...

Իրավատիրության և ուզվորության տարբերությունը

Իրավատիրության և ուզվորության տարբերությունը

Հայաստանում շատերը ցինիզմի գագաթնակետն են համարում այն «սրտացավությունը», որով Ռուսաստանն ու միջազգային հանրությունը, 9 ամիս շարունակ մատը մատին չխփելով Արցախի լիակատար շրջափակումն ու հումանիտար աղետը կանխելու համար, այսօր՝ երբ այնտեղ արդեն գործնականում ոչ մի հայ չկա, խոսում են «Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի», «էթնիկ հայերի իրավունքների», նրանց վերադարձն ապահովելու անհրաժեշտության, «խաղաղապահ առաքելության» շարունակության և այլնի մասին։ Ու տարակուսում են՝ մի՞թե այդ տարատեսակ չինովնիկներն ու հատկապես «ռուս գործընկերները» չեն հասկանում, որ այնտեղ արդեն հայեր չկան, հետևաբար՝ իրենց «խաղաղապահ առաքելությունն» ավելորդ է՝ ճաշից հետո առաջարկված մանանեխի պես։

Իրականում այդ չինովնիկներն ամեն ինչ շատ լավ հասկանում են, այդ մե՛նք չենք հասկանում, թե ինչի համար է արվում այդ ամենը։ 
Բանն այն է, որ 25 տարի շարունակ հայկական Արցախի անվտանգ գոյությունը եղել է այն հիմնական «խայծը», որի շնորհիվ, օրինակ, Ռուսաստանը կարող էր «արխային լինել», որ Հայաստանն իր ֆորպոստային կարգավիճակից փախչելու տեղ չունի՝ «а куда они денутся?»։ Հիմա հայկական Արցախն այլևս գոյություն չունի, բայց խայծի անհրաժեշտությունը մնում է, հետևաբար՝ պետք է նոր խայծ մոգոնել։ Ու ամենահարմարը «100 հազար հայերի՝ Ղարաբաղ վերադառնալն ապահովելու» իբր իրական հնարավորությունն է։ Ռուսաստանի կարծիքով՝ եթե Հայաստանում հավատան, որ դա իսկապես հնարավոր է, պիտի «հաշվարկեն» նաև, որ դա կարող են ապահովել միայն ռուսները, հետևաբար՝ էլի «փախչելու տեղ չեն ունենա»։ Ընդ որում՝ Արևմուտքին էլ է ձեռնտու, որ Հայաստանում շարունակեն Ղարաբաղը նորից հայաբնակ դարձնելու պատրանքներ ունենալ, բայց՝ միջազգային մեխանիզմների ներքո, որովհետև դա կօգնի շարունակել խաղարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը։ 

Այս ամենի մեջ ցինիզմ չկա, սովորական բիզնես է։ Ճիշտ այդ տրամաբանությամբ են գործում նաև կազինոները։ Հասկանալի է, չէ՞, որ դրանց գործունեության նպատակը մարդկանց հաշվին հարստանալն է, բայց որևէ կազինո իր գովազդային հոլովակում չի ասի «եկեք մեզ մոտ, որպեսզի ձեր ունեցվածքը տանուլ տաք ու հարստացնեք մեզ», հակառակը՝ կասեն «եկեք, խաղացեք, շահեք ու հարստացեք»։ Ու երբ մեկն իր մոտի ողջ գումարը տանուլ տա՝ նրան չեն ասի «դե լավ, հերիք է, գնա տուն», հակառակը՝ կթփթփացնեն ուսին, մի բաժակ խրախուսական կոնյակ կտան, կասեն «մի՛ վհատվիր, շարունակիր խաղալ, որովհետև տանուլ տվածդ վերադարձնելու իրական հնարավորություն կա»։ Հիմա այդ նույնը մեզ հետ են անում՝ համոզելով, որ հայկական Արցախը դեռ կարելի է վերադարձնել, ու դրանով իսկ շարունակում կախվածության մեջ պահել։ Որովհետև դեռ ամեն ինչ չէ, որ տանուլ ենք տվել, էլի՛ տանուլ տալու բաներ ունենք։

Իրականում այսօրվա իրողությունների պայմաններում հայկական Արցախը վերադարձնելու շանս չկա։ Եթե անգամ մի քանի հազար հայեր վերադառնան այնտեղ՝ դա չի լինելու հայկական Արցախ, դա լինելու է ադրբեջանական Ղարաբաղ, որտեղ նաև հայեր են ապրում՝ անվտանգության ինչ-ինչ թղթե երաշխիքներով։ Այլ հարց է, որ երբևէ հայկական Արցախի վերականգնման իրավունքը պետք է միջազգայնորեն ամրագրել և պահպանել, պարզ ասած՝ «փաստաթղթավորել» իրավատիրությունը և ամեն ինչ անել, որպեսզի զարգանանք ու փորձենք մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել մեր այդ իրավունքը։ Իսկ եթե փորձենք այդ նույնն անել նվնվալով և ուրիշների օգնությամբ՝ դա լինելու է ոչ թե իրավատիրություն, այլ սովորական ուզվորություն։ Որը, ի դեպ, բոլորին է ձեռնտու, որովհետև ուզվորին մանիպուլացնելն ու հանուն սեփական շահերի օգտագործելն ավելի հեշտ է, ընդ որում՝ դրա դիմաց դատարկ խոստումներ տալով ու հետագայում դրժելով, որովհետև միջազգային հարաբերություններում նվնվացող ուզվորին տրված խոստումը գրոշի արժեք չունի։

Այնպես որ՝ չարժե հերթական անգամ կուլ տալ խայծը։ Եթե անգամ խայծն ուրիշ է՝ միևնույն է,  կարթը բռնողներն էլ են նույնը, նպատակներն էլ։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ