Երկար լռությունից հետո ԱԺ նախկին պատգամավոր, արձակագիր, դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը կայքերից մեկին ծավալուն հարցազրույց է տվել։ Հա, ներողություն, վերջերս «Հայելու առաջ» էր։
Անկեղծ ասած, եթե հարցազրույցը լիներ օտար երկրներից մեկի մամուլի համար, մի կերպ կարելի էր հասկանալ, բայց մեր նորագույն պատմությունը բոլորիս հայտնի է։ Մի բան, որ ծավալուն հարցազրույցում կարմիր թելի պես է անցնում, այն է, որ մտավորականը ատում է սեփական ժողովրդին։ 2018 թվականին, երբ ամբողջ ժողովուրդն էր փողոց դուրս եկել, տիկին Ալվարդն ասում է, որ ամբողջ ժողովուրդը չի եղել, դա ամբոխն է եղել, այնուհետև շարունակում է․ «Մարդուն կանգնեցնում, հարցնում ես՝ ինչո՞ւ ես դեմ նախկիններին և ինչո՞ւ ես Նիկոլին կողմ, բան չեն կարողանում ասել»:
Ապա, անդրադառնալով իր համար ամենացավոտ խնդրին՝ մեղադրյալ Քոչարյանին, ասել է, որ Լևոնի ժամանակ սողացող հակաղարաբաղյան քարոզչություն է գնացել, և լույս չունենալը Արցախով էին պայմանավորել ու թալանել են երկիրը, Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք անհեթեթությամբ: Ավերակի վերածված երկիրն ու ժողովուրդն էլ Քոչարյանն է եկել, ուշքի բերել ու լույսի մեջ պահել, և ամբոխը չի գնահատել, ցանկացել է բռնապետ ունենալ։
Տիկին Ալվարդի հիշողության հետ ինչ-որ բան այն չէ։ Ընթերցողի հիշողությունը կարճ չէ, իսկ մենք տիկին Ալվարդի համար փորձենք վերհիշել։ Քոչարյանի գործունեությունը եղել է հրապարակային, և ոչ մի քարոզչություն չէր կարող ազդեցություն ունենալ, Քոչարյանի 10 տարվա թողած հետագիծը հակաքարոզչություն է։ Քոչարյանը նախագահի աթոռը զբաղեցրել է 1998 թվականին, իսկ արդեն էներգետիկ ճգնաժամը հաղթահարված էր 1995թ, երկիրն ու ժողովուրդը լույսի մեջ էին։ Իսկ հիմա սա հակաքարոզչություն է, թե՞ փաստի արձանագրում։
Այնուհետև դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանը դարձրեց ՌԴ-ի մարզերից մեկը՝ իր դիրքերն ամրացնելու համար, և մեր ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնեց օտարին «գույք պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագրով։ Իսկ հիմա, որ համաշխարհային շուկայում վառելիքի գինը նվազում է, գազի գինը իջեցնելու Հայաստանի առաջարկին Գազպրոմ-Արմենիան գազի գնի բարձրացման հայտ է ներկայացնում։ Քոչարյանի թեթև ձեռքով մեր էներգետիկ ոլորտը օտարի ձեռքում է։ Խաղաղ ցուցարարների վրա կրակելը ժողովրդավարություն է, թե՞ բռնապետություն։ Դեռ չենք էլ թվարկում մնացած ավերածությունները, որ Հյուսիսային պողոտա էր կառուցում և երկնիշ տնտեսական աճ արձանագրում։ Հիմա սա հակաքարոզչություն է, թե՞ փաստի արձանագրում։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ տիկին մտավորականն ասում է, որ Լևոնի ժամանակ սողացող հակաղարաբաղյան քարոզչություն է գնացել, և լույս չունենալը Արցախով էին պայմանավորել ու թալանել են երկիրը, Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք անհեթեթությամբ, սա երևույթները գլխիվայր շրջել է նշանակում։ Այն, որ ինքն է ասում, թե Քոչարյանը եկավ ժողովրդին ու երկիրը լույսի մեջ պահեց, սա պատերազմի հաղթանակը վարկաբեկելու քարոզչության հիմնական մեխն է եղել դաշնակների և Վազգեն Մանուկյանի կողմից: Տիկին արձակագիրը մի քիչ այլ կերպ է ձևակերպում, որ «ցրտի և մթի» չի ասում, ասում է՝ ավերակներ և լույս չունենալ։ Ոչ ոք չի ասել, թե Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք։ Խոսքը Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին է եղել, ինչը նույնպես գլխիվայր շրջում է տիկին մտավորականը։
Այո, մինչև Արցախի խնդիրը խաղաղ կարգավորում չունենա, մենք շրջափակման պայմաններում լավ չենք ապրելու։ Անցած քսան տարիներն էլ ապացուցեցին։ Իսկ դաշնակցական տիկնոջ հարազատ կուսակիցն էլ ասում էր, որ 4 հարևաններից 3-ի հետ ճակատ ունենք, Քոչարյանի ԱԳՆ հայտարարում էր, որ դեռ 100 տարի էլ շրջափակման պայմաններում կզարգանանք։ Իհարկե, Քոչարյանն ու իր մերձավորները երկրի ու ժողովրդի հերն անիծելով՝ զարգացան և կուտակեցին անասելի չափերի հասնող հարստություն։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ տիկին Ալվարդն ասում է, թե մարդուն կանգնեցնում, հարցնում ես՝ ինչո՞ւ ես դեմ նախկիններին և ինչո՞ւ ես Նիկոլին կողմ, բան չեն կարողանում ասել, այս պարագայում նույնպես տիկին Ալվարդն անկեղծ չէ։ Այսինքն՝ դաշնակցական տիկինն ասել կուզի, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի,թե ինչու է Նիկոլին ընտրել, ամենևին էլ նախկիններին մերժելու պատճառ չի եղել, անկապ ամբոխ է եղել։ Հետաքրքիր է, էս նախադասությունը բարձրաձայնելիս ի՞նչ է մտածել մտավորական տիկինը։ Ժողովուրդը նախկիններին մերժում էր, որ ապրի իրավական երկրում, որ իր իշխանությունն ինքն ընտրի, որ ինչքան ուզեն՝ էդքան չխփեն, երկրից վերանա կոռուպցիան, արտագաղթը, բանակում զինվորի հացը չգողանան ու դղյակներ չկառուցեն, և այսպես շարունակ։
ՀՀ քաղաքացին հրաշալի գիտի, թե ինչի է մերժել նախկիններին և ինչու է ընտրել Նիկոլին, մնում է, որ Ալվարդ Պետրոսյանն էլ իմանա։ Թե ինչքանով իրականություն կդառնան ՀՀ քաղաքացու ցանկությունները, ապագան ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է՝ դաշնակցական տիկնոջ սիրելի նախկիններին վերադարձ չկա։ Երկարաշունչ էր հարցազրույցը, երբ հասնում ես վերջաբանին, մի բան ես մտածում՝ տեսնելով քսան տարվա ավերածությունները, մղձավանջը, տիկին մտավորականը ո՞նց կարող էր իրականությունից այդքան հեռանալ։ Հենրիկ Հովհաննիսյանը կասեր՝ իսկ ո՞ւր է մտավորականի խիղճը։ Կորել է մտավորականի խիղճը։
Ջավահիր Այվազյան