...

Մեկ տարի է՝ շուկայի վրա «կռկռում» են

Մեկ տարի է՝ շուկայի վրա «կռկռում» են

Նոր շուկան չի գործի

Ֆերմերներին տրամադրվող «Դալմայի» հարակից տարածքը որպես գյուղատնտեսական շուկա չի աշխատի: «Չի»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ, ֆերմեր Վիկտոր Համբարձումյանը:

Արդեն մի քանի տարի է՝ նա իր հողամասում աճեցրած գյուղմթերքը շաբաթ-կիրակի օրերին վաճառելու էր բերում Կասյան-Կոմիտաս հատվածում հատկացված գյուղատնտեսական ապրանքների շուկա:

Քաղաքապետարանը փակել է Կասյանի երկար տարիներ հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական շուկան։ Ֆերմերներն էլ մի քանի անգամ Էկոնոմիկայի նախարարության առաջ բողոքի ակցիա կազմակերպեցին:

Գյուղացիներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ՝ «Դալմա» ա/կ հարակից տարածքում անվճար հիմունքներով տեղ տրամադրել: Այն, սակայն, ֆերմերների սրտով չէ:

«Այդտեղ շուկան չի գործի և հաջողություն չի ունենա: Գիտեք՝ Կասյանում շատ ակտիվ էր, որովհետև նախ տրանսպորտային մեծ հանգույց է, խիտ բնակեցված տեղ էր: Ոտքով Կոմիտասի փողոցներից գալիս էին առևտուր անելու: Շատերին ճանաչում ենք արդեն, իսկ նոր տեղում դա չի լինի: Այնտեղ ո՞ւր է բնակիչ»,- նկատեց գյուղացին:

Վիկտոր Համբարձումյանը Կոմիտասից արդեն սեփական հաճախորդներն ունի: Մի քանի օր առաջ էլ նրանցից մեկը զանգել և ապրանք է պատվիրել: Ստիպված տարել է՝ հաճախորդին գոհացնելու համար:

Շուկայի փակման պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ մոտակա շենքերի բնակիչները դժգոհում են՝ պայմանավորված հակասանիտարական վիճակով, աղմուկով, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։ Բացի դրանից՝ շուկայի գոյությունից դժգոհ են նաև հարակից առևտրի կրպակների աշխատակիցները, որոնք վստահեցնում են, որ ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ։

Դաշնակցության բիզնեսն են զարգացնում

Տարածքում երկար տարիներ առևտուր անողը գյուղացին պնդում է, որ նման բան չկա, պաշտոնյաները պարզապես պատրվակներ են փնտրում: Նրա խոսքով՝ պատճառն առևտրային շահերն են՝ քաղաքապետարանը ցանկանում է դաշնակցության բիզնեսը զարգացնել: Ըստ մամուլի՝ Կոմիտասի շուկայի սեփականատերը ՀՅԴ-ական Աշոտ Փափազյանն է, որը հանրությանը հայտնի է Պադոշ Աշոտ անվամբ:

«Շուկա է, օրինաչափ է, որ նման բաներ լինեն, բայց այստեղ անձնական շահեր կան: Մեկ տարի է՝ նրանք այդ շուկայի վրա «կռկռում» են: Քաղաքապետարանը և Արաբկիրի վարչական շրջանի առևտրի բաժինն աշխատողներին ուղարկում էին և մեզ մեղմ ձևով համոզում, որ գնանք Արաբկիրի շուկա, մեզանից վարձ չեն վերցնի: Ասում են, որ այդ շուկան դաշնակի է, այդտեղ մարդ չի գնում և ուզում են, որ աշխատի՝ քաղաքապետարանն այդպես է շահագրգռված: Անցյալ տարի քանի անգամ եկան և ասացին, թե փակում ենք: Մենք տեղում բունտ արեցինք: Գալիս էին և ամեն մանրուքի վրա խոսում: Արդեն մեզ հոգնեցրել էին: Բոլորս սպասում էինք, որ այս տարի մի բան հաստատ անելու են և արեցին»,- պատմեց գյուղմթերքի շուկայի արդեն նախկին վաճառողը:

Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկել են տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա՝ հանգստյան օրերին գյուղացիներին անվճար տարածք տրամադրելով:

Ֆերմերները, սակայն, դեմ են։ Նրանք պահանջում են վերաբացել Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գործող շուկան։

«Ուզում են այդ շուկան աշխուժացնել, դրա համար մեզ Կասյանից հանեցին: Շեշտը դրել են այդ շուկայի վրա և մեզ համոզում են: Տեսան, որ չենք գնում՝ այսպես վարվեցին: Մենք արդեն 1000 դրամ վճարում էինք Կասյանում առևտուր անելու համար: Երբ գյուղատնտեսական աջակցության կենտրոնները դարձան հիմնադրամներ, շուկան նրանց գործառույթներից հանեցին: Հենց այն գլխից էին ուզում փակել: Արաբկիրի շուկայում մեքենա կանգնելու հնարավորություն չկա: Գյուղացիների համար դա հարմար տեղ չի: Եթե այդ շուկայի տեղն այդքան լավն է, ինչո՞ւ ակտիվ չի գործում»,- նշեց Վիկտոր Համբարձումյանը:

Զրկվելով արդեն հարազատ դարձած առևտրի վայրից՝ Նշավանի բնակիչը բերքն ու բարիքը Արարատի մարզի նորաբաց շուկա է տանում, բայց այդտեղ էլ դեռ շարժ չկա: Առևտուրը պասիվ է, ապրանքը հաճախ չի վաճառվում և փչանում է: Վիկտոր Համբարձումյանը չի դժգոհում, որովհետև այս տարվա բերքն էլ նախորդ տարվա պես շատ չէ:
Գարնանային անձրևների պատճառով տուժել են հատկապես Նշավանի դեղձենիները: Բերքը քիչ է, գինն էլ՝ բարձր. դեղձի մեծածախ գինը 400-600 դրամ է:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ