...

Ինչպե՞ս հանուն սեփական կաշվի 120 հազար մարդու քշել կառափնարան

Ինչպե՞ս հանուն սեփական կաշվի 120 հազար մարդու քշել կառափնարան

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն այն մասին, թե 44-օրյա պատերազմը կանխորոշված էր դեռևս 90-ականների սկզբին, երբ հայկական կողմը որոշեց ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը, շատերն ընկալեցին որպես նիկոլական իշխանության հերթական պաշտոնյայի հերթական տխմարություն։ «Բացատրությունն» էլ բավականին պարզունակ էր՝ մարդը հանուն պաշտոնի (փողի, կարգավիճակի, արտոնությունների, պետության հաշվին աշխարհով մեկ ճամփորդելու և տարբեր անհեթեթ իրավիճակներում սելֆի անելու հնարավորության) պատրաստ է ուրանալ ամեն ինչ ու վճարել ցանկացած գին, Նիկոլ Փաշինյանն էլ օգտվում է դրանից և նրա հետ վարվում մոտավորապես այնպես, ինչպես Օստապ Իբրահիմովիչը՝ Շուրա Բալագանովի հետ, այսինքն՝ յուրաքանչյուր վիտամինի դիմաց պահանջում է «բազում մանր ծառայություններ»։

Իրականությունը, ցավոք, ավելի բարդ է, պրն Խաչատուրյանի հայտարարությունն էլ, վստահաբար, պատահական չէր ու կոնկրետ նպատակ էր հետապնդում։ Սա հասկանալու համար պետք է ընդամենը ֆիքսել, թե «համապարփակ խաղաղության» ճանապարհին Նիկոլ Փաշինյանը մինչև ուր է իջեցրել նշաձողը, և ինչպես է այդ ընթացքում փոխվել Ալիևի ախորժակը, որը նա բացահայտորեն ցուցադրեց մայիսի 28-ին Լաչինում։ Ալիևը միանգամից պայթեցրեց Նիկոլի փչած այն քարոզչական փուչիկը, թե իբր «խաղաղության օրակարգը» չի նշանակում վերջնական հրաժարում արցախահայության իրավունքներից, որովհետև իբր «Բաքվի և Ստեփանակերտի միջև պիտի լինի ուղիղ երկխոսություն միջազգային մեխանիզմներով»։ Ալիևը հայտարարեց, որ որևէ ինքնավարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, իրենք Ղարաբաղում ինչ ուզեն՝ կանեն, այնտեղ բոլոր պաշտոնյաները պիտի հրաժարական տան, բոլոր կառույցները պիտի լուծարվեն, և միայն դրանից հետո իրենք կմտածեն՝ նրանց նկատմամբ «մեղմացումներ» և համաներում կիրառե՞լ, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ ասվածը վերաբերում է ոչ միայն Արցախի իշխանություններին, այլև ամբողջ արցախահայությանը, իսկ «համաներում կիրառել-չկիրառելու» խոսույթը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Արցախում ապրող 120 հազար հայերին ընկալում է որպես հանցագործներ։

Ի՞նչ պիտի անեն այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները։ Քանի որ Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցները հանցագործներ չեն՝ բնականաբար, ուզած-չուզած պիտի պաշտպանեն նրանց ու Արցախի հայաթափում թույլ չտան։ Կամ էլ՝ պիտի համաձայնվեն Ալիևի հետ, այսինքն՝ ընդունեն, որ 120 հազար հայերը հանցագործներ են, դրանով իսկ «արդարացնեն» նրանց նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները և վերջնականապես «լվանան ձեռքերը»։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է «լվանալ ձեռքերը» ու դրա համար արդարացում է փնտրում, հավատացեք՝ ցանկացած պահի առանց աչք թարթելու կարող է հայտարարել, թե «այո, Արցախում մեր հայրենակիցներն են ապրում, բայց միջազգային օրենքների առջև բոլորը հավասար են․․․» և այլն։ Ու Վահագն Խաչատուրյանն իր տխմար հայտարարությամբ փաստորեն «ցրցամ տվեց» այդ ուրացումը՝ փաստացի ասելով, որ արցախյան պատերազմը դեռևս 90-ականներին հայկական կողմն է սկսել, այսինքն՝ ագրեսորը Ղարաբաղն էր, հետևաբար՝ Ադրբեջանը բոլոր հիմքերն ունի Արցախում ապրող ցանկացած չափահաս մարդու վերաբերվել որպես «ռազմական հանցագործի» ու ինքը կորոշի՝ ո՞ւմ «համաներել» և ո՞ւմ «պատժել»։ 

Այնպես որ՝ սա պատահական «բլթոց» չէր։ Սրանք իրենց կաշին փրկելու համար պատրաստ են անգամ 30 տարի առաջ մեր ձեռք բերած փառավոր հաղթանակը ներկայացնել որպես «ագրեսիա» և «ռազմական հանցագործություն»։ Ու չզարմանաք, եթե հաջորդ քայլը լինի «ռազմական հանցագործներից» մի քանիսին միջազգային տրիբունալին հանձնելը։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ