...

Մազութի Երվանդի ոդիսականը

Մազութի Երվանդի ոդիսականը

2000-ականների կեսերին «Չորրորդ իշխանությունը» հրապարակումների շարք սկսեց. «Սոցիալապես անապահով խավը»: 

Շարքը Ռոբերտ Քոչարյանի օրոք շատ կարճ ժամանակում երկրի ամենահարուստ ու կոռումպացված պաշտոնյաների մասին էր: Մեծ հաշվով, այդ հրապարակումներից յուրաքանչյուրը հաղորդում էր հանցագործության մասին: Բայց հասկանալի է, որ այն ժամանակ երկիր թալանելը, երկրի ունեցվածքը մաս-մաս անելը, գրպան դնելը նորմալ երևույթ էր համարվում:

Մենք ներկայացնելու ենք այդ շարքը: Նախ, որովհետև շարունակում են արդիական մնալ, հետո էլ՝ հաղորդում են հանցագործության մասին:

Շարքը սկսում ենք Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից: Վերջերս Հայաստանի քննչական մարմինները հայտարարեցին, որ քրեական գործ է հարուցվել Ե. Զախարյանի դեմ, որը 2000-ականներին կոպեկներով «Մոնումենտի» այգու մի մեծ հատված վաճառել էր՝ դրանով հարյուր միլիոնավոր դրամի վնաս հասցնելով պետությանը: Ուշագրավ է, որ «Սոցիալապես անապահով խավըե շարքի ամենածավալուն հրապարակումը հենց Երվանդ Զախարյանի մասին է, քանի որ նրա «ղալաթները» անհամեմատ շատ են:
Նախ, ևս մեկ անգամ հիշենք, թե ինչպես և որտեղից հայտնվեց Երվանդ Զախարյանը: Մինչև 1997թ., երբ ՀՀ վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երվանդ Զախարյանը շատ քչերին էր հայտնի: Հայտնի էր միայն այն ժամանակվա պաշտոնյաների շրջանակներում և մի փոքր ավելի հայտնի էր իրավապահ մարմիններին: Քանզի հիմնականում նրանց հետ էր շփվել կամ նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել: 
Մենք բազմիցս անդրադարձել ենք «մազութի» գործին և դրանում Ե. Զախարյանի առնչությանը: Թե՛ այն ժամանակվա պաշտոնյաների վկայությունները, թե փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ե. Զախարյանի դերը այդ ամենում քիչ չի եղել: Օրինակ, կա կառավարության օպերատիվ շտաբի այն նիստի արձանագրությունը (ի դեպ, շտաբի ղեկավարը Գագիկ Մարտիրոսյանն էր), որը վարում էր ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը: Եվ հենց այդ նիստի ընթացքում Հրանտ Բագրատյանը նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին հանձնարարեց քրեական գործ հարուցել կորած մազութի փաստի հիման վրա, շատ արագ պարզել ճշմարտությունը և զեկուցել: 

Իսկ ճշմարտությունն այն էր, որ Հայաստան պետք է մազութ մտներ, բայց չէր մտել, չնայած դրա համար հատկացվել էին պետական միջոցներ: Պետական այդ միջոցներով մի քանի անգամ փող աշխատելու հետաքրքիր սխեմա էր կազմվել, որն էլ հաջողությամբ իրականացվեց: Ո՞րն էր այդ սխեման: 

Նախ, այդ ժամանակ դոլարը երկու կուրս ուներ. մեկը պետականն էր, երբ բոլոր պետական գործարքները կատարվում էին այդ կուրսով, և կոմերցիոն կուրս, որը էականորեն տարբերվում էր պետականից. մի քանի անգամ բարձր էր: Բնական էր, որ ձեռքի տակ եղած դոլարը կոմերցիոն կուրսով վաճառելու դեպքում հսկայական օգուտ կարելի էր քաղել: Ե. Զախարյանը այդ դոլարը ստացել էր մազութ ձեռք բերելու համար: Մազութը գնվել էր պետական կուրսով, հետո վաճառվել կոմերցիոն կուրսով, և ի վերջո այդ մազութը հասցվել էր ոչ թե Հայաստան, այլ, որքանով որ մեզ հաջողվեց պարզել` Թուրքիա: Իսկ դա նշանակում է, որ մազութը յուրացրած պաշտոնյաները խաբել էին նաև Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը մազութը վաճառում էր Հայաստանին մի գնով, Թուրքիային` ավելի բարձր: Նմանապես, պինդ և հեղուկ վառելիքի մյուս տեսակները: Տարբերությունը մոտ 40-50% էր կազմում: Դրանք ահռելի գումարներ էին: 

Ինչևէ, օպերատիվ շտաբի այդ նիստից անմիջապես հետո Երվանդ Զախարյանը լքեց Հայաստանն ու մեկնեց Մոսկվա: Չնայած գործող պաշտոնյա էր` ՀՀ էներգետիկայի փոխնախարարն ու «Պինդ և հեղուկ վառելիք» ձեռնարկության տնօրենը: Իսկ այդ պաշտոնը այն ժամանակ հենց այնպես չէին թողնում: Շատ լուրջ պաշտոն էր: 
Մոսկվայում Ե. Զախարյանը մի քանի տարի մնաց: Իսկ «մազութի» գործը փառահեղորեն փակվեց, քանզի այդ գործը վարողներից մեկն էլ ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր, որն այն ժամանակ կարևորագույն գործերով քննիչն էր: 

Երբ 1997թ. ՀՀ վարչապետ նշանակվեց Ռ. Քոչարյանը, շատ համեստ արտաքինով, մտազբաղ աչքերով, լուրջ մասնագիտական կարողություններ ունեցող մարդու կեցվածքով Ե. Զախարյանը անմիջապես հայտնվեց Հայաստանում և էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանի թեթև ձեռքով նշանակվեց «Հայռուսգազարդի» փոխտնօրեն: 

Ճիշտ է, արդեն 1997թ. դեկտեմբերին, մեր տեղեկություններով, Ե. Զախարյանը պատրաստվել է երկրորդ անգամ լքել Հայաստանը, քանզի ավելի ու ավելի բարձր էին հնչում ձայները, թե հայտնվել է այն մարդը, որը ժամանակին մեղադրվում էր կորած մազութի համար, սակայն 1998թ. հեղաշրջումը ցրեց Ե. Զախարյանի բոլոր մտավախությունները մազութի հետ կապված գործի աղմուկից: Սկսվեց Ե. Զախարյանի գործունեության երկրորդ փուլը: Նա նշանակվեց ՀՀ տրանսպորտի նախարար: Հենց այդ տարիներին էլ սկսվեց տրանսպորտային համակարգի մասնատումը: Սեփականաշնորհվեց երթուղային տաքսիների պարկը, որն այժմ, ըստ էության, պատկանում է Ե. Զախարյանին` իհարկե, ձևակերպված իր ընկերոջ անունով: 

Իսկ երբ Ե. Զախարյանը դարձավ հարկայինի պետ, նոր միայն բոլորը հասկացան Ե. Զախարյան պաշտոնյայի իսկական մասշտաբը: Այդ ժամանակ հարկային համակարգում կաշառակերությունը իրենից պարզապես իդեալական մեխանիզմ էր ներկայացնում. ով, ինչքան, երբ և ում պետք է մուծվեր: 

Ընդհանրապես, հարկային համակարգը բազմաթիվ ղեկավարներ է ունեցել: Այդ ընթացքում շատ ջրեր են հոսել, ոչ մեկը առանձնապես սուրբ չի եղել: Բայց աշխատանքի այն մեթոդները, որոնցով առաջնորդվում էր Ե. Զախարյանը, նախադեպ չունեին: Այսօր էլ հարկային ծառայության շատ աշխատակիցներ զարմանում են, թե ինչպես կարելի էր այդքան սանձարձակ գործել: Իհարկե, աշխատանքի արտաքին մասն էլ էր ապահովվում. հարկային պլանները ժամանակին կատարվում էին, նույնիսկ` գերակատարվում: Բայց շատ հետաքրքիր օրինաչափություն կար. վերջին տարիներին ով դառնում էր հարկայինի ղեկավար, առաջին հերթին անդրադառնում էր նախորդի սխալներին, թե այնքան կանխավճարներ են հավաքել, որ այժմ հնարավոր չէ հարկային պլանները կատարել: 

Եթե իր նախկին պաշտոններում Ե. Զախարյանը աշխատանքի բերումով շփվում էր բազմաթիվ մարդկանց, գործարարների և կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն էր տալիս վերջիններիս գնահատել Ե. Զախարյանի գործունեությունը, պատկերացում ձևավորել նրա մասին, ապա միայն 2003թ. Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ պատկերացումները ամբողջական դարձան: Երևանի ներկայիս քաղաքապետի գործունեության առջև նախկին գործունեությունը պարզապես խամրում էր: Խաղ ու պար կարելի է համարել այն, ինչ արել էր Ե. Զախարյանը մինչև Երևանի քաղաքապետ նշանակվելը: Գործունեություն, որի պտուղները բոլոր երևանցիները ամեն քայլափոխի են հանդիպում: 

Արդեն նշանակվելուց հետո նա իր առաջին քայլերով բոլորին հասկացրեց, որ էժան մարդ չի եկել: Որ առանց իրեն Երևանում այլևս հնարավոր չէ որևէ բան կառուցել կամ քանդել, սեփականաշնորհել կամ վաճառել: Միաժամանակ պատրաստ լինելով Երևանի տարածքում վաճառել այն ամենը, ինչը հնարավոր է վաճառել: Տուն, հող, այգի, թանգարան, պատմամշակութային շինություններ, կարմիր գիծ, կանաչ գիծ, ասֆալտ.... կապ չունի: Եվ կյանքը ցույց տվեց, որ Երևանը նման քաղաքապետ երբեք չի ունեցել: Վստահաբար էլ պնդում ենք, որ երբեք էլ չի ունենա: Որովհետև ով էլ հաջորդի Ե. Զախարյանին, այլևս աշխատելու բան չի ունենա. ծախելու ոչինչ չի լինի, սեփականաշնորհելու ոչինչ չի մնացել. Երևանից մնացել է անունը և փոշին: Մեր մայրաքաղաքը պարզապես կրակն է ընկել Երևանի հետ որևէ կապ չունեցող հերթական պաշտոնյայի ձեռքը: 

Մինչև Ե. Զախարյանի նշանակվելը, քաղաքապետարանի աշխատակիցները մանր-մունր կաշառքներ վերցնում էին` քաղաքացիների ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Նրա նշանակումից հետո այդ կաշառակերությունը անմիջապես վերացվեց, քանզի դրանով սկսեց զբաղվել միայն մեկ մարդ: Այսուհետ 50 և ավելի դոլարի կաշառքները բացառապես այդ մարդու գործն էր: Ուրիշ ոչ ոք իրավունք չուներ փող վերցնել: Հակառակ դեպքում անմիջապես հեռացվում էր աշխատանքից: Իհարկե` այլ պատճառաբանությամբ: 

Ե. Զախարյանի` «փողի վրա նստած» հայտնի լոզունգի կենսագործման հաջորդ ուղղությունը անավարտ և անօրինական շինությունների օրինականացումն էր: Մենք մի անգամ արդեն անդրադարձել ենք այն փաստին, թե ինչպես նրա առաջին քայլերից մեկը եղավ այն, որ քանդել տվեց բավական հայտնի մի անձնավորության շենքը: Եվ բոլորը մտածեցին, թե ինչ օրինապահ մարդ է հայտնվել: Ամբողջ քաղաքապետարանով, այնուհետ քաղաքով մեկ տարածվեց, թե նոր քաղաքապետը սկզբունքորեն հեղինակավոր մարդու տուն է քանդել: Բայց, մի փոքր ավելի ուշ, արդեն պարզվեց, թե իրականում ինչու է քանդվել այդ շինությունը: Դրանով ապօրինի և անավարտ շինարարությունները ավարտին հասցնելու կամ սեփականաշնորհելու համար պահանջվող կաշառքների գինը մի քանի անգամ բարձրացվեց: Եթե նախկինում, օրինակ, կաշառքը 10 հազ. դոլար էր, ապա այն դարձավ 50 հազար: Ուրիշ ձև չկար: 

Հաջորդը. 1988թ. երկրաշարժից հետո Հայաստանում շինարարական նորմատիվ մտցվեց, ըստ որի, օրինակ, Երևանում 5 հարկից բարձր շենք արգելվում էր կառուցել: Միայն առանձին դեպքերում, շինարարության տեղից և որակից կախված, թույլատրվում էր մինչև 7 հարկանի շենք կառուցել: Բայց մենք բոլորս ենք տեսնում, որ այսօր Երևանի Կենտրոնում, Արաբկիրում, մի խոսքով, բոլոր վայրերում նորակառույց շենքը ամենաքիչն է 7 հարկանի: 
Եվ ահա, երբ որևէ տեղ շենք է կառուցվում, այդ նորմատիվը ձեռքին մոտենում են ապագա շենքի տերերին և տեղեկացնում, որ 5 հարկից ավելի չի կարելի կառուցել: Շենքի տերերն էլ` թե բիզնեսը այդ դեպքում կտուժի, 5 հարկ չէ, 7 կամ 9 դարձնենք: Պատասխանում են` օքեյ, ամեն հարկը 50 հազ. դոլար: Հիմա հաշվեք, թե Երևանում վերջին տարիներին քանի 5 հարկանիից բարձր շենք է կառուցվել, նորմատիվից քանի հարկ է ավելացվել և դա բազմապատկեք 50 հազարով: Թիվ է, չէ՞:

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 

Շարունակելի

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   6111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ