...

Ինտելիգե՞նտ, թե՞ intelligence

Ինտելիգե՞նտ, թե՞ intelligence

Հայաստանում այսօր նախընտրական իրավիճակ է։ Ըստ այդմ, մտավորականների դերը առանձնակի կարևորվում է, քանի որ ընտրության արդյունքների վրա մեծ ազդեցություն պետք է ունենան հենց մտավորականները։ Իսկ ինչպիսի մտավորականություն մենք ունենք։ Ի՞նչ է արդյոք փոխվել վերջին 20 տարում։ ՌԵՏՐՈ խորագրի այս թողարկմամբ ներկայացվող «Չորրորդ իշխանություն» թերթի 20 տարվա վաղեմությամբ հրապարակումը անցյալի ու ներկայի համեմատության հնարավորություն է տալիս։
 
ՏՂՄՈՒՏ          

Եթե դուք պատահականորեն հարցնեք անգլիացի ջենտլմենին, թե ինտելիգե՞նտ է նա արդյոք, քաղաքավարի կպատասխանի. «Ես այլ հաստատությունում եմ աշխատում, sir»: Բացատրենք. ինտելիգենտ բառը անգլերեն նշանակում է հետախուզություն:

Շարունակելով բանասիրական պրպտումները, նշենք, որ լատիներեն ինտելիգենտ բառը նշանակում է «մտածող»: Ինտելիգենցիան կարող է լինել բուրժուական, բուրժուականորեն սահմանափակված, շահագործող, նեխած և վերջապես ժողովրդական: Այսքանն էլ փիլիսոփայական բառարանից: «Ինտելիգենտությունը հոգեվիճակ է»,- ասել է Դոստոևսկին: «Այդ ինչ ինտելիգենտ ես, եթե հարյուր կիլոգրամ չես կարող բարձրացնել»- սա էլ մի ծանոթ խորհրդային զինվորական էր սիրում ասել: Ես կարող էի ինտելիգենտ բառի բնորոշումները շարունակել մինչև անվերջություն, բայց դադարում եմ, քանի որ հոդվածի համար հատկացված թերթի տարածքը սահմանափակ է: Իսկ հեղինակը ջանում է հասկանալ, թե ովքեր են իրենց հայ ինտելիգենտ անվանողները: Արդյոք բոլոր ինտելիգենտները մտավորակա՞ն են և արդյոք բոլոր մտավորականնե՞րն են ինտելիգենտ: 

Ուրեմն այսպես, սիրելի հայրենակից: Նրանից հետո, երբ անցած յոթ տասնամյակների ընթացքում բուրժուական, բուրժուականորեն սահմանափակված և նեխած ինտելիգենցիան վերացավ, հրապարակի վրա մնաց միայն բանվորա-գյուղացիական՝ նույնը ինքը ժողովրդական ինտելիգենցիան՝ համալրված ՎՊՇ-ների և ՎԿՇ-ների շրջանավարտներով, ինչպես նաև քառամյա դպրոցների սաներով: Նոր ձևավորվող ինտելիգենցիան անմիջապես իրեն ազգի սերուցք հայտարարեց և պահանջեց, որ պետությունը իրեն կերակրի: Այն հարցին, թե ինչու պետք է պետությունը կերակրի ինտելիգենտներին, ոչ ոք խելքը գլխին պատասխան չէր կարող տալ, ինչպես նաև ոչ ոք չէր կարող ասել, թե ինչո՞ւ ԱՄՆ կառավարությունը չէր կերակրում Ջեկ Լոնդոնին: Վերջապես ամենախելոք ինտելիգենտն ասաց. «Իսկ մենք ձեզ կգովենք»: Մի խոսքով, ՎՊՇ-ականները գովում էին, տերերը կերակրում էին, իսկ հազվադեպ դժգոհներին ուղարկում էին նույն տեղը, ուր ժամանակին ուղարկել էին բուրժուական, բուրժուականորեն սահմանափակված և նեխած ինտելիգենցիային: Այսինքն՝ դժգոհներ առանձնապես չկային, քանի որ անցած յոթանասուն տարում հայ ինտելիգենցիան չի ստեղծել որևէ բան, որն արժանի լիներ արգելվելու:

Ոչ, մեր մոտ շատ օրինապաշտ ինտելիգենցիա էր: Եթե հայհոյում էր՝ ապա ժողովրդի թշնամիներին, դաշնակ-մուսավաթականներին և NATO-ի անդամ Թուրքիային: Եթե գովաբանում էր՝ ապա առաջին քարտուղարներին, տորգի պետերին և իքի-բիր խորովածի ու չալաղաջի արանքում Անդրանիկ փաշային: Ի դեպ այս անդրանիկախառն քֆուր-քյաֆարը NATO-ի անդամ մեր դարավոր թշնամու հասցեին մեկ կարևոր դեր էլ էր կատարում: Այն պետք է հետ պահեր թեթևամիտ երիտասարդությանը անկախության գաղափարից: Էլ ինչո՞ւ է պետք անկախությունը, եթե առանց այդ էլ կարող ենք ազատ հայհոյել թուրքերին և արժանավայել տապակվել մեր հազարամյա պատմության յուղում: Միևնույն ժամանակ գազազած Թուրքիայի ուրվականով հեշտությամբ կարելի էր վախեցնել անհեռատես ջահելությանը: Այս պարագայում հայ (ի դեպ, ինչպես նաև ողջ սովետական) ինտելիգենցիան կատարում էր intilligence-ի ֆունկցիաները: Իսկ հիմա: Հիմա ամեն ինչ փոխվել է, որովհետև գոնե տասը տարում իշխանությունները չէին պահանջում, որ իրենց գովաբանեն: Դրա փոխարեն սեղանի գլուխ չէին նստեցնում, իքի-բիր-չալաղաջով չէին հյուրասիրում և Անդրանիկի մասին կենաց խմել չէին առաջարկում (երևի թե այն պատճառով, որ իրենք էլ այդ պատմությունը լավ գիտեին): Եվ բանվորա-գյուղացիական, իսկ այժմ քաղաքական իրավիճակի փոփոխման պայմաններում խորապես ազգային դարձած ՎՊՇ-ական ինտելիգենցիան գազազեց:

Իշխանությունները դարձան ապազգային, ժողովուրդը՝ տգետ, անկախության գաղափարը՝ զազրելի, ժողովրդավարությունը՝ ծաղրանքի արժանի, ազատականությունը՝ կործանարար: Չստանալով խորովածի բաղձալի թիքեքը, նրանք սկսեցին կարոտով հիշել կոմունիստական անցյալը, կաթիլ առ կաթիլ թունավորելով երիտասարդությանը՝ կոչ անելով վերադառնալ այն անցյալ, որից Գարեգին Ա կաթողիկոսի (որն, ի դեպ, ոչ միայն ռաբֆակ չէր ավարտել, այլև ոչ մի ներբող չէր գրել առաջին քարտուղարներից որևէ մեկի հասցեով և, հետևաբար, ինտելիգենտ չէր) գերեզմանի շունչ է փչում: Մի՞թե նրանք մոռացել են, որ կան 1937 և 1949: Մոռացել են, որովհետև 1937-ին Չարենցին էին տանում, Խորեն կաթողիկոսին էին խեղդամահ անում (նա էլ ՎՊՇ չէր ավարտել և հետևաբար ինտելիգենտ չէր), իրենց ձեռք չէին տալիս, 1949-ին խեղճ ու կրակ հայրենադարձներին և անմեղ գյուղացիներին էին Ալթայ քշում և ոչ իրենց: Թե չէ եթե բոլորին քշեին, էլ ով էր տերերին ներբողներ երգելու:

Տարօրինակ է, բայց այսքանից հետո ինտելիգենտ կոչեցյալներին լսում են: Լսում են այդ մտածողներին, կարծես մենք բոլորս զուրկ ենք այդ ունակությունից: Մի՞թե մենք չենք հասկանում, որ նրանց վերապահելով մտածողի դերը, մենք մեզ ենք նսեմացնում: Իսկ գուցե չկա ինտելիգենտ հասկացողություն: Գուցե սխալ է մարդկանց բաժանել մտավորականների և ոչ մտավորականների: Գուցե մարդ կարող է լինել պարզապես պարկեշտ և ոչ պարկեշտ: Մեկ-երկու բառ էլ կասեի, բայց ինչպես գրում էր Վիլյամ Սարոյանը, որը ՎՊՇ չէր ավարտել և հետևաբար ինտելիգենտ չէր. «Իմ ծննդավայրում մարդիկ բարեկիրթ են»:

Գարիկ Պողոսյան 

Հ.Գ. Խնդրում եմ ներել հեղինակին: Իքի-բիր, չալաղաջ, տորգի պետ, ՎՊՇ, ՎԿՇ և այլ բառերը ոչ թե հարազատ բանասիրականի, այլ ինտելիգենցիայի հետ շփման արդյունք են:

«Չորրորդ իշխանություն», No 132, 12 հունվարի, 2001թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ