...

Իրավապաշտպանը՝ կորոնավիրուսի թիկնապահ

Իրավապաշտպանը՝ կորոնավիրուսի թիկնապահ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի հաշտվելու այն մտքի հետ, որ ՍԴ գործող կազմը վերջին ժամանակներն է ապրում։ Մարդը չի ուզում ասել, որ ես թքած ունեմ հեղափոխության վրա, որ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ իշխանություն ունենա, իսկ ինքը կամ իր նմանները՝ ոչ։ Չէ։ Ասում է․ «Հանրապետականը խորամանկություն արեց Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելով, բայց օրենք չի խախտել։ Պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ դա եղել է»։ 

Այսինքն, ո՞նց։ Մարդը նստի, սեփական ճակատագրի մասին Սահմանադրություն գրի, բոլոր կետերը հարմարեցնի ցմահ ՍԴ նախագահ լինելուն, մյուսները հաշվի՞ նստեն դրա հետ։ Այսինքն, տհաճության թեթև զգացումը հերի՞ք է, կանգնեցնե՞նք հանրաքվեն։ Որովհետեև ՀՀԿ-ն օրենք չի՞ խախտել։ Քաղաքակիրթ աշխարհում նման մտքերից հետո չեն նայում, որ դու իրավապաշտպան ես, հետաքննություն են սկսում հասկանալու համար, թե ձե՞զ ինչ շահեր են կապում։ Որովհետև օրենքը կարելի է գրել նաև ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ մարդու իրավունքների։ Ստալինն էլ օրենք չէր խախտում, երբ մարդուն բառի բուն իմաստով քաղաքական հոդվածներով Սիբիր էր ուղարկում, հոդվածը քրեական օրենսգրքում կար։ Մարդը օրենք չէր խախտում։ Հետո՞ ինչ, որ ոչ մի մեղավոր էդ օրենքն անգամ չէր խախտել։ 

Ընդհանրապես իրավապաշտպանն ու՞մ շահերն է ներկայացնում: Մենք Հրայր Թովմասյան ունե՞նք Սահմանադրություն զոհաբերելու։ Ինչ-որ մեկը պիտի բացատրի՞ պարոն Իշխանյանին, որ էդ օրենքը, որը չպետք է խախտվի, կրծած է։ Իրեն պե՞տք է կրծած օրենք։ Գուցե։ Մեզ պետք չէ։ Իրեն պե՞տք է Հրայր Թովմասյան։ Հնարավոր է։ Մեզ պետք չէ։ Ասում է՝ գործող ՍԴ-ն ներկայիս իշխանություններից հոգեբանական կախվածություն չունի։ Այ սա լավագույն փաստարկն է այս ՍԴ-ից ազատվելու, որովհետև եղել է մի իշխանություն, որից ունեցել է հոգեբանական կախվածություն։ Մենք էլ ենք դա ասում։ Ինձ նույնիսկ գործող իշխանության դիրքորոշումն այս հարցում հետաքրքիր չէ։ ՍԴ-ն չպետք է կախվածություն ունենա կամ չունենա։ ՍԴ-ն պետք է անիմաստ դարձնի հենց իրավապաշտպանների գոյությունը։ Որովհետև, ինչպես տեսնում ենք, իրավապաշտպանները բլթցնում են, ունեն հոգեբանական կախվածություն։ ՍԴ-ն այնքան պրոֆեսիոնալ և վերիշխանական պետք է լինի, որ որևէ իշխանություն վախենա, որ իր հարցերը հասնեն այնտեղ։ Նախկինները չեն վախեցել։ Նախկիններն ունեցել են գրպանային ՍԴ և այս Հայաստանն ամենևին գործ չունի մի անգամ արդեն օգտագործված ու փչացած ՍԴ-ի հետ։ Ու շատ վատ է, որ իրավապաշտպանը մտնում է այդ փչացածության մթնոլորտ ու խոսում օրենքից, որը այս ՍԴ-ի դիմադրողականության հիմնական զենքն է։ 

Հեղափոխությունը խոսում է «կորոնավիրուսից», ինչի՞ մասին է խոսում իրավապաշտպանը։ Մարդիկ արձանագրել են վարակի օջախը, վարակի օջախի լեգիտիմությունը ո՞րն է։ Նա ինքն է ստեղծել իր «լեգիտիմությունը», ինքն է Հայաստանը 2015-ին հարմարեցրել իր «լեգիտիմությանը»։ Չենք ուզում, հասկանու՞մ եք։ Ոչ մի Ալվինա Գյուլումյան ու Ֆելիքս Թոխյան կամ Հրայր Թովմասյան նոր ժամանակների հագով չեն։ Պրոֆեսիոնա՞լ են այս մարդիկ, ինչպես, ի դեպ, համոզված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է, Աստված իրենց հետ։ Հայաստանը օրենքի մեկ տառի շահ չի ունեցել նրանց պրոֆեսիոնալիզմից։ Ընտրությունները վկա։ Իսկ Հրայր Թովմասյանը չի էլ թաքցնում, որ «հավատարմությունը սրտի արատ չէ»։ Իհարկե, պրոֆեսիոնալ է, իհարկե, կարող է նաև հակառակ Սահմանադրություն գրել, բայց մենք էդ մասի՞ն ենք խոսում։ Մենք ասում ենք՝ «ֆաշիզմի» ժամանակ դու պաշտոն ես զբաղեցրել, դու նրա արյունատար անոթները մաքրել ես առողջ օրգանիզմներից, որովհետև «կորոնավիրուսն» էր նրա կենսունակությունը։ Հետո զբաղեցրել ես մի պաշտոն, որը էդ «կորոնավիրուսի» թիկնապահն էր։ Իսկ իրավապաշտպանը նստում է լրագրողի առաջ ու ասում՝ գիտե՞ք, մի թիկնապահ էլ ես եմ։ Լավ։ Բայց նոր Հայաստանից հեռու։ Կլինի՞։

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ