...

Մազութի Երվանդի ոդիսականը

Մազութի Երվանդի ոդիսականը

Սոցիալապես անապահով խավը

Սկիզբը` նախորդ համարում 

Մենք բազմիցս գրել ենք Երևանի կանաչ գոտիների վերացման վտանգի մասին, որ այդ տարածքները վաճառվում են: Երվանդ Զախարյանը այդ կապակցությամբ միշտ պատասխանում էր, թե` թող գեթ մեկ որոշում ցույց տան կանաչ գոտիների վերաբերյալ:

Ավելին, Երևանի ներկայիս քաղաքապետը մի քանի անգամ հայտարարեց, որ այդ հողատարածքների վաճառման որոշումները կայացվել են Երևանի նախկին քաղաքապետերի օրոք` առաջին հերթին նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանին: Սակայն ուսումնասիրելով այդ որոշումները, անմիջապես ակնառու են դառնում որոշ հետաքրքիր դրվագներ: Երվանդ Զախարյանը նախկին քաղաքապետի ինչ-որ որոշման հիման վրա, ի լրումն այդ որոշման, նոր որոշում է կայացնում, իբր թե դա նախկին քաղաքապետի որոշումն է: Ասենք, Ռոբերտ Նազարյանը որոշում է կայացրել թույլատրել ինչ-որ մեկին 10 քմ հողատարածք վարձակալել, Երվանդ Զախարյանը, ի լրումն այդ որոշման, փոփոխություն է կատարում` թույլատրելով 100 քմ հողատարածք վարձակալել: Որտեղ 10-ը, որտեղ` 100-ը: Իսկ այդ նոր, ավելացված տարածքն էլ հենց տրամադրվում է կանաչ գոտիների հաշվին: «Վալեմ-պլազան» դրա վառ օրինակն է: Ռոբերտ Նազարյանը հողատարածք է տվել, Ե. Զախարյանը 2000 քմ-ով այն ավելացրել է: Մենք դեռ կհասցնենք ձեզ ներկայացնել նման այլ որոշումներ ևս: 

Հաջորդը. շինարարության ոլորտում գոյություն ունի նման հասկացություն` ԱՊԶ (արխիտեկտուրնո-պրոեկտնոե զադանի»): Դա սովորական մի փաստաթուղթ է, որ ամեն անգամ ճարտարապետի կողմից տըրվում է, երբ ինչ-որ շինարարական գործ պետք է արվի: Այսօր այդ ԱՊԶ-ն տրվում է անձամբ քաղաքապետի կողմից` վերջինիս կաբինետում: Որովհետև եթե այդ փաստաթուղթը չլինի, ապա շինարարություն հնարավոր չէ իրականացնել: Խորհրդային տարիներին ԱՊԶ-ն տրվում էր ճարտարապետա-նախագծային հաստատությունների կողմից: Ով էլ տալիս էր, դիմացը որպես մաղարիչ կամ մի տուփ կոնֆետ էին տալիս` եթե տվողը կին էր, իսկ եթե տղամարդ էր` մի շիշ կոնյակ կամ փողկապ: Իսկ հիմա ԱՊԶ-ն քաղաքապետն է տալիս: Հասկանալի է, որ մի շիշ կոնյակով նման փաստաթուղթ չես ստանա: 

Այսօր Երևանում չկա գոնե մեկ հողահատկացում, որը առանց Ե. Զախարյանի կատարվի: 1 քմ-ի համար էլ պիտի նրա «դաբրոն» ստանաս: Հանուն սեփական շահերի պատրաստ է հողահատկացում կատարել քաղաքի ցանկացած կետում: Խնդիր չկա, քանզի նրա համար քաղաք հասկացություն գոյություն չունի: 

Ի վերջո, հողահատկացումների այս վերջ չունեցող գործընթացը հարուցել է իշխանության որոշ օղակների դժգոհությունը: Նույնիսկ Քոչարյանն է դժգոհություն հայտնել: Վերջինս քաղաքապետարանում դիսպետչերական խորհրդակցության ժամանակ դժգոհեց, թե կոռուպցիան մեծ է, բացի դրանից, քաղաքապետարանի որոշումները պետք չէ թաքցվեն և այլն: Իհարկե, սա մի քիչ էլ շոու էր, բայց Քոչարյանի մեղադրանքները հիմնականում անտեղի չէին: Մի քանի անգամ մամուլում աղմուկ բարձրացավ, որ քաղաքապետարանը իր իսկ ընդունած որոշումները հրաժարվում է տրամադրել լրատվամիջոցներին` անտեսելով օրենքի պահանջը: Կառավարության, խորհրդարանի որոշումները հրապարակվում են. պաշտոնական տեղեկագրերում, ինտերնետային կայքերում, իսկ ահա Երվանդ Զախարյանի որոշումները անհնար է որևէ կերպ ստանալ: 

Նույնիսկ նման շահութաբեր պաշտոն ունենալով հանդերձ, Երևանի քաղաքապետը շարունակում է մնալ բավական մանրախնդիր և ամեն կոպեկը հաշվող անձնավորություն: Օրինակ, այսօրվա իր ծառայողական մեքենան` Տ կլասի «Մերսեդեսը», որը արժե 65-70 հազ. դոլար: Որքանով մեզ հաջողվեց պարզել, ժամանակին, երբ նա հարկայինի ղեկավարն էր, այդ մեքենան նվիրել են իրեն: Երբ նշանակվում է Երևանի քաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակիցներին տրված առաջին կարգադրություններից մեկն այն էր, որ նրանք ճշտեն, թե տվյալ պահին քաղաքապետարանը ինչ ֆինանսական միջոցներ ունի: Նրան պատասխանում են, որ «Երևան» հիմնադրամում կա մոտավորապես 30 հազ. դոլար: Այդ գումարը նախատեսված էր Լիոնից Երևանին նվիրած ավտոբուսները Փոթիից մայրաքաղաք տեղափոխելու համար: Մինչև Փոթի ֆրանսիացիները իրենց միջոցներով են դրանք բերել: Ե. Զախարյանը հանձնարարել է, որ այդ գումարը չծախսեն, ձեռք չտան, մի քիչ էլ գումար ավելացնեն` ծառայողական ավտոմեքենա գնելու համար: Իսկ այդ ավտոբուսները Փոթիում մի քանի ամիս կանգնեցին: Հետագայում շատ ավելի մեծ ծախսերով դրանք բերեցին: Բայց Լիոնի քաղաքապետարանը և այն մասնավոր անձինք, ովքեր ուղարկել էին այդ ավտոբուսները, դրանից հետո հրաժարվել են ավտոբուսների նոր խմբաքանակ ուղարկել: Կարևորը մեքենան էր, որը ինքը իրեն վաճառել էր: 

Շարունակելով ավտոբուսների թեման, նշենք, որ թե՛ Ե. Զախարյանը, թե քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ ամիսը մեկ հայտարարում էին, թե՛ շուտով նոր ավտոբուսներ են բերվելու` 200 հատ, 400 հատ, բայց ոչ մի ավտոբուս չի մտնում Հայաստան, որովհետև մինչ այդ «Բոգդան» ավտոբուսներ բերած մարդիկ, իշխանամետ` ի դեպ, որոշակի պայմանավորվածություններ ունեին Ե. Զախարյանի հետ, սակայն վերջինս խախտել էր այդ պայմանավորվածությունները, որից այդ գործարարները տուժել էին: Հիմա նրանք պարզապես յոլա են տանում այդ ավտոբուսները, բայց այլևս նոր ավտոբուս չեն բերում: Բնական է, որ նրանք, ովքեր մտածում էին ավտոբուսներ ներկրել, այդ դեպքից հետո կհրաժարվեն նման մտադրություններից: 

Ընդ որում, վերոհիշյալ դեպքը միակը չէ, երբ Ե. Զախարյանը տարրական պայմանավորվածությունները խախտում է: Օրինակ, քաղաքապետարանի որոշ աղբյուրներ պատմեցին, որ Կոմիտասի պողոտայում, «Դիանա» խանութից քիչ վերև, ինչ-որ քաղաքացու թույլատրել էին, հասկանալի է` անօրինական ձևով, շենքին կից 5 հարկանի շենք կառուցել: Քաղաքապետն ինքն է բանավոր թույլատրել` հավաստիացնելով, որ ամեն ինչ նորմալ է, խնդիր չի լինի: Այդ մարդը կառուցել է շենքը, ավարտել, գնացել է օրինականացնելու, պատասխանել են, թե չեն կարող օրինականացնել, լրիվ անօրինական է` ի սկզբանե: Ոչ մի թույլտվություն շինարարության համար չկա: Այդ քաղաքացին գնում է Ե. Զախարյանի մոտ, տեղեկացնում, թե ինչ է եղել և խնդրում որոշումը տալ` համաձայն իրենց պայմանավորվածության: Քաղաքապետը պատասխանում է, թե չի կարող, պայմանները փոխվել են, 2 հարկ էլ կավելացնես, կօրինականացնենք: (Իսկ թե ամեն հարկը որքան արժե, կարդացեք «ՉԻ» նախորդ համարում): Այդ քաղաքացին շվարած դուրս է գալիս և բոլորին պատմում է, թե նման բան ինքը չի տեսել: Հիմա երկու հարկ էլ կառուցի, ի՞նչ երաշխիք կարող է ունենալ, որ կօրինականացնի, կամ չեն քանդի, որովհետև քաղաքաշինության նախարարությունում այդ շենքը քանդելու որոշում են կայացրել: 

Երևանի տրամվայի պարկի սեփականաշնորհման պատմությունն էլ է շատ ուսանելի: Պարկի տարածքում դեռևս խորհրդային տարիներից (1986-ից) գործում էր վերանորոգման արհեստանոց: Գործող կարգի համաձայն տարածքը պետք է տրվեր այդ արհեստանոցի աշխատողներին: Ծեծելով հանել, վռնդել են: Տարածքն էլ, ըստ մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանին են տվել: Եվ այդ ամենը` հենց քաղաքապետի ձեռքով: 

Նման պատմություններ շատ կան: Դրանք կփորձենք բոլորը հավաքել և հերթով ձեզ ներկայացնել: 

Իսկ այժմ պարզապես կանդրադառնանք Ե. Զախարյանի որոշումներին: Միանգամից ասենք, որ այդ որոշումները և դրանց կից այլ փաստաթղթեր ուսումնասիրելով մի եզրակացության կարելի է հանգել. Ե. Զախարյանը դրանց տակից չի կարողանալու դուրս գալ: Եթե այդ որոշումները իր օրոք են կայացվել, ապա կապ չունի, թե ովքեր են ստորագրել: Նույնը վերաբերվում է նրա օրոք աշխատած երկու գլխավոր ճարտարապետներին, իրավաբանական ծառայության ղեկավարներին: Այդ որոշումներով կատարված հողահատկացումների մեծ մասը կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով: Ինչքան էլ կառավարությունը փորձում է քաղաքապետին օգնել, նրա որոշումներից հետո օժանդակ որոշումներ ընդունել, միևնույն է, կրիմինալը չի կոծկվում: Ամեն մի նման որոշումը ինքնին առանձին քրեական գործ հարուցելու հիմքեր ունի: 

Բայց նույնիսկ էականը այն չէ, որ մեր ձեռքի տակ կան նման որոշումներ: Դրանք կարող էին և չլինել: Ասենք, յոթ փակի տակ պահած է: Բայց ամեն քայլափոխի, ամեն Աստծո օր տեսնում ենք այդ որոշումների հետևանքները, այդ որոշումների հիման վրա իրականացվող վանդալիզմը: Բոլորս ենք տեսնում ծառահատումներ այնտեղ, որտեղ հողահատկացում է արվել: Բոլորս ենք տեսնում շինարարություն այնտեղ, որտեղ պետք է երեխաներ խաղան, մարդիկ զբոսնեն, հանգստանան: Օրինակ, Պուշկինի և Աբովյան փողոցների խաչմերուկում, Ժուռնալիստի տան մոտ բոլոր ճարտարապետական, շինարարական նորմերի խախտումով կառուցվող շենքը տեսնելիս եթե մարդու, երևանցու, հայաստանցու մազերը բիզ-բիզ չեն կանգնում, ուրեմն այդ մարդը հայ չէ: Կամ առնվազն քաղաքի մարդ չէ: Որովհետև Երևանում ծնված, մեծացած, դաստիարակված, իր քաղաքով հպարտացող մարդը երբեք նման շինարարության թույլտվություն չէր տա, դա բացառվում է: 

Ինչևէ, հաջորդ համարից ձեզ կներկայացնենք անձամբ Երվանդ Զախարյանի ստորագրությամբ մի քանի որոշում` հողահատկացման, վաճառքի և այլնի վերաբերյալ: 

Շարունակելի 

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
№ 465 (ինտերնետային № 625), Ապրիլի 29, 2005 թ., ուրբաթ

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   12231 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ