...

ԼՂ «կարգավիճակի» ռուսական նշաձողը

ԼՂ «կարգավիճակի» ռուսական նշաձողը

Եվ այսպես, Ռուսաստանը շատ հստակ ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում Արցախի ապագա կարգավիճակն Ադրբեջանի կազմում։ Սերգեյ Լավրովը նախ փաստացի հաստատեց իր խոսնակի այն դիտարկումը, որ Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորը չէ, ապա որպես «Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության» մոդել բերեց Կոսովոյի սերբական համայնքների միության (ԿՍՀՄ) օրինակը։ 

Քանի որ առաջիկայում Հայաստանում ու Արցախում այս թեմայով հաստատ բուռն բանավեճեր են ծավալվելու՝ փորձենք ներկայացնել, թե ինչ «մոդելի» մասին է խոսքը, ինչ է նախատեսվում դրա իրականացման դեպքում, և ինչու է մեր դեպքում այդ մոդելի կիրառումը ոչ միայն անընդունելի, այլև գործնականում անհնար։

Սկսենք նրանից, որ ԿՍՀՄ հարցում Սերբիայի և Կոսովոյի միջև կան լրջագույն տարաձայնություններ։ Սերբիան դա ընկալում է որպես ինքնավարություն, իսկ Կոսովոն՝ ընդամենը որպես տեղական ինքնակառավարման մոդել։ Տարբերությունը, կարծում ենք, հասկանալի է։ Ինքնավարությունը ենթադրում է հստակ տարածք՝ իր սահմաններով, և գործադիր իշխանություններ, իսկ տեղական ինքնակառավարման մոդելը ենթադրում է, որ Կոսովոյի սերբական համայնքներում քաղաքային և գյուղական իշխանությունները (ՏԻՄ-երը) իրավունք ունեն կազմակերպել համայնքների ներքին կյանքը, բայց համայնքների տարածքից դուրս որևէ իրավասություն չունեն և չեն կարող տնօրինել, օրինակ, համայնքային սեփականություն չհանդիսացող անտառները, ջրային ռեսուրսները, ընդերքը, ճանապարհները և այլն։ Արցախի դեպքում այս մոդելը կնշանակեր, օրինակ, որ ասենք՝ Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքային իշխանություններին իրավունք է տրվում ունենալ հայկական դպրոցներ, պահպանել սեփական կրոնը, մշակույթը և այլն, բայց «միջհամայնքային տարածքներն» անվերապահորեն պատկանում են Ադրբեջանին։ Սա, բնականաբար, ոչ միայն անընդունելի է, այլև անգամ քննարկման ենթակա չէ։ 

Բայց ենթադրենք՝ քննարկվում է (ի վերջո առաջարկողը Ռուսաստանն է)։ Կարո՞ղ է արդյոք աշխատել այդ «մոդելը»։ Կոսովոյի սերբերի դեպքում դա կարող է աշխատել երկու պատճառով։ Առաջին՝ բանակցությունների միջնորդը Եվրամիությունն է, որը ոչ միայն իսկապես ցանկանում է կարգավորել հակամարտությունը (որպեսզի Սերբիան վերջնականապես պոկի ռուսական ազդեցության գոտուց), այլև ազդեցության լրջագույն լծակներ ունի և՛ Սերբիայի, և՛ Կոսովոյի նկատմամբ, և երկրորդ՝ և՛ Սերբիային, և՛ Կոսովոյին կարգավորումն իսկապես պետք է։ Մեր դեպքում՝ ոչ Ռուսաստանին է պետք հարցի վերջնական կարգավորում, ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին ու Արցախին (այդ տարբերակով), Ռուսաստանն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու իրական լծակներ չունի, Հայաստանն էլ չի կարող բանակը մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի բերել ու զորքերը մոտեցնել Ադրբեջանին՝ եթե հանկարծ այդ երկիրը որոշի ճնշել «Ղարաբաղի հայկական համայնքներին» (Սերբիան հենց այդպես վարվեց, երբ Կոսովոյում մի քանի սերբ ոստիկաններ ձերբակալվեցին, ու դա նրանց ստիպեց շատ արագ ազատ արձակել ձերբակալվածներին)։ 

Այնպես որ՝ Ռուսաստանի պատկերացումները ԼՂ ապագա «կարգավիճակի» վերաբերյալ, մեղմ ասած, անընդունելի են և ավելի շուտ նման են որևէ կարգավիճակ չունենալու հեռանկարի հետ համակերպվելու հորդորի։ Այլ հարց է, որ այդ տարբերակով Ռուսաստանը հնարավորություն է ստանում դեռ որոշ ժամանակ մնալ Արցախում և «ապահովել ԼՂ հայկական համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը», բայց դա, բնականաբար, հանգեցնելու է ոչ թե խնդրի կարգավորման, այլ նոր բախումների և Արցախի հայաթափման փորձերի։ 

Մնում է հասկանալ, թե որպես այլընտրանք ինչ է առաջարկում «Արևմուտքը» (եթե ընդհանրապես որևէ բան առաջարկում է), և ինչ ռեսուրսներ ունի Հայաստանը՝ Ռուսաստանի հավանությանն արժանացած «վերջնական կապիտուլյացիան» մերժելու հնարավոր հետևանքների դեմն առնելու համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ