...

Ոչինչ չզիջելու տեխնոլոգիան

Ոչինչ չզիջելու տեխնոլոգիան

«Չորրորդ իշխանություն» թերթի 2014 և 2016 թթ. տպագրած ստորև ներկայացվող նյութերը հստակ պատասխաններ են այսօր ստեղծված պատերազմական դրության խորքային պատճառներին:

«Չորրորդ իշխանություն», մայիսի 14, 2014 թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի, ապաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններից հետո մեզանում վճռական պատասխանների շքահանդես սկսվեց` տասնյակ մտավորականներ, ազատամարտիկներ, երկրապահներ, քաղաքական գործիչներ և ուրիշներ սկսեցին հայտարարել, թե մենք ոչ մի թիզ հող չենք զիջելու, մենք մեր հայրենիքն ենք ազատագրել և այլն։

Հայաստանի իշխանությունները, իհարկե, ընդունել են Մադրիդյան սկզբունքները (փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ երեկ վերահաստատեց դա), իսկ այդ սկզբունքներով նախատեսվում է, որ հայկական կողմը պիտի ոչ թե «մի թիզ» հող զիջի, այլ առնվազն վեց շրջան։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Իհարկե մենք այդ տարածքները ոչ թե գրավել ենք, այլ ազատագրել, և իհարկե` չենք ցանկանում զիջել։ Բայց տարածքներ չզիջելը ձև ունի, պիտի ձևը իմանալ։ Ճիշտ այնպես, ինչպես ազատագրելը։ Հասկանալի է, չէ՞, որ եթե պատերազմի ժամանակ հայ զինվորները շարվեին շփման գծի երկայնքով և ընդամենը երգեին «հասնեինք Սասուն, մտնեինք Վան», դրանից տարածքները չէին ազատագրվի։ Անհրաժեշտ էր մշակել ռազմական գործողությունների պլան, զորքն ապահովել տեխնիկայով ու զինամթերքով, նախապատրաստել անհրաժեշտ կոմունիկացիաները և այլն։ Նույնն էլ տարածքները չզիջելու դեպքում է։ Դա շատ ավելի բարդ գործ է, հետևաբար` ավելի լուրջ աշխատանք է պահանջում։ Միայն «ոչ մի թիզ չենք զիջի» ասելով ոչինչ չի ստացվի։ Ուրեմն ի՞նչ պիտի անենք, եթե իսկապես ուզում ենք ոչինչ չզիջել։ Ավելի ճիշտ` ի՞նչ պիտի անեինք, որ մինչև հիմա չենք արել։

1. Պետք էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո վերաբնակեցնել ազատագրված տարածքները։ Առաջին քայլերն արվեցին, բայց 2000 թվականից սկսած գործընթացը փաստացի կասեցվեց։ Կարելի է, իհարկե, պատճառաբանություններ գտնել` մարդիկ չկան, ֆինանսական միջոցներ չկան և այլն, բայց դրանք ընդամենը պատճառաբանություններ են։ Նույն 2000 թվականից հետո Հայաստանից դուրս է բերվել մոտ 7 միլիարդ դոլար։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում մեկը չկա, որ արտասահմանում լրջագույն բիզնեսներ չունենա։ Նրանք ներդրումներ են արել և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, Անգլիայում, Էմիրաթներում, Աֆրիկայում, մի խոսքով` որտեղ ասես, բացի ազատագրված տարածքներից։ Մինչդեռ այդ 7 միլիարդի ընդամենը մեկ քառորդով կարելի էր ազատագրված տարածքները դրախտ դարձնել` առնվազն 300 հազար բնակչությամբ։

2. Եթե ի սկզբանե որոշել էինք, որ մի թիզ հող չենք զիջելու, պետք էր հրաժարվել միջնորդների ծառայություններից կամ նվազագույնի հասցնել նրանց դերակատարումը։ Դրա փոխարեն պետք էր ուղղակի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ և շատ արագ կարգավորել խնդիրը, քանի դեռ ուժերի հարաբերակցությունը մեր օգտին էր, և Ադրբեջանը դեռ ուշքի չէր եկել։ Դրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանության գալուն պես ձևացրեցին, թե Ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, ինքնագոհ շփեցին ձեռքերն ու անցան անձնական խնդիրները լուծելուն։ Այդ ընթացքում Ադրբեջանը հզորացավ ու հիմա ինքն է ուժի դիրքերից խոսում, միջնորդներից յուրաքանչյուրն էլ առաջնորդվում է բացառապես սեփական շահերով։

3. Պետք էր Հայաստանը դարձնել կատարյալ ժողովրդավարական երկիր և բոլոր պայմաններն ապահովել տնտեսական ազատ մրցակցության համար, որովհետև երկարատև դիմակայման պայմաններում դա մեր միակ ռեսուրսն էր։ Եթե նավթը ծնում է կոռուպցիա, շրջափակումը պիտի կարգուկանոն ծներ։ Բայց մեզանում կարգուկանոնի փոխարեն նույնպես կոռուպցիա ծնվեց։ Ի վերջո` մենաշնորհներ, օլիգարխներ, համատարած աղքատացում և արտագաղթ։ Պարզ ասած` Հայաստանը թուլանում է։ Այն դեպքում, երբ ոչ մի թիզ հող չզիջելու որոշումը կարելի է ապահովել միայն բանակով, իսկ բանակին անհրաժեշտ է ընդամենը երկու բան. մարդկային ռեսուրսներ և փող։

Եզրակացությունը շատ պարզ է։ Եթե մենք իսկապես վճռական ենք ոչ մի թիզ հող չզիջելու հարցում (իսկ դրանում կարելի է չկասկածել` ցանկացած հանրաքվե ցույց կտա, որ հասարակության 99 տոկոսը չի ցանկանում զիջել), պիտի համապատասխան քայլեր անենք։ Այն է` պիտի ապահովենք, որ Հայաստանում լինեն նորմալ իշխանություններ, որոնք.

1. երկրում տնտեսության զարգացման նորմալ պայմաններ կստեղծեն, հավասար մրցակցային դաշտ կստեղծեն և կկասեցնեն արտագաղթը,

2. շատից-քչից ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու կամք կունենան։

Կունենանք այդպիսի իշխանություններ` գուցե դեռ կարողանանք ինչ-որ բան անել, չենք ունենա` մեզ ոչ մեկը չի հարցնի, ուզո՞ւմ ենք որևէ բան զիջել, թե՞ ոչ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1106 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ