...

Մահ, մահ ընտրություններին

Մահ, մահ ընտրություններին

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չեն թողնելու՝ արտահերթ ընտրությունները կայանան․ «Մինչև արտահերթ ընտրությունները՝ ինքը պետք է գնա։ Ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է և արտահերթ ընտրություններ են լինում։ Ոչ մի եթե-ներ, մինչև ինքը չգնա, ոչ մի արտահերթ ընտրություն Հայաստանում չի լինելու։ Կամ ընտրությունը վերածվելու է աստված գիտի, թե ինչ ընդհարումների Հայաստանի ներսում։ Կռիվ է լինելու մինչև վերջ։ Մի մասը կգնա, մի մասը չի գնա։ Ամեն մի քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու, դա՞ է ինքը ուզում»։

«ՉԻ». Ապշելու բան է: Ազգի փրկիչի լոգիկային նայեք, էլի: Ինքը դեմ է արտահերթ ընտրություններին, որովհետև ընտրություններում արյուն է թափվելու: Դե հա, հայ ժողովրդի բազմահազարամյա պատմությունից գիտենք, որ եթե Վազգեն Մանուկյանը իշխանություն վերցնելու փափագ ունի, ապա ընտրությունները վերածվելու են բախումների, արյունահեղության, գլուխ և ճաղեր ջարդելու գործողությունների:

Հետաքրքիր է, որ Վազգեն Մանուկյանը չի ասում, թե այդ ինչու քվեատուփերի մոտ պիտի կռիվ լինի, արյուն թափվի: Չի ասում, բայց մենք հո գիտենք, թե իր փորացավը որն է: Որովհետև արտահերթ ընտրությունների դեպքում 1 տոկոս վարկանիշ ունեցող գործիչն առանց կեղծիքների չի կարող իշխանություն վերցնել: Դա բացառված է: Եթե ընտրակեղծիքների մեքենան Վազգեն Մանուկյանի և նրա կողքին կանգնած ուժերի ձեռքում չլինի, ոչ մի արդյունքի չեն հասնելու: Իրենք դա շատ լավ գիտակցում են:

Իսկ արյուն կթափվի, որովհետև ստիպված են լինելու կեղծիքների դիմել, լցոնումներ ու կարուսելներ անել, դա փորձելու են թույլ չտալ ու սրանք պատրաստ են այդ դեպքում գնալ ծայրահեղ միջոցների: Վազգեն Մանուկյանի ասածը սա է: 

Հ.Գ. Ընդհանրապես, հայ ժողովրդին խորհուրդ կտանք վալիդոլի պաշարներ կուտակել: Երեկ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն առանց վալիդոլի հնարավոր չէր լսել: Այնպիսի բաներ էր ասում, թող ու փախի: Մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում: Հետո ալիքը փոխում ես, Վազգեն Մանուկյանին ես լսում, էլի վալիդոլի կարիք է զգացվում: Երնեկ ենք տալիս ճաղատներին, որոնց մազերը բիզ-բիզ չեն կանգնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ