեր, որոնց պատասխանելը զոռ է: Մի անգամ, հիշում ենք, Քոչարյանը ԵՊՀ-ում ուսանողների հետ էր հանդիպում, մեկ էլ մի ուսանող սցենարից դուրս Քոչարյանի լեգիտիմության մասին հարց տվեց: Քոչարյանը քիչ մնաց ներվայնությունից պայթի, Հ1-ն էլ նույն օրը մի ռեպորտաժ տվեց, այդ ուսանողի ազգուտակին հիշեց:

Իսկ այսպես լավ է, ապահով, ջան ասեն, ջան լսեն: Օրինակ, տրամաբանական հարց է, չէ՞, առաջանում. իսկ ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը պարզապես մամուլի ասուլիս չի տվել, որտեղ բոլոր լրատվամիջոցների մուտքը ազատ կլիներ: Մարդը վարչապետի հայտ է ներկայացրել, բայց վախենում է մամուլի հետ հանդիպել: 

Բա որ հիմիկվանից այսպիսի ջոկողություն է անում, մամուլը սևերի ու սպիտակների է բաժանում, պատկերացնում ենք, վարչապետ դառնա, ինչ կանի:

Հ.Գ. Եթե ճիշտ ենք հիշում, անցած տարի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր գրասենյակում ինչ-որ փակ ֆորմատով քննարկում էր կազմակերպել՝ լրատվամիջոցների սահմանափակ թվով:

«Պատասխանատու» մամուլը քիչ մնաց իրեն ուտեր, համարյա մինչև Դոնալդ Թրամպ բողոքել էին, թե Ստյոպա Սաֆարյանը ճնշում է մամուլին, ջոկողություն է անում: Բա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ