Զուգադիպություն էր, թե ոչ, բայց Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից Հայաստանից Արցախ վերադարձողների «անձնագրային ստուգումներ» կոչված շոուն կազմակերպվեց ապրիլի 30-ին՝ ճիշտ և ճիշտ «Կոլցո» օպերացիայի 32-րդ տարելիցի օրը։ 1991 թ․ այդ օրն էլ ադրբեջանական օմօն-ը խորհրդային (փաստացի՝ ռուսական) բանակի հետ միասին տանկերով ներխուժեց Շահումյանի, Հադրութի ու Շուշիի հայկական բնակավայրեր և «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով ամբողջովին տեղահանեց 24 գյուղ։ Արդյունքը՝ մոտ 100 զոհ, մի քանի հարյուր գերեվարվածներ։ Ավելորդ է հիշեցնել, որ ադրբեջանցիները նախապես հայտարարել էին, թե ովքեր չեն ուզում ընդունել իրենց գերիշխանությունը՝ պիտի հեռանան, ու նախապես անջատել էին այդ բնակավայրերի էլեկտրականությունն ու հեռախոսակապը։
Այսօր Ադրբեջանը փաստացի նույն «Կոլցո» օպերացիան է իրականացնում՝ նույն պատրվակներով, նույն մեթոդներով, նույն վերջնանպատակով, նույն դերակատարներով և նույն «նախապատրաստական աշխատանքներից» հետո։ Այլ հարց է, որ 32 տարի առաջ մենք կարողացանք անցնել այդ փորձության միջով ու վերադարձնել կորցրածը։ Ինչպե՞ս։ Ռուսները հեռացան, Հայաստանն ու Ադրբեջանն էլ անկախացան ու մնացին դեմ-հանդիման։ Ու թեև Հայաստանի և Ադրբեջանի «ստարտային պայմանները» նույնը չէին (Հայաստանը երկրաշարժից ավերված էր ու շրջափակման մեջ), բայց մեծ հաշվով՝ խնդիրն այն էր, թե երկու նախկին խորհրդային հանրապետություններից ո՞րն ավելի արագ կկայանա որպես անկախ պետություն, ու Հայաստանը հաղթեց այդ մրցապայքարում։ Եթե ավելի պարզ՝ Հայաստանը հաղթեց, որովհետև գործում էր որպես ինքնիշխան պետություն, և սկսեց շարժվել դեպի պարտություն այն պահից, երբ որոշեց հրաժարվել ինքնիշխանությունից։
Իհարկե՝ պարզունակ ընկալմամբ, ինքնիշխան են այն երկրները, որոնք ունեն սեփական դրոշ, զինանշան, օրհներգ, բանակ, դրամ և այլն, իսկ այդ «ատրիբուտներից» որևէ մեկը Հայաստանը չի կորցրել, հետևաբար՝ շարունակում է մնալ ինքնիշխան երկիր։ Մեր դեպքում, սակայն, իրական ինքնիշխանության չափորոշիչն այլ էր։ Եթե մենք իսկապես ուզում էինք պահպանել մեր ինքնիշխանությունը՝ պիտի հարևանների հետ խնդիրները լուծեինք մեր կարողությունների և ռեսուրսների առավելագույն հնարավորությունների սահմաններում, և ոչ թե ձգտեինք այնպիսի լուծման, որը հնարավոր է (եթե ընդհանրապես հնարավոր է) միայն ուրիշների օգնությամբ։ 1998-ին, ահա, մենք որոշեցինք «խուրդել» մեր ինքնիշխանությունը՝ հույս ունենալով, որ դրա դիմաց ռուսները կօգնեն Ադրբեջանից ստանալ ավելին, քան այդ երկիրը պատրաստ էր տալ, կամ նրանց թույլ չեն տա վերադարձնել կորցրածը։
Այդ ընթացքում և դրան հաջորդած տարիներին, ի դեպ, Հայաստանում և Արցախում քարոզվում էր ուժի պարզունակ պաշտամունքը՝ «միջազգային իրավունքը հիմնված է բացառապես ուժի վրա», «ուժն է ծնում իրավունք», «քաջերի սահմանն իրենց զենքն է» և այլն։ Իսկ ինչո՞ւ պարզունակ։ Որովհետև միջազգային իրավունքն իսկապես էլ հիմնված է ուժի վրա, բայց «ուժ» ասելով միայն բանակը նկատի ունենալը մանկամտություն է։ Բանակը որևէ պետության հավաքական ուժի բաղադրիչներից ընդամենը մեկն է, իսկ փոքր երկրների համար շատ ավելի կարևոր բաղադրիչներ կան՝ խելացի արտաքին քաղաքականությունը, իրատեսական նպատակներ սահմանելն ու դրանց հասնելու ճանապարհին հուսալի և ուժեղ դաշնակիցներ գտնելը, ժամանակակից տնտեսությունը, կազմակերպված հասարակությունը, և այլն։ Որևէ երկրի ուժ այդ բաղադրիչների համադրությամբ է որոշվում, և ոչ թե միայն տանկերի թվով, հետևաբար՝ «ուժն է ծնում իրավունք» ասելով առաջին հերթին պետք էր նկատի ունենալ մտքի ուժը։ Իսկ ինքնիշխանությունից փաստացի հրաժարվելուց հետո Հայաստանում մեծ արագությամբ հենց մտքի ուժը սկսեց ոչնչացվել։ Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ «Ղարաբաղի հարց չկա, մենք այդ հարցը լուծել ենք» ասող Քոչարյանը պարծենում էր, որ ինքը գիրք կարդացող չէ, ու տեսախցիկների առջև կամ տուռնիկից էր կախվում, կամ բասկետբոլ խաղում։
Բայց վերադառնանք «Կոլցո-2» օպերացիային։ Դրա աղետալի հետևանքներից խուսափելու միայն մի ձև կա՝ Հայաստանը պիտի վերագտնի իր ինքնիշխանությունը և փորձի այդ հարցը կարգավորել պետական մակարդակով։ Հայաստանի այսօրվա իշխանությունները դա չեն անում, ավելին՝ «պետական մակարդակով» հայտարարում են, որ դրա հետ ընդհանրապես գործ չունեն, դա ռուս-ադրբեջանական տիրույթում է։ Հետևաբար՝ պետական մակարդակով ինչ-որ բան անել հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո։ Ընդ որում՝ ժամանակը քիչ է։
Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի հաջորդ ուղերձը լինելու է այն մասին, որ «Ստեփանակերտի բնակիչներն իրենց տները վառելու դեպքում կզրկվեն փոխհատուցումից»։
Մարկ Նշանյան