...

Անդունդի եզրին՝ յոնջայի դաշտում

Անդունդի եզրին՝ յոնջայի դաշտում

ՃԱԿԱՏԱԳՐԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Ռուսաստանը փետրվարի 1-ից մեկ ամսով բացում է սահմանը: Այս լուրը մեր ժողովրդի որոշակի հատված ցնծությամբ է ընդունել: Ո՛չ, սոցցանցերում նրանք լուռ են, սակայն սովորական զրույցների ժամանակ չեն թաքցնում, որ ամեն ինչ կանեն Հայաստանից արագ հեռանալու համար:

Եվ մի՞թե սա ելք չէ այն մղձավանջից, որում հայտնվել ենք պարտությունից հետո: Կարո՞ղ ենք մեղադրել այդ մարդկանց, իրավունք ունե՞նք նրանց ազգադավ անվանելու: Կարծում եմ՝ չունենք, քանի որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը այլ ելք առայժմ չեն ուրվագծում: Դատարկ խոսքերին, ոգեշունչ, լալահառաչ ճառերին քչերն են արձագանքում, արձագանքողների մեծ մասն էլ կեղծում է...

Ցավոք, հայ քաղաքական միտքը գրանցում է իր հերթական պարտությունը: Անդրադառնանք իշխանություն-ընդդիմություն զույգին: 

1. Իշխանության մոնոլիտի գաղափարախոսությունը այդպես էլ չենք տեսնում: Չենք տեսնում, թե ինչ կոնկրետ ելք են առաջարկում հասարակությանը: Չենք տեսնում լուրջ, ճշմարտությանը գոնե մոտ վերլուծություն և գնահատական կատարվածի մասին. Ն. Փաշինյանն ու թիմն ընտրել են ինքնարդարացման և ահաբեկման ճանապարհը: Սրանց արդարացումները զավեշտական կլինեին, եթե մենք լինեինք այլ երկրի քաղաքացիներ, կամ էլ իրենք չլինեին իշխանություն: Բայց մենք ՀՀ քաղաքացիներ ենք, իսկ իրենք՝ իշխանություն: Իրենք իշխանություն են և պետք է մեզ ասեն ճշմարտությունը.

ա. բանակի մասին

բ. տնտեսական վիճակի մասին

գ. աշխարհաքաղաքական իրադրության մասին:

Իրենք պետք է զբաղվեն արտաքին քաղաքականությամբ շատ ավելի լուրջ, քան երբևէ եղել է անկախ Հայաստանի պատմության շրջանում: Սակայն տեսնում ենք իմպուլսիվ, գրեթե անհեթեթ քայլեր: Օրինակ՝ Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Տեսնում ենք ակտիվ պայքար իշխանությունը պահելու համար՝ բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով, որոնց հիմնական բաղադրիչը, ինչպես արդեն նշեցինք, ահաբեկչությունն է: Ընդգծենք՝ իշխանությունը նվաճելու հիմնական գործոնը՝ նախկինների դեմ ատելությունը, անխնա կիրառվում է նաև այսօր: Եվ մարդկանց որոշակի զանգված օբյեկտիվորեն վախենում է նրանց վերադարձից: Դեռ որքան կտևի այս քարոզչության ազդեցությունը՝ կերևա, սակայն մի բան արդեն ակնհայտ է. իշխանությանն այլ հարցերում չեն վստահում: 

2. Ընդդիմությունը նույնպես ռեալ առաջարկներ չունի: Բազմադեմ ընդդիմության հիմնական թեզը վերաբերում է «դավաճան» Նիկոլին հեռացնելուն: Սրանց հույսը հասարակության զգացմունքների վրա խաղալն է, որովհետև շատ-շատերը դարձյալ օբյեկտիվորեն պարտության մեղքը կապում են իշխանության հետ: 

Իշխանությունը, անշուշտ, պետք է փոխվի, բայց իշխանությունն իրենց ձեռքն են ուզում վերցնել մարդիկ, որոնց գործունեությանը շատ լավ ծանոթ է ՀՀ քաղաքացին: Այդ մարդիկ այսօր էլ որևէ ռեալ ելք չեն առաջարկում: Չեն ասում.

ա. ինչպես, ինչ միջոցներով են ոտքի կանգնեցնելու բանակը.

բ. ինչպիսի տնտեսական քաղաքականություն են վարելու.

գ. ինչ արտաքին քաղաքականություն են որդեգրելու:

(Մտավորականությանն այս հոդվածում չենք անդրադառնա. առանձին թեմա է):

Եվ մղձավանջը շարունակվում է: Ելքեր ենք որոնում ամեն մեկս մեզ համար: Ոմանք գտել են. արտագաղթն է: Երկրի պետության ճակատագիրն անհայտ է, անորոշ: Իսկ երկրի թիվ 1 պաշտոնյան լավատեսությամբ զինվելու կոչ է անում: Սա էլ զավեշտ կլիներ, եթե այլ երկրի քաղաքացիներ լինեինք: 

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ