...

Մարգարիտ Եսայանի երազը

Մարգարիտ Եսայանի երազը

Գործ չկա, ինքը բացի խորհրդարանում ելույթ ունենալուց, ուրիշ ոչինչ չգիտի: Մեկ էլ հիշում է, որ մի 20 տարի առաջ լրագրող է եղել: Գնում է «Բլոգնյուզ»: Վերջինիս ղեկավարը ընդունում է իր սենյակում: Գլխավերևում Ստալինի նկարն է, աջից՝ Եժովի, ձախից՝ Սովետական Հայաստանի գերբը:

«Ասացեք, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս իշխանություններին»,- հարցնում է Կոստյան: «Նողկում եմ»,- պատասխանում է ինքը: «Շնորհակալություն, ձեր պատասխանը տեղ գտավ «Բլոգնյուզում», դուք ընդունված եք»,- ասում է խմբագիրը:

Եվ ահա Կոստյան առաջին առաջադրանքն է տալիս. «Սևանում էս ապազգային իշխանությունները փարթի են անում, կգնաս, թաքուն կնկարես»:

Ինքը գնում է Սևան: Հաջորդ օրը առավոտյան վերադառնում է: OMG!!! Կաղալով, տնքալով, շորերը բզկտված, մազերը՝ գզգզված, ցեխոտված, բլուզկի վրա ինչ-որ անիվի հետքեր: «Էս ի՞նչ է եղել, խի՞ ես էս վիճակում»,- հարցնում է Կոստյան:

«Բա»,- լացակումած պատասխանում է ինքը,- «գնացի Սևան, տեսա մի տեղ փարթի են անում, պարում, օդ կրակում, սկսեցի հեռվից նկարել, մեկ էլ ըտեղից կամուֆլյաժով մեկը մի հատ չորս ակնանի մոտոցիկլով հելավ ու քշեց դուզ վրես: Երկու անգամ վրովս անցավ, թե բա ես Վովան եմ, վըը՜, վըըը՜»,- լացում է ինքը: 

«Հաա, մեր լավ ախպերն ա»,- ասում է խմբագիրը,- «բա ուրիշ տեղ գնայիր»:

«Ամեն տեղ նույնն էր, հենց մի բան էի ուզում նկարել, վրա էին տալիս: Էլ գեներալ, էլ նախկին վարչապետ, նախարար, քաղաքապետ: Մի տեղ ընդհանրապես առյուծներ հարձակվեցին: Ի՞նչ իմանայի, որ Ծառուկյանի տունն ա: Վըը՜, վըը՜»,- շարունակում է արտասվել ինքը:

Կոստյան ջղայնացած զանգում է Ժուռնալիստների միություն: «Բարև ձեզ, դուք զանգահարել եք Ժուռնալիստների միություն»,- ծմրում է ավտոատվետչիկը,- ֆեյք լուրերի համար հավաքեք 1, օդից կախված լուրերի համար հավաքեք 2, վճարովի լուրերի համար հավաքեք 3, Ժուռնալիստների միության նախագահին միանալու համար հավաքեք 0»: 

Կոստյան 0-ն սեղմում է ու առանց բարև-մարև սկսում. «Մեր լրագրողին ճնշել են իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, խոսքի ազատությունը վտանգված է, մենք պետք է ռեպորտաժ պատրաստեինք Սևանից...»,- բայց Սևան բառի վրա ավտոատվետչիկը պատասխանում է. «Ներեցեք, բայց այս պահին ժուռնալիստների միության բոլոր նախագահները զբաղված են: Փորձեք ավելի ուշ»: 

«Լավ, գնա էն «Մարտի 1-ի» դատավարությունը լուսաբանի, թե կարաս, էն հերոսից մի երկու խոսք վերցրու»,- հերթական առաջադրանքն է տալիս Կոստյան:

Հաջորդ օրը էլի առավոտյան ինքը մտնում է խմբագրություն: Մազերը՝ գզգզված, շորերը՝ ճղճղված, ձեռքերին, դեմքին, ոտքերին՝ կապտուկներ, գլխին՝ շիշկա: 

«Է՜, բա հիմա ի՞նչ է եղել»,- հունից դուրս է գալիս Կոստյան:

«Բա»,- լացակումած պատասխանում է ինքը: «Գնացի դատարան, էն հերոսին տեսա, մոտեցա, բարևեցի, մեկ էլ հարձակվեցին վրես, սկսեցին անզգույշ քաշքշել, խփել, ուզում էին զուգարան տանել, մի կերպ դրանց ճանկերից պրծա, բայց մի հատ անդուր ու քյաչալ գյադա ջերմուկի շիշը շպրտեց դուզ գլխիս: Վըը՜, վըըըըը՜»,- հոնգուր-հոնգուր լաց է լինում Մարգոն: 

Կոստյան կատաղած նորից է զանգում Ժուռնալիստների միություն. «Ալո, բարև ձեզ, ուրեմն մեր լրագրողին...»,- բայց խոսքը կիսատ է մնում, ավտոատվետչիկը պատասխանում է,- «Տղա ջան, լավ չե՞ս, քեզ հազար ասինք, ԺՄ բոլոր նախագահները այսօր, վաղը և հավիտեանս զբաղված են»:

Արթնանում է «Սասնա ծռերի» դատավարությունում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ