Այսօր մենք կխոսենք նախ պարտվածների մասին։
Պատերազմում ամենասարսափելին վերադարձածների զգացումներն են: Նրանք կռվի դաշտում գուցե ամեն վայրկյան ընդգրկել են ամբողջ Հայրենիքը, գուցե ուղղակի մտածել են այդ դժոխքից ողջ պրծնելու մասին, քանի որ պարզ չէր, թե հարվածը որտեղից կարող էր գալ: Նրանց ողջ մնալն այսօր հրաշքի պես մի բան է, որովհետև այս պատերազմում ինչպես երբեք մահը ստույգ էր։
Վերադառնալիս տեսնում են, որ իրենք ընդամենը միլիոններից մեկն են: Որոշ ժամանակ նրանք դեռ ապրում են ողջ մնալու հրաշքը, բայց ամեն օր ավելի ու ավելի են վերագտնում պարտությունը՝ հասկանալով, որ ոչինչ անել հնարավոր չէր։ Նրանք չեն կարող արդարանալ ամբողջ աշխարհի առաջ, նրանք չեն կարող հրապարակներ լցնել ու պատմել այն, ինչն արդեն հայտնի է բոլորին, պարտությունը պակաս հարուստ չէ մանրամասներով, բայց այն միշտ զերծ է լեգենդներից։
«Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի անես այն, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը»,- «Մեծամոր» էսսեում գրում է Հրանտ Մաթևոսյանը: Ընդհանրապես բոլորին խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ կարդալ կամ վերստին ընթերցել այս էսսեն: Սա Չարենցի միանգամից երկու ստեղծագործության սինթեզ է՝ «Պատմության քառուղիների» և «Երկիր Նաիրիի»: Հայն այստեղ ներկայացված է ամենակծու հեգնանքով: Օրինակ, Հրանտը շաղախում է պատմական ցնդաբանությունը և նրա անհետևանք կենսունակությունը (իսկ այսօր նույնիսկ ողբերգական կենսունակությունը) մեր կյանքում: Նա գրում է. «Տղմուտ գետի ափին իր ընկերների հետ հերոսի մահով զոհվեց քաջ հրամանատար Վարդան Մամիկոնյանը»: Այսինքն, որ ի՞նչ: «Մեծամորը» պարտության պատմագրություն է մի ժողովրդի, որն ուզում է վկայել աստղերի նվաճման մասին, բայց պատմելու աշխարհագրություն չունի ոտքի տակ: «Եթե մենք հիմա թագավոր ենք, ինչո՞վ ենք թագավոր»,- հարցնում է Հրանտը: Այս հարցի պատասխանը արցախյան հարցի վերջին 30 տարվա պատմության մեջ է:
Մենք թագավոր էինք անավարտ պատերազմի, որի մյուս մասը պետք է ավարտեինք մեծահոգաբար: Մենք այդ պատերազմը պետք է ավարտեինք, որպեսզի ոչ ոք իրեն պարտված չզգար՝ ոչ Հայաստանում, ոչ՝ Արցախում, ոչ էլ Ադրբեջանում: Հիմա գոնե հասկացա՞նք, թե որն էր արժանապատվորեն զիջելը: Որպեսզի խաղաղությունդ չդառնար պարտվածի խաղաղություն: Այսօր Հայաստանի սահմանները պարտության հուշասյուներ են, մոտ 4 հազար մոր սիրտ չգիտի, թե ինչպես իմաստավորի որդու մահը, որովհետև նույնիսկ նրա լեզուն չի պտտվում որդուն համարել հերոս:
Իսկ ո՞վ է պարտվածը:
Պարտության հերոսն ինչ-որ իմաստով նույնացվում է հաղթանակի զոհի հետ: Երկուսն էլ պատմելու բան չունեն: Պարտվածի փողոցն աշխարհի ամենանեղ փողոցն է, օդը՝ աշխարհի ամենաչհերիքողը: Նա չի կարող մտածել սեփական Օլիվեր Սթոունն ունենալու մասին, որն իր սխրանքները կարող է լրացնել հավելյալ լեգենդներով:
Պարտվածը զրկված է արդարացումներից, նա միայն կարող է պատմել, թե ինչպես ողջ մնաց։ Պարտվածի հիմնական փորձությունը անընդհատ լինել մյուս մարդկանց կարեկցանքի կամ հիասթափությունների դաշտում։ Ցանկացած պատերազմից Ողջ մնացածերի հիմնական փորձությունը խաղաղությունն է, պարտված ողջերի դեպքում խաղաղությունն ընդհանրապես մահացու է: Այսինքն՝ նրանց կենդանի մնալը ապրելու երաշխիք չէ: Ողջ մնալը ապրեցնում է նրանց ծնողներին, ընկերներին, սիրելիներին, բայց նրանց նշանակությունը դրանից չի մեծանում, քանի որ պատերազմից առաջ էլ նրանք ամեն ինչ էին իրենց ծնողների, ընկերների և սիրելիների համար:
Պարտվածներն ավելի պարտված են դառնում բոլորի համար, որոնք պատերազմն իրենց աչքով չտեսան։ Պարտությունը ողջերին զրկում է խաղաղության ընձեռած հավակնություններից, բայց կյանքն այդ պահից նրանց ավելի է վերաբերում, քան պատերազմ չգնացածներին: Բանն այն է, որ փակում է նրանց գոյության իմաստները՝ չխանգարելով ապրել: Պարտվածը ներկայանալու բառեր չունի, նրա աշխարհում բոլորը դառնում են իր պարտության մեղավորը, նա մի մարդ է, որը դեմքով գիտի միայն մեղավորներին: Նրա հույսերը խոստովանելի չեն, նա չի կարող մտածել, որ իր պարտությանը հաջորդած խաղաղության մեջ ինքը փայաբաժին ունի, քանի որ իր կորցրած տարածքներից հետո հաղթողները մաս-մաս են անում նաև իր Հայրենիքը: Նա ամեն օր ավելի ու ավելի է հեռանում հաղթողի՝ իր ձեռքից բաց թողած հնարավորությունից, ինչպես կյանքի տարիներն են հեռանում իրենից: Պարտվածի համար հեշտանում է ատելությունը հատկապես նրանց հանդեպ, որոնք չեն կռվել, բայց ունեն սեփական ցավերը այդ պատերազմի պատճառով: «Բա որ իմ տեղը լինեիր»,- կարող է բղավել նա: Նման մի բան վարչապետն էր բղավում նաև: Ինչո՞ւ պիտի քո տեղը լինեինք, եթե դու հանձն էիր առել զրոյական կետից սկսել: Եթե քեզ պատերազմի ընթացքում առաջարկում էին արժանապատիվ ճանապարհով կանգնեցնել կռիվը ու դու չուզեցիր ու էդքան երեխայի ուղարկեցիր կրակի բերան:
Արցախյան այս պատերազմում մեր կռիվը նպատակազերծ էր՝ պահե՞լ հողերը, որոնք իրականում պետք է վերադարձնել, հանձնել կռվո՞վ, եթե ամբողջ ընթացքում բանակցությունները եղել են հենց առանց կռվի վերադարձնելու մասին, թե փախչել՝ թքած ունենալով մյուսների ու այդ հողերի վրա: Պարտվողներն, այսինքն՝ շարքային զինվորները, ընտրություն չեն ունեցել: Նրանց ուղղակի ուղարկել են մահվան բերան: Նրանք չեն կռվել հանուն Հայրենիքի, նրանք կռվել են, որովհետև քաղաքական գործիչները լեզու չեն գտել: Հաղթողներից յուրաքանչյուրը թագավոր է, նա չի հարցնի՝ եթե ես թագավոր եմ, ինչո՞վ եմ թագավոր: Պարտվողի ցինիզմն անգամ չի հերիքի իր պարտության արեալում նման բան մտածել:
Իսկ ովքե՞ր են հաղթողները:
Հավանաբար այն նույն մարդը, որն ԱԺ ամբիոնից ասում էր, թե «եկեք պայմանավորվենք, որ եթե անգամ անգամ պարտվենք, մեզ պարտված չենք համարի»: Հաղթողներ չկան, որովհետև այս պարտությունն արժանապատիվ չէր: Հաղթողներ չկան, որովհետև այս ամենը թեկուզ նվաստացնող խաղաղությամբ չի ավարտվել, ավարտվել է ավելի վատ բանով: Հիմա ասում են, թե մենք ձեզ արժանապատիվ խաղաղություն ենք բերել: Հիմա ո՞ւմ բացատրես, որ արժանապատիվ խաղաղության ժամանակ զիջող կողմն իրեն նվաստացված ու ոչնչացված չի զգում: Արժանապատիվ խաղաղության ժամանակ մյուս կողմի նվաստացումներն ու սպանությունները չեն շարունակվում, արժանապատիվ խաղաղության մեջ գերիներ չկան, այնպես որ պարտված իշխանության կլանչոցը արժանապատիվ խաղաղություն մի համարեք ու մի հայտարարեք, թե ձեր ուզածը դա չէ՞ր՝ հարաբերվել թուրքերի հետ: Չէ, դա չէր: Մենք չէինք ուզում 4 հազար հայորդու հենց այնպես սպանել, որ թուրքերի հետ լավ լինենք: Արժանապատիվ խաղաղություն չի լինելու, որովհետև արժանապատիվ խաղաղության մեջ իշխանությունը մուննաթով չի խոսում ժողովրդի հետ: Մոռացեք խաղաղության մասին, որովհետև ադրբեջանցիները ձեզ հիշեցնելու են ամեն օր, թե ինչ է իսկական պարտությունը: Որովհետև մենք նրանց չտվեցինք արժանապատիվ պարտությունը: Մինչդեռ ունեինք այս հնարավորությունը վերջին 26 տարում ու կար տարբերակ տալու այդ խաղաղությունը արժանապատիվ զիջումներով:
Ի դեպ, իշխանությունը որոշել է ամբողջությամբ բետոնապատել Եռաբլուրում հանգչող մեր նոր զոհերի բոլոր գերեզմանները: «Այս այսպես է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տաս կանգուն շերտով մինչև վերջին թիզը չի ծանրացել այս ցնորական երկրի կավին: Եվ ինձ վրա: Եվ ձեզ վրա»,- «Մեծամորի» ամենավերջում գրում է Հրանտ Մաթևոսյանը:
Արտակ Առաքելյան