...

Իրադրությունը դեռ լարված է

Իրադրությունը դեռ լարված է

Անհանգստացնող հայտարարությունների տեղապտույտում

Արցախում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: «Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- ասված է հաղորդագրությունում:

Իր հերթին հայտարարություններով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնությունը։ Մոսկվան հույս է հայտնել, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ «Մենք հույս ունենք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ավելի հեռուն է գնացել՝ հուսալով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։ «Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- նշել է Մատվիենկոն։ 

Հավելենք նաև, որ ՌԴ խաղաղապահների տելեգրամյան ալիքում գրառում է տեղադրվել, որտեղ ասված է․ «Մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են կողմերի շփման գիծը Փառուխ բնակավայրի ավերակների տարածքում, ինչով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը»։ Գրառումից տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պահուստներն առաջ քաշելու որոշում է կայացրել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։ «Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ»,- ասված է տելեգրամյան ալիքում։

Ի դեպ՝ երեկ ուշ երեկոյան ՀՀ Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված։ «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,- նիստից հետո նման հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

Այս հայտարարությունը երեկվանից ակտիվորեն քննարկվում է սոցիալական հարթակում։ Շատերը կանխատեսում են, որ սա հնարավոր պատերազմի մասին զգուշացնող հայտարարություն է։ Առհասարակ, պատերազմի վտանգի մասին գրառումներն այսօր գերակշռում են սոցիալական մեդիայում։ Քչերն են բացառում պատերազմի հավանականությունը։ Օրինակ՝ Սամվել Բաբայանը մի քանի օր առաջ բացառեց, որ կարող է պատերազմ սկսել։ Բոլոր դեպքերում իրավիճակի լարվածության մասին այսօր ահազանգում են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները։ ՌԴ-ն շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերը հետ քաշելու ուղղությամբ։

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ