Euronews-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից»։
Եթե Ադրբեջանի հանրությանը մի կողմ թողնենք, Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է՝ «մեր հանրությունը պետք է ինձանից խաղաղություն պահանջի»։ Այսինքն՝ խաղաղության բացակայության պատճառն այն է, որ մեր հասարակությունն իրենից խաղաղություն չի պահանջում, կամ էլ՝ լա՛վ չի պահանջում, ինչ-որ թիթիզ պայմաններ է առաջ քաշում՝ որ այդ խաղաղությունը, «վիձիծե լի», պիտի արժանապատիվ լինի, տևական լինի, իսկական լինի, Արցախում էլ հայեր ապրեն․․․ Մի խոսքով՝ շատ կամակոր հասարակություն է․ «խաղաղություն է ուզում, արժանապատիվ է ուզում, բանն էլ հետն է ուզում»։ Այ եթե այդ պայմանները չլինեին, և մեր հասարակությունը Նիկոլից խաղաղություն պահանջեր ցանկացած գնով, ինքը «նաղդ ապահովող էր»։
Հասկացա՞ք ենթատեքստը։ Նիկոլ Փաշինյանն աշխարհով մեկ հայտարարում է, թե հայ հասարակությունը խաղաղություն չի ուզում, այսինքն՝ փաստացի կրկնում է Ալիևի այն թեզը, թե Ադրբեջանի ագրեսիվ մաքսիմալիզմի պատճառը հայկական կողմի ռևանշիստական ձգտումներն են։ Հետաքրքիր է՝ Նիկոլի այս պատասխանը նո՞ւյնպես ադրբեջանական կողմի պահանջն էր։