Գրող Ալվարդ Պետրոսյանը՝ Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանին, ասել է.
«Ժիրայր Լիպարիտյանը թուրքի հաց է կերել և մոռացել է, թե որտեղից է սերվել, ինչ սերունդից է: Զարմանալի բան է, բայց չարագուշակ է իր ներկայությունը. ամեն անգամ, երբ այդ արարածը հայտնվում է, Հայաստանին կամ Արցախին վտանգ է սպառնում: Լիպարիտյանի այդպիսի նվիրվածությունը թուրքերին փաստում է, որ նա թուրքական գործակալ է և սնվում է թուրքական լիրայով։
Լիպարիտյանը հայտնվեց հիմա, որովհետև դրսից օգնություն են կանչել, և որևէ պարկեշտ մարդ չէր գա օգնելու»:
Մինչ կանդրադառնանք հուշտռիկների խավի հերթական ներկայացուցչի խոսքերին, ուղղակի հետաքրքիր է, թե Ալվարդ Պետրոսյանը վերջին անգամ երբ է խոսել, միտք հայտնել, իր մասին հիշեցրել: Մի քիչ բզբզեցինք ինտերնետում, վերջին մեկ ամսում հաստատ նման բան չի եղել, ամենաթարմը այս տարվա մայիսին է եղել: Ուրիշ բան չգտանք: Այսինքն՝ ամիսներ շարունակ ծպտուն չի հանել: Թեպետ այդ ընթացքում տասնյակ իրադարձություններ են եղել. հայ-ադրբեջանական հարաբերություններ, կրակոցներ, դատավարություններ, գերիներ, զոհեր, ներքաղաքական քացիներ և այլն: Նույնիսկ Վանո Սիրադեղյանի մահվան վերաբերյալ ձայն չի հանել:
Եվ եթե ցանկանում եք, որ մարդը կենդանության նշաններ ցույց տա, բավական է ասել, որ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում է:
Մեզ մինչև հիմա թվում էր, որ եթե մի տեղ Դաշնակցությո՛ւնն է հայտնվում, հայ ժողովրդին վտանգ է սպառնում: Դե, փաստերը դա են ասում: Նույնիսկ ոչ թե վտանգ է սպառնում, այլ աղետի է ենթարկվում: Ոնց որ թե Լիպարիտյանը 1920 թվին Հայաստանում չի եղել:
Ասում է՝ թուրքերին նվիրված է, սնվում է թուրքական լիրայով: Կարո՞ղ է Լիպարիտյանն էր գնում, Թալեաթի գիրկն ընկնում, հետը եղբայրություն անում՝ մի քանի լիրայի ու մի քանի մանդատի դիմաց: Երիտթուրքերին ո՞վ էր այնքան նվիրված, որ Ադանայի կոտորածները չտեսնելու տվեց:
Բայց էս սաղ հեչ. ամենաապշեցուցիչը Ալվարդ Պետրոսյանի այն միտքն է, որ Լիպարիտյանին ստիպված են կանչել օգնության, քանի որ որևէ պարկեշտ մարդ չէր գա օգնելու: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասել: Ասում է՝ ջհանդամ, թե այս իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում Արցախը կտան, տարածքային զիջումներ կանեն, պետության գոյությունը վտանգի տակ կդնեն, պետք չի իրենց հուշել, խորհուրդ տալ, օգտակար լինել, ով այդպիսի բան անի, նա անպարկեշտ է: Այսինքն՝ հիմա որ գան, դաշնակներին ասեն՝ նեղ վիճակում ենք, խնդրում ենք, մեզ օգնեք, ասեք՝ ոնց անենք, պատասխանելու են՝ էդ էր պակաս, ինչ ուզում եք արեք, մենք պարկեշտ մարդիկ ենք: Այ, Սյունիքը, օրինակ, կհանձնեք, նոր մենք ձեզ հետ կխոսենք: Սա դաշնակցական գործելաոճերից ամենադաշնակցականն է: Մի անգամ Հայաստանի կեսը հանձնել են թուրքերին, որոնց հետ քիրվայություն (էս բառը իրենք շատ են սիրում) էին անում, հիմա սպասում են, որ էն մի կեսն էլ հանձնեն, որ հայրենիքը փրկելու իրենց առաքելությունը լիակատար լինի: