Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը և «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը հանկարծակի հանդիպում են Նիկոլ Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին: Այդ հանդիպումը, ինչպես կարելի է դատել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումից, թանկ է նստել տղաների վրա։ Տղաների և վարչապետի դստեր միջև որևէ խոսակցություն տեղի չի ունեցել, ընդամենը «մի քանի հայացք գցելով՝ Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս, նկարում է տղաներին: Այդ օրվանից սկսած տղաներին հետապնդում է երկրի ամբողջ իրավապահ համակարգը՝ Լաչինի միջանցքի փակված լինելու ու հազարավոր այլ անվտանգային խնդիրների առկայության պարագայում ուժայինները՝ Մարիամ Փաշինյանի արած ֆոտոները ձեռքներին շրջում են տղաների բակերում, հարցուփորձ անում հարևաններից»,- գրել է ՀՀԿ-ականը՝ տեղեկացնելով, որ այսօր 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք։ Նրան փողոցի մեջտեղում պառկեցրել են ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Այնուհետև երբ ՀՀԿ-ից ահազանգել են 1-02՝ առևանգման փաստով, պաշտոնապես տեղեկացրել են, որ երիտասարդը բերման է ենթարկվել զենք-զինամթերքի կասկածանքով։ Մյուս երիտասարդին էլ հետապնդել է 37AQ382 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան։ «Վստահ եմ, որ մոտ օրերս հենց այդ միջադեպի հետ կապված մի նման շոու էլ Միքայելի հանդեպ կիրականացնեն. դե, իհարկե, Փաշինյանները 2 սերիանոց մասկի շոու են պատվիրել: Հենց այս պահին էլ Միքայելի բակում շրջում են մի քանի իրավապահներ»,- ահազանգել է Մամիջանյանը։
Լրիվ հոլիվուդյան մարտաֆիլմի սցենար է։ Միայն մի պերսոնաժ է պակասում՝ կինոյի միջի ուժեղ ու բարի տղան՝ հատուկ ծառայությունների թաքնված գործակալը, որն էլ կփորձի կյանքի գնով պաշտպանել վարչապետի դստերը նրա վատը ուզողներից։ Անշուշտ, կարելի էր բացել սցենարային որոշ զարգացումներ, բայց հիմա կայֆերի ժամանակը չէ։ Այդօրինակ ժամանցի տրամադրություն ունեն վարչապետի ընտանիքի անդամներն ու մերձավորները՝ ֆուտբոլ, կինո, ռոմանտիկա, ընտանեկան շրջագայություն, դեկտեմբերի 31-ին իրենց հարկի տակ իշխանականներին հավաքել-Ամանոր նշելու պլաններ, աշխատանքային-կուսակցական «յոլկա-փարթիներ» և այլն։ Դրա համար էլ տեղի ունեցածը հումորի ֆորմատից դուրս դիտարկենք։ Հին Հայաստանում Սաշիկի տղաներին թարս նայողներին պատժում էին փողոցային օրենքներով։ Մաքսիմում՝ «ախռանիկների» մակարդակով էր հարցը փակվում։ Նոր Հայաստանում վարչապետի դստեր չեղած հարցերի համար իրար է խառնվում պետական ապարատը, մասնավորապես ոստիկանությունը։ Ընդ որում՝ Մամիջանյանի դիտարկմամբ՝ առանց պատճառի։ Բա որ պատճառ լիներ՝ ի՞նչ կանեին։ Ամենայն հավանականությամբ միանգամից լուրջ հոդվածով «կփակեին»։ Չսպասեք. երկընտրանք ենթադրող հարցադրում չենք ձևակերպելու՝ հիմա Սաշիկի՞ Հայաստանն էր լավ, թե՞ Մարիամի։ Երբ պետության լինել-չլինելու հարցն է օրակարգում, մնացած բոլոր հարցադրումները կարող են սպասել։
Գոհար Վեզիրյան