2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք մի քանի հարյուր հեկտար տարածքի կորուստ:
Նվազագույնը՝ 400 հեկտար, ինչպես ասում էին հանրապետականները, ամենատարածված տեսակետը՝ 800 հեկտար, մենք կլորացնում ենք, այն դարձնում 1000 հեկտար:
2018-ի հեղափոխությունից հետո Ազգային Ժողովում քննիչ-հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է պարզեր, թե ոնց է եղել, որ այդքան տարածք ենք կորցրել, հետախուզությունը ինչու նորմալ չի գործել, ով և ինչպես է դավաճանել, ով է մեղավոր և այլն:
Հիմա, 2020 թվականի արցախյան պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք հարյուր հազարավոր հեկտար տարածք: Անվտանգության գոտի համարվող տարածքը մոտ 800 հազար հեկտար էր, սրան ավելացավ Հադրութն ու Շուշին:
Հիմա ի՞նչ է ստացվում. որ 2016-ին, ունենալով 80-ականների զենքեր, կոռուպցիա, դավաճանություն, պատերազմում կորցրել ենք ընդամենը 800 հեկտար, իսկ 2020-ին՝ ունենալով գերժամանակակից սպառազինությամբ բանակ, հզոր ու մարտունակ, կոռուպցիան էլ վերացվել էր, Արցախում ու Հայաստանում ունեինք ժողովրդական իշխանություն, բայց կորցրեցինք հարյուրապատիկ ավելի շատ տարածք: Ոչ միայն անվտանգության գոտուց, այլ նաև բուն Արցախի տարածքից:
Դրա համար մեզ շատ հետաքրքրում է, թե երբ է ԱԺ քննիչ-հանձնաժողովը հրապարակելու իր վերջնական զեկույցը, տեսնենք 2016-ին ինչո՞ւ 1000 հեկտար հող կորցրեցինք, ովքե՞ր են մեղավորները և երբ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ո՞նց եղավ էլի, որ այդպես եղավ: