...

Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակված նամակը խիստ արդիական զգուշացում է

Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակված նամակը խիստ արդիական զգուշացում է

Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, փորձում է խաթարել ձեր «ազգային-հայրենասիրական» աղմկոտ անդորրը: 2015-ին գրած, բայց միայն վերջերս հրապարակված նրա նամակը և Սերժ Սարգսյանի պատասխանը պետության նկատմամբ վերաբերմունքի և լրջության թեստ են: Նիկոլ Փաշինյանին էլ չմոռանանք, թեպետ նրա դերը 2015-ին դեռ որոշիչ չէր: Բայց…

Տեսնենք՝ ինչ էր գրում ՀՀ առաջին նախագահը Գագիկ Հարությունյանին և Սերժ Սարգսյանին: Ահա մի հատված նամակից.

«1․ Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։

2․ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։

3. Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»:

Նախագահն առանձնացրել է այն երեք վտանգները, որոնց մասին չի խոսել ավելի վաղ հրապարակած «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի վտանգներով հղի արկածախնդրություն» հոդվածում: Ինչպես տեսնում ենք, վտանգներից երրորդը իրականություն է դառնում, իսկ առաջինն ու երկրորդը մենք չենք տեսնում, չենք ուզում տեսնել ճիշտ այնպես, ինչպես չտեսանք երրորդը հանրաքվեից և պատերազմից առաջ:

Նամակում Լ. Տեր-Պետրոսյանը Ս. Սարգսյանին խնդրում է հետաձգել հանրաքվեն՝ թուլացնելով ներքաղաքական լարվածությունը: Ենթադրում ենք, որ Սերժ Սարգսյանը պետք է գիտակցեր իր պատասխանատվությունը պետության նկատմամբ և ներքաղաքական խնդիրները թողնելով ապագային՝ զբաղվեր արտաքին մարտահրավերներով: Այսինքն՝ սեփական իշխանությունը վտանգելով՝ փրկեր Հայաստանն ու Արցախը վերահաս աղետից, որի մոտալուտ լինելը չէր կարող չըմբռնել: Բայց Սերժ Սարգսյանը Գագիկ Հարությունյանի ձեռամբ պատասխանում է.

«Լևոն բարև, ես խոսեցի։ Սերժը ծանոթացավ նաև նամակին։ Մտահոգություններդ հիմքեր ունեն։ Սակայն հանրաքվեի հետաձգումն իրավական առումով այլևս անհնարին է»:

Ահա այսպես: Հանրաքվեն հետաձգելու անհնարինության մասին խոսում է մի մարդ, որն ինչքան ուզում խփում էր: Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս: 

Հետո Սերժ Սարգսյանին պետք է պաշտպաներ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը հռչակելով կեղծ օրակարգ: Այս աջակցությունը, իհարկե, անշահախնդիր չէր: Ն. Փաշինյանը 2017-ին արդեն ԵԼՔ դաշինքով պետք է հայտնվեր հայոց խորհրդարանում,իսկ 2018-ին դառնար վարչապետ:  Բայց դառնանք Սերժ Սարգսյանին: 

Անհեթեթ սահմանադրությունը Հայաստանի գլխին փաթաթելուց հետո գոնե պետք է լրջանար: 2016-ի ապրիլյանը պետք է սթափեցներ իշխանությանը, բայց կարծես հակառակը եղավ: Ինչո՞ւ: Որովհետև Սերժ Սարգսյանին այդ ժամանակ հաջողվեց համեմատաբար փոքր կորուստներով դուրս գալ իրավիճակից: Հիշենք նաև, որ նա դեռ ՀՀ նախագահն էր, դեռ 2018-ը չէր, երբ պետք է դառնար ՀՀ վարչապետ անսահման լիազորություններով և չնչին պատասխանատվությամբ: Այսինքն՝ իշխանությունը հավերժացնելու ծրագիրը դեռ լիակատար իրականություն չէր: Եվ Արցախյան խնդիրը դարձյալ մղվեց երկրորդ պլան… Իսկ վտանգներն ահագնանում էին: Կարծում ենք Ս. Սարգսյանը մտածում էր, որ իրեն կհաջողվի զիջումների գնալ, եթե պատերազմ սկսվի: Ընդ որում՝ զիջումների գնալ արագ՝ առանց մեծ զոհաբերությունների, և պահպանել իշխանությունը: Ի դեպ, նույնը կաներ նաև Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր փորձում է ներկայանալ որպես ավելի կարծր դիրքորոշում ունեցող, սակայն պնդում է՝ եթե ինքը լիներ Հայաստանի ղեկավար, պատերազմ չէր լինի: 

Համոզված ենք, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին արագ կկողմնորոշվեին, կփորձեին ամեն գնով դադարեցնել պատերազմը: Նիկոլ Փաշինյանի պլաններն ուրիշ էին, և հիմա պարտված ենք, որովհետև ազգովի, այո՛, ազգովի չանսացինք բանականության ձայնին: (Հիշեցնենք՝ մեր հասուն քաղաքացիների միայն 1,5 տոկոսն է քվեարկել պետության պահպանման իրական ծրագրի օգտին և՛ 2017- ին, և՛ 2021-ին):

Կանխելով ընթերցողների հարցը՝ ինչո՞ւ ենք փորփրում անցյալը, նշենք՝ սա անցյալ չէ: Լ. Տեր-Պետրոսյանը ոչինչ պատահաբար չի հրապարակում: Սեփական անձը գովազդելու կարիք ևս երբեք չի ունեցել և չունի:

Հրապարակված նամակը զգուշացում է: Թե՛ այս փաստաթղթում, թե՛ դրան նախորդող հոդվածում ընդգծված վտանգները հաղթահարված չեն: Եվ այս պայմաններում մենք չունենք համարժեք իշխանություն, ընդդիմություն և մտավորականություն, որ կկարողանար կարևորն անկարևորից զատել: 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ