...

Մասնագիտական և մարդկային արժանապատվություն չունեցողների մասին

Մասնագիտական և մարդկային արժանապատվություն չունեցողների մասին

«ՍԴ դատավորները չեն օգտվում վաղ թոշակի օրենքից, քանի որ նժարին իրենց մարդկային ու մասնագիտական արժանապատվությունն է:  Հարցի հաջորդ՝ ոչ պակաս կարևոր կողմը բարոյական է։ Այն անձինք, որոնք  ՍԴ դատավոր են ընտրվել սահմանադրական այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առաջ, բոլորն էլ փայլուն մասնագետներ են և հարգում են  իրենց մասնագիտությունը և պատշաճ կատարում են իրենց պարտականությունները։ Դրա վառ ապացույցը ոչ թե խոսքերն են, այլ հենց ՍԴ ընդունած որոշումներն են»,- tert.am-ի հետ հարցազրույցում ասել է արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«ՉԻ». Հետաքրքիր է՝ ինչո՞ւ հասարակությունը չի վստահում և հարգում մասնագիտական և մարդկային արժանապատվություն ունեցող այդ տիտաններին: Ցանկացած մեկի համար կարելի է շռայլել վերամբարձ խոսքեր: Ինչպես հայտնի է՝ լեզուն ոսկոր չունի: Բայց չափի զգացումն էլ վատ բան չէ: Տեսնես հարցազրույցը կարդալուց հետո նախկին փոխնախարարի ծիծաղը չի եկել իր արտաբերած խոսքերի համար:

Մասնագիտական արժանապատվություն ունեցողները կեսբերան ձայն կհանեին, երբ 2004 թվականին Ռոբերտ Քոչարյանը բանատեղ չդրեց վստահության հանրաքվե անցկացնելու մասին իրենց որոշումը: Մինչդեռ նրանք քար լռություն պահպանեցին՝ կուլ տալով Քոչարյանի արհամարհանքը:

Մասնագիտական արժանապատվություն ունեցողները կեսբերան ձայն կհանեին, երբ 2008 թվականին Արմեն Գևորգյանը իրենց հերթով կանչում էր նախագահական և հաթաթա տալիս, որ հանկարծ չշշկռվեն և առ ոչինչ չհամարեն կեղծված նախագահական ընտրությունները:

Մասնագիտական և մարդկային արժանապատվություն ունեցողները կփորձեին պաշտպանել իրենց կոլեգային՝ Վալերի Պողոսյանին, որը ստիպված էր դիմել ԱՄՆ դեսպանատանը՝ օգնություն աղերսելով:

Մասնագիտական արժանապատվություն ունեցողները չէին կայացնի որոշումներ, դիցուք՝ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակի մասին, որն արժանացավ մյուս իրավաբանների հեգնանքին ու տարակուսանքին՝ անհասկանալի լինելու պատճառով:

Մասնագիտական արժանապատվություն ունեցողները կգիտակցեին, որ ժողովուրդն է իրավունքի գերագույն աղբյուրը և ոչ թե Քոչարյանն ու Սարգսյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ