Քոչարյանական «Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել, որտեղ իշխանություններին քննադատել է անցյալը կեղծելու մեջ։ Գրել են, մեջբերում ենք. «Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։
Կարելի է այս կամ այն կերպ վերաբերվել երկրի նախկին նախագահներին, ընդունել կամ չընդունել նրանց շատ տեսակետներ, բայց պատմությունը կեղծել կտրականապես չի կարելի թույլ տալ»:
Էս նախաբանից հետո ներկայացրել են, թե որն է իրականությունը, ինչ են արել Հայաստանի նախկին ղեկավարները: Հապա, հապա, տեսնենք:
Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած աշխատանքի վերաբերյալ մի նախադասություն են գրել. «Իր կառավարման տարիներին ռազմական հաջողությունների ամենաթեժ պահերին կարողացել է Հայաստանը զերծ պահել դրսի կոշտ քայլերից»: Վերջ, ուրիշ ոչ մի բան, Տեր-Պետրոսյանը արցախյան պատերազմում այլ դերակատարություն չի ունեցել:
Քոչարյանի մասին գրել են. «Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում, իսկ որպես Հայաստանի նախագահ՝ արել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար։ Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 92 զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մոտ 500։ Սա է կոչվում խաղաղություն պարտադրել և խաղաղության ձգտել»։ Սա համառոտ ենք ներկայացրել, ավելի երկար է տեքստը, թե ոնց է Քոչարյանը փրթել, մորթել, թիքա-թիքա արել Ադրբեջանին, խզարել դիվանագիտական ասպարեզում:
Սերժ Սարգսյանի մասին. «Ունենալով զգալի մասնակցություն հաղթանակի հարցում, պաշտոնավարման ողջ ընթացքում հանդես է եկել խելամիտ զիջումների և երկարաժամկետ խաղաղության օգտին։ Շատ ավելի վաղ, քան նախագահ դառնալը «Աղդամը մեր հայրենի՞քն է» հռետորական հարցի դեմ «Հայկական Ժամանակը» երևի մի 100 հոդված գրած կլիներ։ Արդեն որպես նախագահ՝ Ս. Սարգսյանը փորձել է հակամարտությունից տարանջատ լուծում գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում, իսկ Ադրբեջանի հետ գնացել է Կազանյան պայմանագրի ստորագրմանը, որը ենթադրում էր խելամիտ զիջումներ, բայց և՝ երկարատև խաղաղության մեխանիզմներ և հեռանկար»: Այստեղ էլ է տեքստը երկար: Հիմնական ասելիքն այն է, որ Սերժը ուզում էր զիջումների գնալ, բայց խելամիտ կերպով, չափի մեջ, թուրքերի հետ արիշ-վերիշներ էր անում, բայց դե, ոչինչ, ուտվում էր: Քոչարյանի չափ չկար, բայց էլի լավ էր:
Հիմա Քոչարյանի այս պրոյեկտին հարց ենք տալիս. սա՞ էր ձեր պատմություն չկեղծելու փորձը: Իշխանություններին քննադատում են, թե պատմություն ու անցյալ են կեղծում ու բռնում հետևից հեքիաթների մի շարան են ներկայացնում: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը պատերազմի ժամանակ մենակ սիրուն ելույթներ է դրսում ունեցել, մի քիչ օգուտ է տվել Քոչարյանին, որը մենակով հաղթել է Ադրբեջանին: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը պետության հետ կապ չի ունեցել, բանակի կազմավորման հետ կապ չի ունեցել, պատերազմի ժամանակ ռազմական օպերացիաների պլանավորման հետ կապ չի ունեցել, անհրաժեշտ քանակի զենք-զինամթերքի մատակարարումների հետ կապ չի ունեցել, այդ զիմամթերքը, ՀՕՊ համակարգերը, ամեն ինչ ինքն իրեն է Արցախ հասել: Ուղղակի Լևոնը Հայաստանը զերծ է պահել դրսի կոշտ քայլերից:
Ուզում է, հարյուր հատ նախագծեր ու պրոյեկտ լինեք, ուզում է՝ «Զիլի» նասկի հագնեք, «Դոլչե գաբանե» կոստով ման գաք, մեկ է, մնալու եք նույն էժանագինը, մանրը, ու ձեր էությունը չի փոխվելու ամենագեղեցիկ փաթեթավորումներով, սահուն ձևակերպումներով, լոլո տեքստերով: Որովհետև... ճիշտ է, սողալու համար ծնվածը երբեք չի թռչելու:
Այնքան էժանագին, որ նույնիսկ Խոսրով Հարությունյանին ավելի շատ բան են վերագրել ու նրա մասին գրել, քան՝ Առաջին նախագահի: Ու էն էլ ի՞նչ են գրել, անհավատալի է. «1992-ին՝ փակ սահմանների և ընթացող պատերազմի պայմաններում Հայաստանում հացի պաշարը հաշված օրերի էր մնացել։ Վարչապետ Խոսրով Հարությունյանին հաջողվել է գաղտնի նամակագրության, հետո՝ հեռախոսային բանակցությունների արդյունքում Թուրքիայի վարչապետ Դեմիրելին (նախագահը Թ. Օզալն էր) համոզել Հայաստան ուղարկել մեծ քանակությամբ հացահատիկ»:
Բա, Խոսրով Հարությունյանը՝ Հայաստանի վարչապետներից ամենաանհաջողը, պարզվում է, ինքն է Թուրքիայի միջոցով հացահատիկը Հայաստան բերելու գործը հաջողացրել: Դրա հետ էլ, Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը, Լիպարիտյանը, ոչ ոք կապ չի ունեցել: Մի քիչ էլ ոգևորվեն, կարող է հաջորդ անգամ Խոսրովի հետ Քոչարյանի անունն էլ նշեն:
Թե բա՝ պատմությունը կեղծել կտրականապես չի կարելի թույլ տալ:
Հ.Գ. Բայց թույն է, որ Քոչարյանին ներկայացրել են՝ պատերազմում հաղթող, Սերժ Սարգսյանին՝ զգալի մասնակցություն ունեցող: