Հայկական ընտրությունների առանձնահատկություններից մեկը նոր ուժերի որոնումն է: Ընդ որում՝ կանխավ հայտարարվում է, որ այդ նորը պետք է լինի մաքուր: Մաքուր մարդիկ պետք է գան իշխանության, որ մտածեն ժողովրդի մասին: Իսկ որտեղի՞ց պետք է գտնենք նրանց. պատասխան չունենք: Ասում ենք՝ երիտասարդներին պետք է վստահել երկրի ղեկը: Բայց ի՞նչ են արել իրենց կյանքում այդ երիտասարդները, կարո՞ղ են արդյոք այս դժվար երկիրը կառավարել, ի՞նչ գաղափարներ ունեն և արդյոք ունե՞ն. դարձյալ պատասխան չունենք: Ինչո՞ւ ենք մերժում հներին, նախկիններին. պատասխանում ենք՝ թալանել են, ժողովրդի մասին չեն մտածել: Իսկ երաշխիք ունե՞նք, որ նորերն ավելի մեծ աղետ չեն դառնա. պատասխան չկա:
2018 թվականին իշխանության եկան հենց մեր ընտրած նորերը: Հիմա տեսնենք՝ այդ նորերը, «մաքուրները», որոնց մեծ ոգևորությամբ վստահեցինք, որտեղի՞ց էին, ի՞նչ հետագիծ ունեին, կարողացա՞ն երկիրը կառավարել:
Սկսենք նրանից, որ մեր սրտի վարչապետին վաղուց էինք ճանաչում և պետք է որոշ բաներ հասկացած լինեինք:
Այսպես.
1. Պետք է հասկացած լինեինք, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ գաղափարական հենք:
2. Նիկոլ Փաշինյանը հենց հեղափոխության օրերին խաբում է. ասում է այն, ինչ հեշտ ենք մարսում:
3. Պետք է հասկացած լինեինք, որ մեր ուզածը ստրուկների երազանքն է՝ տերերից խլել ունեցվածքը և մեզ բաժանել, այսինքն՝ ինքներս էինք ուզում հայտնվել «թալանչի» տերերի կարգավիճակում:
4. Պետք է տեսած լինեինք, որ մեր ընտրած «մաքուրը» տարրական դավաճան է, որովհետև 2007-8-9 թթ. աստվածացրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ հետո ամենացածրակարգ դավաճանությանն է համաձայնվել ու 2017-ին դարձյալ հայտնվել խորհրդարանում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը շարքային դավաճան է:
5. 2015-ին մեզնից շատերը դեմ էին քվեարկել սահմանադրափոխությանը, իսկ մեր ընտրած «մաքուրը» մեր իսկ արդար պայքարը համարել էր կեղծ օրակարգ:
6. Ի վերջո, պետք է հասկանայինք, որ «մաքուրների» թիմում չկան այն անհատականությունները, որոնք քիչ թե շատ արժեքավոր գործ են արել մեր երկրում:
7. Պետք է լսեինք սրանց խոսքն ու հասկանայինք, որ մեզ ոչինչ չեն ասում:
8. Հիմա պետք է տեսնենք, որ «մաքուր և երիտասարդ» անգաղափար անմեղսունակները զոհաբերել և զոհաբերում են Արցախը, Հայաստանը և մեր երեխաներին:
Ու հիմա նորից ընկնում ենք նույն վիճակի մեջ. նոր անմեղսունակների ենք փնտրում, որ ի՞նչ անենք:
Եզրակացնենք: Ընտրության չափանիշներն այս աղետալի ժամանակաշրջանում հստակ են՝ ճգնաժամային իրավիճակում կողմնորոշվելու, կառավարելու փորձ և կարողություն, հրաժարում հեքիաթներից և սիրո դատարկ խոստովանություններից, հստակ, իրական գաղափարներ և նպատակներ: Եվ մի՛ մոռացեք՝ քյարփինջն էլ է ազնիվ (Վանո):
Գրիգոր Խաչիկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021