Այսօր ԱԺ-ում քննարկման դրվեց նախագիծը` Հրայր Թովմասյանի բացակայության պայմաններում: Նա պատշաճ իրազեկվել էր, սակայն գերադասել էր բոյկոտել իրեն վերաբերող քննարկումը եւ այդ մասին հայտարարություն տարածել: Փոխարենը նախօրեին հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզին» եւ մի շարք ուշագրավ մտքեր էր հայտնել:
Նա քաղաքական էր որակել «Իմ քայլ»-ի սկսած գործընթացը, որի նպատակն, ըստ իրեն, մեկ է` «քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրությանը»։
Պարոն Թովմասյանը քանի որ մինչեւ ՍԴ նախագահ դառնալը նախկինում եւս աշխատել է այդ դատարանում, ապա պետք է քաջ իմանա, որ այս մարմնի` անցած տարիների աշխատաոճի տրամաբանությունը եղել է ճիշտ հակառակը. ՍԴ-ն եղել է եւ է արգելապատնեշ` ՀՀ-ում սահմանադրական արդարադատության իրականացման ճանապարհին: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական որոշումներին ստոպ ասելուն, ապա պարոն Թովմասյանին պետք է հիշեցնենք, որ ՍԴ-ն քաղաքական որոշումներ մեկնաբանող ու դրանց «ստոպ» ասող ատյան չէ: Քաղաքական որոշումները, որքան գիտենք, մեկնաբանվում են եւ դրանց «ստոպ» է կամ «փլեյ» է տրվում քաղաքական մարմիններում:
Իսկ եթե նախկին ՀՀԿ-ականը կասկած ունի, որ ապագայում այնպիսի քաղաքական որոշումներ են կայացվելու, որոնք հակասելու են Սահմանադրությանը, ապա սա եւս կարեւոր հուշում է, որ նա պետք է թողնի ՍԴ նախագահությունն ու կատարելագործի գուշակություններ անելու իր կարողությունը: Ինչ իմասնաս, գուցե դրանից հետո ականատես լինենք նոր Մեսսինգի հայտնությանը:
Հ.Գ. Թե ինչ ելք կունենա այդ գործընթացը` խնդրի միայն մի կողմն է: Խնդրի մյուս` այսպես ասած բարոյական կողմը այն կեցվածքն է, որը ցուցաբերում է ՍԴ նախագահը: Համանման կեցվածք էր ցուցաբերում նաեւ Սերժ Սարգսյանի ռեժիմը եւ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ լեգիտիմ չէ, խրոխտ շարունակում էր պաշտոնավարումը:
Այսինքն`գործում էր «միակ ճշտի», «ինչ անում ենք` լավ ենք անում» տրամաբանությամբ`վերջնականապես իզոլացվելով հասարակությունից ու կրիտիկական վիճակի հասցնելով առկա ճգնաժամը: Իսկ թե ինչպես հանգուցալուծվեց այդ ճգնաժամը անցյալ տարվա ապրիլին` հայտնի է բոլորին: