Աննախադեպ ժամանակներ ենք ապրում։ Թավշյա մեր հեղափոխությունն էր աննախադեպ, աննախադեպ էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, աննախադեպ է Սահմանադրական դատարանի գործունեությունը որպես օտար մի պետություն՝ մեր պետության մեջ... Վերջապես «աննախադեպ» է իշխող քաղաքական ուժը... Սակայն ամենաաննախադեպն անցած 20 տարիներն էին՝ հանցագործությունների մասշտաբայնության տեսանկյունից։ Գրեթե ամեն շաբաթ մի աննախադեպ հանցագործության մասին ենք լսում. օրերս աղմուկ էր հանել մանկավաճառների գործը։
Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթի 2010 թվականի մի հրապարակում մանկապղծության թեմայով, որը կարծես շատ նմանություններ ունի այսօրվա մանկավաճառության սկանդալի հետ։ Դատեք ինքներդ։
«ՉԻ», թիվ 275, 2 փետրվարի, 2010թ.
Մանկապիղծ միլիոնատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, որը Սերժ Սարգսյանին խոստացել էր 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում անել, ինչպես հայտնի է, ահագին ժամանակ խորհուրդներ է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նախօրեին երեկոյան Տիգրան Սարգսյանն իր բլոգում գրառում է թողել` անդրադառնալով իր արդեն նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացված մանկապղծության մեղադրանքին:
«Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին «hetq.am» կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, «Համագործակցության համար» մեդալի մեդալակիր և հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն, իհարկե, կարող է հույսեր փայփայել, իսկ մենք անցնելով առաջ` ընթերցողների ուշադրությունը հրավիրենք չափազանց կարևոր և ուշագրավ փաստերի վրա: Մեր տեղեկություններով, ինչպես նաև «hetq.am»-ի հրապարակման մեջ եղած փաստերով, հաստատվում է այն իրողությունը, որ ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է մանկապղծությամբ, որի մասին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում և ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության Ալավերդու բաժանմունքում: Եվ ուրեմն` ի՞նչն է պատճառը, որ հենց հիմա է հանրության սեփականությունը դառնում այս պատմությունը: Բանն այն է, որ Տեր-Պողոսյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալը, որը կոնկրետ առնչություն է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր դերակատարների հետ: Մեր տեղեկություններով` ռեժիմի պարագլուխներին շատ լավ հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ահավոր «վատանում է» 27-ի թեմաներից, ուստի որոշվել է նրան ժամանակ առ ժամանակ հիշեցնել այս մասին` ձեռքի հետ էլ «վառելով» Քոչարյանի շրջապատի այլասերվածներին: Արդարության դեմ չմեղանչելու համար` պետք է նկատել, որ շատ ավելի այլասերված են նրանք, որոնք իմացել են, թե ինչով է տարիներ շարունակ զբաղված եղել Տեր-Պողոսյանը, բայց լռել են` քաղաքական նկատառումներից ելնելով սպասելով «մի գեղեցիկ օրվա»:
Ի դեպ` մեր այն հրապարակումը, որ Տեր-Պողոսյանը եղել է «Ռոտարի» ակումբի անդամ` հաստատված իրողություն է, ավելին` դրա մասին փաստարկված խոսվում է նաև hոկտեմբերի 27-ի քրեական գործի շրջանակներում: Ստորև ձեզ ենք ներկայացնում 2001 թվականին «Առավոտ» օրաթերթում հրապարակված Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ խոսք է գնում Տեր-Պողոսյանի մասին:
«Աշոտ Սարգսյան - Իմ հարցերով հասա միայն նրան, որ ինքը (խոսքը Նաիրի Հունանյանի մասին է-Գ.Վ.) այլ ծառայությունների հետ շփումներ՝ ի դեմս «Ռոտարի ինթերնեյշնըլի», ունեցել է:
Աննա Իսրայելյան - Ձեր հարցաքննության ամենահետաքրքրական դրվագն էլ հենց «Ռոտարի» ակումբի վերաբերյալ բացահայտումն էր: Դուք հավանական եք համարում այն վարկածը, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչը ԿՀՎ-ն ու մասոննե՞րն են, որոնց հետ իբր կապ ունի «Ռոտարին»:
- Նախ ասեմ, որ իմ վստահորդի հետ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել ենթադրությունների վրա հիմնված կարծիք չհայտնելու վերաբերյալ: Ես հայտնագործություն չեմ արել, այլ ուղղակի ուշադրություն եմ դարձրել «Ռոտարի» ակումբի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի առնչություններին սրանց հետ: Ի սկզբանե բոլորի համար անհասկանալի էր, որ 24 տարեկան տղան 58 տարեկան մարդու հետ ընկերներ էին: Ըստ քրգործի նյութերի՝ այդ ընկերը փորձել էր որդեգրել Կարեն Հունանյանին, ե՛ւ նա, ե՛ւ իր եղբայրը փորձել էին իրենց մորն ամուսնացնել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ: Եվ ըստ Կարեն Հունանյանի ցուցմունքի` նա մինչ այդ մեկ անգամ էր զենքից կրակել՝ 1993-ին, Ղարաբաղում, այդ անձնավորության ներկայությամբ այդ մասին քննություն չի տարվել: Նրանք միասին հիմնել են «Ն և Ն» ՍՊԸ-ն և քրգործի տվյալներով՝ Սերոբ Տեր-Պողոսյանի մեղքով են սնանկացել այս երկու եղբայրները: Եվ վերջապես՝ ահաբեկչության համար օգտագործված որոշ զենքերի գումարը վերցրել էին հենց Տեր-Պողոսյանից՝ կեղծ պատրվակով: Ես ուղղակի համադրել եմ քրեական գործում եղած նյութերը ռուսական մամուլից ստացած տեղեկությունների հետ և ներկայացրել դատարանին:
Իհարկե, երևի ավելի ճիշտ կլիներ այդ տեղեկատվությունը ներկայացնել անջատված գործով տարվող քննությանը, բայց այդ գործով մեզ տուժող չեն ճանաչել: Ի դեպ, նման մի քանի դիմումներ եղել են ինձ մոտ, և ես ուղարկել եմ զինդատախազությանը, որպեսզի զբաղվեն դրանցով:
Ա. Իսրայելյան - Իսկ Ձեզ հայտնի՞ է այն տեղեկությունը, որ Սերոբ Տեր-Պողոսյանից բացի այդ ակումբը Հայաստանում գլխավորել է նաև «Հոկտեմբերի 27»-ի զոհերից մեկի՝ Ռուբեն Միրոյանի եղբոր որդին:
Ա. Սարգսյան - Ինձ համար միևնույն է: Հայաստանում շատ կան հետախուզական կազմակերպություններ: Բոլորս էլ գիտենք, թե արտասահմանյան ո՛ր կազմակերպությունը ո՛ր ծառայության հետ կապեր ունի: Բայց այլ ծառայությունների կապեր չկան այս քրեական գործում, իսկ «Ռոտարի ինթերնեյշնըլի» կապն առկա է և այն շատ կասկածելի է: Սակայն քրեական գործով հետազոտված չէ այդ կապը. Սերոբ Տեր-Պողոսյանից վերցվել է ընդամենը 2 էջանոց ցուցմունք»:
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Միայն ավելացնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են պատրաստվում: Առայժմ պարզ չէ՝ մանկապղծության մեղադրանքով քրեական գործ կհարուցվի՞ նրա դեմ, թե՞ ոչ: Ի դեպ` երեկ բազմաթիվ ռուսալեզու հեղինակավոր լրատվամիջոցներ խայտառակ վերնագրերով անդրադարձել էին Սերոբ Տեր-Պողոսյանին: Մասնավորապես «newsru.com» կայքն այսպես էր վերնագրել իր հրապարակումը « Экс-советник премьер-министра Армении подозревается в изнасиловании мальчиков»:
Գոհար Վեզիրյան