...

Իրական դավաճանության մասշտաբները

Իրական դավաճանության մասշտաբները

Չէ, հոդվածը նոր չի գրվել: Չի գրվել այս պատերազմական օրերին: Պատահական համընկնում է: Թերևս «պատահական» բառը տեղին չէ, քանի որ և՛ 2015 թվականին՝ հոդվածը գրելու պահին, և՛ դրանից հետո՝ մինչև 2018 թվականը, երբ էլ վերահրատարակվեր, այն արդիականությունը կորցրած չէր լինելու: Իսկ եթե այսօր պատերազմում չլինեինք, հոդվածի հրապարակումը կընկալվեր որպես նախկինների հետևից ընկնելու հերթական դրսևորում:

«Չորրորդ իշխանություն», 11 դեկտեմբերի, 2015 թ.

Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը բավականին լարված է, և շատերն են գտնում, որ 1994թ. հրադադարից հետո պատերազմի վերսկսման հավանականությունը երբևէ այսքան իրական չի եղել։ Եվ ահա այս իրավիճակում ամերիկյան Global Financial Integrity կազմակերպությունը զեկույց է հրապարակում, որի համաձայն` 2004-2013 թվականներին Հայաստանից անօրինական ճանապարհով դուրս է բերվել մոտ 9,8 միլիարդ դոլար։

Հայաստանի համար սա ահավոր մեծ թիվ է։ Ընդ որում` առավել մտահոգիչ է այն, որ այդ թիվը տարեցտարի աճում է։ Օրինակ` 2004-ին երկրից դուրս է բերվել 403 միլիոն, իսկ արդեն 2013-ին` մեկ միլիարդ 848 միլիոն։ Ուշադրություն դարձրեք` խոսքը միայն անօրինական ճանապարհով երկրից դուրս բերված գումարների մասին է, իսկ դա, հասկանալի է, շարքային քաղաքացիները կամ առանց իշխանությունների անմիջական հովանավորության աշխատող բիզնեսմենները չէին կարող անել։ Բայց ենթադրենք` այդ գումարի կեսը «պատահական մարդիկ» են դուրս բերել երկրից։ Էլի ստացվում է, որ մյուս կեսն այսպես թե այնպես երկրի բարձրաստիճան ղեկավարներն ու նրանց անմիջական հովանավորյալներն են հանել։ Խոսքն այդ դեպքում տարեկան առնվազն 920 միլիոն դոլարի մասին է (2013-ի տվյալներով), այսինքն` երկու անգամ ավելի շատ, քան Հայաստանի պաշտպանության ոլորտի բյուջեն է։

Միանգամից ասենք, որ սա միայն Հայաստանի պրոբլեմը չէ. ամեն տարի զարգացող երկրներից մոտ մեկ տրիլիոն դոլար է դուրս բերվում անօրինական ճանապարհով (հասկանալի է` հիմնականում դեպի «զարգացած Արևմուտք»)։ Մեխանիզմն էլ ընդհանուր գծերով պարզ է` Արևմուտքը զարգացող երկրներում մեծ ներդրումներ է անում և այնպիսի տնտեսական մոդել է ստեղծում և քաղաքական համակարգ կառուցում, որ ներդրված գումարների կրկնակի-եռակին հետ հոսի դեպի իրեն (այդ թվում` նաև անօրինական ճանապարհով)։ Մեծ հաշվով` հենց սրա վրա էլ հիմնված են ժամանակակից աշխարհի ֆինանսական համակարգն ու Արևմուտքի հզորությունը։ Բայց փաստը մնում է փաստ` կոնկրետ Հայաստանի դեպքում կա մարդկանց մի խումբ, որն ամեն տարի երկրից ապօրինաբար դուրս է բերում երկու անգամ ավելի շատ փող, քան հատկացվում է բանակին։ Եվ սա` այն դեպքում, երբ պատերազմի շեմին ենք, պատերազմն էլ (եթե չկարողանանք խուսափել) ընթանալու է ժամանակակից զինատեսակներով, որոնց ձեռքբերման համար անհրաժեշտ աստղաբաշխական գումարները Հայաստանը չունի։ Այսինքն` փաստացի տեղի է ունենում պետական դավաճանություն, որովհետև այդ գումարները գողացվում են պաշտպանության ոլորտից, և այդ գումարների պակասը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ պետության համար։

Այստեղ տեղին կլիներ հիշեցնելը, որ տարիներ առաջ արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամեն մեկը մոտ 3-4 միլիարդ դոլարի կարողություն ունեն։ Բան չունենք ասելու, գուցե այդ թվերը չափազանցված են ու շատ էլ հավաստի չեն, բայց ամեն դեպքում` այդ մարդիկ հաստատ աղքատ չեն ու հաստատ «արտասահմաններում» կարգին կարողություններ ունեն։ Ընդ որում` միայն իրենք չեն, առնվազն մի քանի տասնյակ մարդիկ կան, որոնք «դրսերում» տեղը տեղին հիմնավորվել են ու մուլտիմիլիոնատերեր են։ Հիմա հարց է ծագում` կարելի՞ է այդ մարդկանց մեղադրել պետական դավաճանության մեջ, թե՞ ոչ։ ԱԱԾ-ն, օրինակ, ադրբեջանական հատուկ ծառայություններին տեղեկություններ հաղորդած սպա է ձերբակալում ու պետական դավաճանության մեղադրանք ներկայացնում (և շատ էլ ճիշտ է անում), բայց այդ ոչ բարով սպան շատ-շատ մի երկու դիրքերի սպառազինության մասին տեղեկություններ կարող էր հայտնել, մինչդեռ Հայաստանից տարեկան մեկ միլիարդ դոլար «հանողների» գործունեության հետևանքով մեր բանակի սպառազինությունը երկու-երեք անգամ ավելի քիչ է, քան կարող է (և պետք է) լիներ։ Այլ կերպ ասած` կասկածներ կան, որ իշխանական կաբինետներում շատ ավելի լայնամասշտաբ դավաճանություն է տեղի ունենում։ Իսկ կասկածները հիմնված են այն ենթադրության վրա, որ հազիվ թե հնարավոր լիներ Հայաստանից տարեկան մոտ երկու միլիարդ դոլար դուրս բերել առանց իշխանությունների գիտության։ Ընդ որում` մեզ չպիտի մխիթարի այն փաստը, որ ամեն տարի Ադրբեջանից համարյա 15 միլիարդ է դուրս բերվում։ Նրանք իրենց նավթի «ձրի» փողերն են դուրս բերում, մենք` մեր մի կերպ վաստակածը։

Այնպես որ` իրավիճակը շատ ավելի լուրջ է և անմիջականորեն առնչվում է անվտանգության խնդիրներին։ Եվ այս իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել միայն դատարկ ճառերով կամ հուզիչ ելույթներով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2766 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ