Հայտնի ասույթ կա. ամենից շատ սուտ խոսում են որսի և պատերազմի ժամանակ:
Հայաստանի գործող իշխանությունը և ընդդիմությունը լիուլի օգտվում են այս օպցիայից:
Քանի ակտիվ ռազմական գործողություններ էին, իշխանությունները պնդում էին, որ բանակը զենքի խնդիրներ չունի, իսկ ընդդիմությունը հակառակն էր ասում, որ բանակը զենք չունի, սոված է ու տկլոր: Իսկ այն զենքն էլ, որով կռվում են, գնված է Սերժ Սարգսյանի օրոք:
Ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ որոշվում է իշխանության հարցը, երկու կողմն էլ 180 աստիճանով փոխել են իրենց խոսքերը:
Հիմա իշխանությունը ասում է՝ հրետանի և այն սպասարկող անձնակազմ չէր մնացել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ունեինք ամեն համապատասխանը, որպեսզի շարունակեինք պայքարը:
Եվ այս հակասական ինֆորմացիան երկու կողմն էլ ակտիվորեն շրջանառում և հնարավոր միջոցներով տարածում է, որպեսզի շահեկան վիճակում հայտնվի իշխանության համար պայքարի համատեքստում:
Կա մի լուծում. ստեղծել հանձնաժողով, որը կազմված կլինի անկախ փորձագետներից, և ովքեր սեղմ ժամկետներում՝ առավելագույնը երկու շաբաթում, հստակ կպատասխանեն, թե արդյոք հայկական բանակը ուներ հնարավորություն շարունակելու դիմադրությունը, թե՞ դա բերելու էր Ստեփանակերտի և այլ տարածքների կորստին:
Սա կլինի շատ կարևոր ուղեցույց, որպեսզի հանրությունը հասկանա, թե ովքեր են դավաճանները, կա՞ն արդյոք այդպիսիներ, արկածախնդիրներ են արդյոք հայտարարությունը չեղյալ հայտարարելու կողմնակիցները, թե՞ հայրենասերներ, որ ցանկանում են շարունակել պայքարը:
Մի քանի օր ավել իշխանություն պահելը կամ օր առաջ իշխանության գալու մոլուցքը պետք է երկրորդական դառնա: