Հաղթանակի առաջին օրը. Ռևանշի մասին
2018-ի հեղափոխության հաղթանակի առաջին օրը` Սերժի հրաժարականի օրը, Մաշտոցի պողոտայի հոծ գծերի վրա Բրաբուս ու Բենթլի տեսա` հընթացս կայանված ավտոների խցանման մեջ, մարդկանց աղաղակող վազվզոցի մեջ` գերմգեցրած ապակիները իջեցրած, ամեն պատուհանից զույգ վուլգար արարած, գերշրթներկված, մազերը՝ կանաչ սադափագույն, արևային ակնոցավոր, ամեն եղունգ-ճանկը` սուր ու բազմերանգ... Ու կիպ, սինթետիկ շապկի տակի պիրկ սիլիկոնե ստինքներն ի վեր, թոքերն ու բրոնխներն ի վեր, շնչափողով դուրս էր մղվում, կարմիր սիլիկոնե պռոշներից հորդում «Քայլ արա` մերժիր Սերժին»-ը` որպես ղժժժոց-ղժղժոց, մի ուրույն ակցենտով, որ անկարող եմ բառացի փոխանցել` ռուսախոս հայերենի, թե տգետախոս քաղքենիերենի դոմինանտ առոգանությամբ. իրենք էին` Ի Ր Ե Ն Ք Է Ի Ն: Ոչ թե արդեն այդտեղ էին, այլ իրենք այդտեղ էին եղել` հեղափոխականներն եկել էին:
2018-ին` ավելի ուշ` մեկ, ապա` չորս, ապա` վեց ամիս անց մի ընկերոջս, հետո մյուսին, հետո դարձյալ առաջինին, ապա` մի ծանոթի պատմեցի տագնապս հակահեղափոխության ու ռևանշի մասին: Ռևանշն ու հակահեղափոխությունը բացառեցին, ես էլ հաստատեցի. Սերժ և Ընկ.-ի վերադարձ չի կարող լինել` նրանց հեռացումը` պայմանավորված ներքին հսկայական ճգնաժամով և արտաքին անելանելի, պատային իրավիճակով` ըստ էության դարձյալ ճգնաժամով, հեռացում էր ընդմիշտ և դրսից համաձայն էին ու հաստատել էին: Ռոբ-մարդասպանը... էդտեղ հայհոյահիշոցային շարք լսվեց ի պատասխան ու բացառվեց նաև նրա և իր Ընկ. որևէ վերադարձի շանս:
ԲԱՅՑ: ԲԱՅՑ սերունդը, բայց երկրորդ շրջանի ստվերային, կիսաստվերային գործունյա տղերքը` փող լվացողները, թմրադեղի տրանզիտով զբաղվողները, բանկիրները, օլիգարխների երկրորդ շերտ օլիգարխները` էն ամբողջ ՇՊԱՆԱ-ն` թափթփուկները, որ էդ իշխանությամբ են մարդ դարձել ու սերուցք դարձել. այսինքն՝ ՀՀ բնակչության և ՀՀ-ից սերված ուրիշ երկրներում ծվարած բնակչության էն 20-30%-ը, որի էական մասն իր երևացող ունեցվածքով և երևացող բիզնեսով հազիվ միջին խավ է, բայց որը շրջանառում է ՄԱՖԻԱՅԻ էս ամբողջ բիզնեսը... ԲԱՅՑ բուն ՍԵՐՈՒՆԴԸ` հենց երեխեքը ՄԱՖԻԱՅԻ պարագլուխների, ու նրանց զորահրամանատարների, ու նրանց սպաների ու նրանց շարքայինների... ԿՈՀՈՐՏԱ ասեմ, ԼԵԳԻՈՆ ասեմ, ՓԱՂԱՆԳ ԱՍԵՄ... Սա` էս պարբերությունը սկզբից` ԲԱՅՑ-ից սկսած ուրիշ մարդ ասաց: Բանիմաց մեկն ասաց: Մարդ ասաց, որ ներսում եղել է, համակարգը գիտի, համակարգ է ձևավորել, համակարգ է քանդել վասն ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ: Սա մարդ ասաց, որին էդ մաֆիան, էդ կլանը սպանել է փորձել, և կսպաներ, եթե պատկան միջոցներ չձեռնարկվեին` քանի որ համակարգը գիտեր: Սա մարդ ասաց, որ իր ողջ էությամբ ատում է մաֆիան, ատում է թմրաբիզնեսը, ատում է պետականության էն ոչնչացումը որ Ռոբ-մարդասպանը ու Սերժ-իբր-բացական իրականացրին Հայաստանում: 2018-ի հունիսից սկսած այդ մարդը ինձ ընթացիկ բոլոր իրադարձությունների կուլիսային մեկնությունն անելուց հետո` գրեթե օրացուցային ճշգրտությամբ դրանց պատճառահետևանքային զարգացումներն է ասում: Մեկ-երկու ամսից էլ ի մի է բերում արդեն եղածը, ու նոր զարգացման պլանը տալիս: Մարտավարական շեղումներ լինում են, բայց ռազմավարական` հավատացեք` ոչ:
Պալարաձև ընթացք
Մենք պատմության կրկնվող պալարաձև ընթացքի 1990-ականների առաջին յոթ տարվա ընթացքը նույն տրամաբանությամբ, տարբերվող որոշ իրավիճակներով, բայց նույն մատրիցայով կրկնում ենք: Տապալումային մատրիցայով. էապես ավելի արագ է ընթանում ժամանակը` համացանցի գերարագ դարաշրջան է և ոչ վիրտուալ իրականությունը սինքրոնացած վարգում է՝ արագացող ինտերնետից սանձերով կապված: Շնչասպառ և ուժասպառ եղածները, ինտերնետին ենթարկվողները և ոչ ինտերնետը սանձածները սատկում են, կամ անդամալույծ դառնում, մնացածը` իմունիտետ են ձեռք բերում և շարունակում վարգել: Այնպես որ 1990-97 տիրույթի պալարաձև կրկնությունը յոթ տարվա կարիք, ուրեմն, չունի` երկու-երեք, չորս` ամենաշատը: Կորոնավիրուսը վկա: Կարող էինք, իհարկե, ոչ տապալումային մատրիցայով կրկնել, բայց... ԲԱՅՑ դուք տեսե՞լ եք երբևէ մի հետհեղափոխական կենսունակ պետություն, ուր իշխանությունը մի ձեռքում լինի` ֆինանսներն ու տնտեսությունը` մյուս: Ավելին` ուժային նախարարությունները, ավելին` արտգործնախարարությունն ու դիվանագիտական կազմը, ավելին` ՍԴ-ը և ինքը` սահմանադրությունը: Այսինքն՝ հրաժարական տվածները թալանածից, ոչնչացրածից, ունեզրկածից չունեզրկվեցին, բռնաբարածից չբռնաբարվեցին, սատկացրածից չսատկացվեցին` ԹԱՎԻՇ ԷՐ: Եվ երիցս սխալ կլիներ Քադդաֆի մորթելն ու Չաուշեսկու գնդակահարելը` առանց հեգնանքի եմ ասում: Ձախավեր ճանապարհ է դա:
Բայց թավիշը ուժ է, երբ նոր համակարգը հեռացած ռեժիմին մեղմիիիիվ, թավշահաճ պարտադրում է հանուն չբռնաբարվելու, չսատկացվելու, ցմրուր չունեզրկվելու քայլ առ քայլ, պարբերաբար, հանգ առ հանգ կրկնելով` «Ք.ք եմ կերել»` կապիտալը, կառավարումը, ենթակառուցվածքը, օրենքը, իրավունքը տալ նրան` ումից գողացել է, ում ուզուրպացրել է` ժողովրդին և նրա ընտրյալ իշխանությանը: Եվ դա տեղի ՉԻ ունենում «պատեպատ զարկելու, փռելու, լղոզելու» հիստերիկ ճիչերով (կամ միայն ճիչերով, եթե առհասարակ ճվճվալու կարիք կա), այլ մեխանիզմներով է տեղի ունենում, համակարգված աշխատանքով և գրագետ կառավարմամբ: Առհասարակ` երեկ, այսօր, վաղը` Ֆեյսբուքով կամ Թվիթըրով «լայվ» մտնելը ու թվիթելը ոչ մի կապ չունի կառավարման հետ: Եվ դա ԱՄԵՆՈՒՐ, որտեղ իշխանության եկած հեղափոխականները գրագետ են եղել, տգետ չեն եղել, ամենուր արվել է: Մեր ՀՐԱՇԱԼԻ առանձնահատկությունը պիտի լիներ առանց արյունահեղության դա անելը: Արեցինք ԱՌԱՆՑ արյունահեղության ու... բոլոր հեռացածները իրենց տեղերում են, համակարգերն` իրենց տեղերում, ՄԱՖԻԱՆ` ԻՐ: Իսկ հեղափոխություն արած ժողովուրդը` կորոնավիրուսի աղյուսը գլխավերը կախված, նոր հարկերի ու տուրքերի և աշխատազրկության փայլուն թվերը` աչքի առաջ: Ի՞նչ է եղել` հարցրել է Նիկոլը Ջանջուղազյանին, Անանյանին (երկուսն էլ նախկին համակարգի հլու-հնազանդ ներկայացուցիչներ) հարցրել է թերևս Ավինյանին (նախկին համակարգի, մասնավորապես հանքարդյունաբերության հետ սերտ կապերի մեջ կասկածվող փոխվարչապետ), մյուս փոխվարչապետ Մհերին (օֆ-օֆ, ազգանունն ինչ էր, բայց նրան հարցներ, որ ինչ, նա կարծես թե կա ու չկա` ստվերային գործիչ է ու համ էլ կարծես թե Ռոբ-մարդասպանից է բաժին հասել Նիկոլին)… մի խոսքով հարցրել է` ինչ անեն, ոնց անեն` բարելավվի ժողովրդի վիճակը, սրանք էլ թե` հարկերն ավելացնենք ու համահարթեցնենք, կհարթանա` կդզվի...
Ասենք... հետաքրքիր կլինե՞ր փաստերի թվարկումը անշնորհք ու ինքնավեր կառավարման: Բոլորն էդ էն թվարկում, ես էլ թվարկեմ որ ի՞նչ: Ինչպե՞ս կարելի էր այդպես շնորհքով հեղափոխությունից հետո այդպես անշնորհք իրացնել ու սպառել ժողովրդի հսկա վստահության հսկա քվեն...
Մաֆիան, Նիկոլը, վիրուսը
Մեդիան` մամուլը` ազգիս համազգային նախկին փեսա Միշիկի ձեռին, ու նույնիսկ Հը-ՄԵԿ-ը Միշիկի ձեռին, հա՞ կարծես թե: Ու հեղափոխությունում հաղթած ԱԺ մեծամասնության պատգամավորները ՉՈՒՆԵՆ մեդիա ամբիոն՝ հակադարձելու Միշիկի սեփականած ու վարձակալած լրատվամիջոցներին ու Հը-ՄԵԿ-ով երբ բան էին ուզում ասել` Նիկոլը իմաստուն կերպով հորդորում էր չցածրանալ-չմանրանալ... Ու լայվ էր մտնում... ու մտնում է հիմա էլ... ավելի գլոբալ հարցերով` գրեթե բոլոր հարցերով ու գրեթե միանձնյա, ու առայսօր վստահ էր, որ կառավարում է այդպիսով, հիմա հասկացել է, որ չի կառավարում իրականում ու առայժմ մեկ հարցում միայն` կորոնավիրուսի կառավարման տապալման հարցում մեղադրում է իր լայվերով չկառավարվող ժողովրդին. 2020-ի հունիսն է ժողովրդին` (ի դեպ` բոլորին) սիրող, խոնարհվող Նիկոլը զայրույթի (ի դեպ` հերթական) պոռթկման պահին «էս ժողովուրդն անուղղելի է» թեզն է առաջ քաշում (ի դեպ` առաջին անգամ): Եվ դատելով հենց իրենից և իրենով` այո, անուղղելի է այն ժողովուրդը, որի կառավարությունում ոչ կոմպետենտության մրցավազք է, այն վարչապետի կառավարությունում, որ իրեն իշխանության բերած իր ժողովրդին է մեղադրում իրավիճակի և իր տապալումների համար` ակամա-կամա խոստովանելով իր` ղեկավարի՝ քաղաքական ու կառավարչական սնանկությունը և այդպիսով քաղաքական ինքնասպանության դիմելով։ Եվ ընդհակառակը` ուղղելի է այն ժողովուրդը, որը թմբիրն ու բթացումը թոթափել` հեղափոխություն է արել և իշխանության բերել առաջնորդների, որոնք... իրենց հերթին թմբիրն ու բթացումը թոթափելով, թոթափելով` վերջապես կսկսեն ճամարտակելու փոխարեն կառավարել: Այդպես էլ է լինում: Շանս կա: Մինիմալ է ու կա: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև ոչ օրդինար, տարբեր հեղափոխությունը կարծրատիպերի հսկա շեղում պարտադրելով` հնարավոր ելքերի հսկա շեղում ևս պարտադրել է, պետք է միայն ոչ թե Արտավազդ արքայի պես անիծել սեփական բախտը և իրեն այդ բախտը տվողին, այլև, լուրջ թիմ հավաքել, թիմ խմբագրել, խորհրդակցել առանց հիստերիկանալու, ներողություն հայցել բոլոր նրանցից, ում արդեն անիծել ես, ու նրանց հետ էլ խորհրդակցել և քայլեր սկսել անել: ԿԱՄ կոնսուլտացիաներից ու ծանրութեթևից հետո, նախանշելով եկող հաջորդ կառավարությունը, վարչապետին` հանգիստ հրաժարական տալ` պոզիտիվ դաշտը պահելով` բացառելով հայ քաղաքական կորոնավիրուսի նոր բռնկումը` ՄԱՖԻԱՅԻ վերադարձը. կորոնավիրուսի ճարակը ըստ էության բլից մոդելն էր մեր քաղաքական դաշտի քսանամյա ախտահարման: Մաֆիան իր բոլոր դրսևորումներով ճշգրտորեն մոդելավորումն է վիրուսի, հենց կովիդ վիրուսի, կամ էլ վիրուսն է մաֆիայի մոդելը: Ամեն դեպքում, աչքներիս առաջ ծավալվողը, երկրում կամ երկրից դուրս, հանրության ախտահարումն է վիրուսով ու պայքարը նրա դեմ` հսկայական փորձ է առկա` համաշխարհային փորձ` ամենատարբեր ու հարուստ` ինչպես հաղթահարել ճարակը: Եվ եթե վարչապետն ու իր թիմը երկու տարում մաֆիայի հախից գալու ձևը չգտան սեփական փորձով ու մեթոդով, վիրուսի դեմ երկամսյա համաշխարհային պայքարի փորձը հանգիստ կարող են փոխառել և կիրառել թե՛ համաճարակի, թե՛ մաֆիայի դեմ: Եթե վախկոտ չեն, եթե հիմար չեն: Ասեմ, որ թե՛ անցած երկու տարում, թե՛ այս երկու ամսում մեր հանրությունից շատ ու շատ լուսավոր ճակատներ կոկորդ ճղեցին, որ բացատրեն Նիկոլին իր այդ ընթացքի ձախավերությունը, բայց «էս անուղղելի ժողովրդի» ընտրյալ և արժանի վարչապետը ոչ մեկին չլսեց: Գուցե հիմա լսի վերջապես:
Ցանցային մարքեթինգ
Մինչ այդ ունևորի տեսքով մի տիկին` երեսուն-քառասուն տարեկան, տաքսի է նստում: Տիկինը տաքսուց հեռախոսով զրուցում է ու զրույցից պարզ է դառնում, որ էնինչ նվերը, իՄԵՆՆոյ, ոսկերչի գործ, քառասունվեց գրամանոց, քարերը` բՌԼՅԱնտ, ինքը տվել է, ասենք` Մարգուշին, դե Մարգուշիկը, գիտես, Աննայի հետ շատ մոտ ա, դե Աննայի, դե հա, հեռախոսով չեմ ասելու` ՈՐ ԱՆՆԱՅԻ, հա` հենց իրա, ու շատ հավանել ա: Ու էն հարցը, համարի` լուծված ա, դե էս վիՌՈՒՍԸ չըլներ` վաղուց լուծված կըլներ: Տիկինը տեղ է հասնում, մանրը չի վերցնում, իջնում է տաքսուց, հինգ րոպեից նստում հաջորդ տաքսին, որտեղ արդեն պատմում է, որ ախչի, սաղ սուտ ա` մասսայի համար ա ասել Նիկոլը, որ հիվանդ ա ընտանիքով, հա էսօր Էդոյին ընդունել ա, ինչ-որ պետք ա խոսել են, շատ հավանել ա, հեսա գործի ա նշանակում, դե իրան Կամոն էր ասել... Կամոն, դե շուտվանից, հա դե Սերժի մոտ էր, Նիկոլի հետ կապը ինքն էր պահում, հետո էլ որ պայմանավորվեցին, փոխվեց, Կամոն մնաց: Հիմա Նիկոլի հետ ա: Էն սիգարետի գործով քիչ էր մնում պալիտ ըլնեին, բայց Նիկոլն ու ՊուԾինը խոսել են, բարիշել:
Եվ այդպես` օրըստօրե, տաքսի առ տաքսի: Տասնյակով աշխատող տիկնայք, ուսանողներ, տղամարդիկ: Եվ այդպես տաքսիներ, ջահելական տուսովկաներ, Ֆեյսբուքի փակ ու բաց խմբեր` փողը, որ մնացել է մաֆիայի ձեռքում, շրջանառվում է, հավաքագրում, քանդում, կառուցում, տձևացնում ու ձևափոխում՝ վասն մաֆիայի վերարտադրության:
Մատրիցայի անհապաղ ներդրման մասին
Թե՛ անցած երկու տարում, թե՛ այս երկու ամսում մեր հանրությունից շատ ու շատ լուսավոր ճակատներ կոկորդ ճղեցին, որ բացատրեն Նիկոլին իր ընթացքի ձախավերությունը, ինքնակործանությունն ու երկրակործանությունը, բայց «էս անուղղելի ժողովրդի» ընտրյալ և արժանի վարչապետը ոչ մեկին չլսեց: Մինչդեռ մաֆիան «գլխատելը» կամ իրոք գլխատելը մեկ շաբաթվա գործ էր երկու տարի առաջ, մեկ-երկու ամսվա գործ է հիմա: Մինչդեռ մաֆիային բարոյապես ունեզրկելը` մեկ հայտարարության` քաղաքական գրագետ գնահատականի` նշավակման ու լյուստրացիայի մեկ տեքստի խնդիր է հենց այսօր: Ընդսմին նույն այդ տեքստում պիտի կոչ լինի նաև եղած առողջ ուժերի կոնսոլիդացիայի` համախմբման` ընդդեմ մաֆիայի և կոչը պիտի միավորման, ժողովվելու առաջարկ պարունակի կետ առ կետ: Մինչդեռ գլխատելուց հետո մաֆիայի բջջանքի նախնական ոչնչացումը մեկ տարվա գործ է, իսկ շարունակականը արդեն ըստ մատրիցայի` հոսքագծի:
Նիկոլին շրջապատողները պնդում են` ինքը պայմանավորված բիզնեսներ, պայմանավորված քաղաքական խաղեր չի սիրում և այսպես ասած ազատ կամարտահայտության և գործողությունների ջատագով է... Ներողությունը պիտի հայցեմ թե՛ իր, թե՛ քաղաքական մյուս այրերի, բայց դա նույնիսկ ոչ թե միամիտ, այլ մանկամիտ թեզ է: Տպավորություն ունեմ, թե ինչ-որ մեկն այս միտքը ներշնչել է վարչապետին և դրանով իսկ ապահովադրել նրա անգործությունը մաֆիայի ռևանշի առջև: Պայմանավորված բիզնեսները և քաղաքական խաղերը երկրներ են կործանում և երկրներ արարում: Բարեկեցիկ հասարակություններ են ձևավորում պայմանավորված բիզնեսները և երկրները բարեկեցիկ շարքից սնանկացնում ու դուրս նետում երրորդ աշխարհ: Ամեն ինչ ոչ թե ձևից, այլ բովանդակությունից է կախված ու նպատակից` հանուն ինչի:
Հանուն հայ ազգի, հայ ժողովրդի, հայոց պետականության և Հայաստանի Հանրապետության Նիկոլը այսօր պարտավոր է սթափվել, թափ տալ իրեն ու իր կառավարությունը, ընդունել և խայտառակ համարել այն բոլոր վրիպակներն ու սխալները, որոնք արել է ինքը և իրենք արել են, ամրագրել նաև արված բարի գործերը, բայց որևէ կերպ չաղաղակել այդ մասին ու փաստ-ճամարտակության չանցնել, այլ իր հսկա աշխատունակությունը ներդնելով, ամենօրյա ջանքով պարտադրել, որ կառավարությունն աշխատի և վերադարձնի հանրության վստահությունը:
Բայց ամենից առաջ Նիկոլն այսօր պարտավոր է քաղաքական գնահատական տալ մաֆիային` հեռացած ռեժիմին, ուժային նախարարություններն ու կառույցներն է պարտավոր թափ տալ և անցկացնել իր հսկողության տակ` բացառելու սաբոտաժն ու հեղաշրջումը և պարտավոր է կոչով դիմել Հայաստանի առաջադեմ հանրությանն ու քաղաքական առաջադեմ ուժերին՝ համախմբվելու ընդդեմ վիրուսի և ընդդեմ մաֆիայի:
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020