...

Ռետրո. Մեր սեղանից՝ ձեր սեղանին

Ռետրո. Մեր սեղանից՝ ձեր սեղանին

Շարունակելով Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման՝ ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում քառօրյայից 15 օր անց հրապարակված հոդվածը՝ մեկ անգամ ևս ավելի լավ հասկանալու, թե իսկապես ովքեր են տերերը մեր երկրի։

Քաղաքական պահանջ չկա՞

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից սպառազինության առումով հայկական բանակն էապես զիջում է ադրբեջանականին։ Ճիշտ է, հիմա հասարակությանը որոշակի բացատրություններ են տրվում, թե բա գիտեք` ադրբեջանցիներն օգտագործել են իրենց համարյա ամբողջ զինանոցը, իսկ Ղարաբաղի բանակն իր ռազմավարական ռեզերվներին ձեռք չի տվել և դրանք պահել է ավելի լուրջ զարգացումների համար, բայց այս բացատրությունն իր հերթին անուղղակիորեն ապացուցում է, որ իսկապես սպառազինության խնդիր ունենք։

Եթե հայկական կողմի ռազմավարական ռեզերվները շատ մեծ լինեին, մի մասը կօգտագործվեր ապրիլյան պատերազմի ժամանակ, մյուս մասը` կպահվեր ավելի լուրջ գործողությունների համար։ Այսինքն` եթե խնայողաբար ենք օգտագործել, նշանակում է` քիչ ենք ունեցել։

Հիմա այս հարցը կարծես թե բոլորին է հուզում, և ամենատարածված տեսակետն այն է, որ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները պիտի իրենց թալանածը վերադարձնեն ու դրանով զինեն հայկական բանակը։ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը նույնիսկ պատրաստվում է ապրիլի 22-ին երթ կազմակերպել դեպի Բաղրամյան 26 և արդեն հրապարակել է պահանջները, որոնցից ամենաուշագրավը թերևս 50 օլիգարխների ցուցակն է, որոնցից յուրաքանչյուրին պիտի պարտավորեցվի առնվազն 5-ական միլիոն դոլար հատկացնեն պաշտպանական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդին (այդպես էլ գրված է. 50 հոգի` ընդհանուր 250 մլն ԱՄՆ դոլար)։

Ընդհանուր առմամբ, իհարկե, ազնիվ գաղափար է, դետալների մեջ` ոչ այնքան (օրինակ` ինչո՞ւ պիտի Սաշիկ Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը նույն չափով մուծվեն)։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ օլիգարխների ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չկա, ավելին` նրա բարեկամներից միայն Սաշիկ Սարգսյանի անունն է նշվում։ Խնդիրը հետևյալն է։ Ենթադրենք` ցուցակում նշված օլիգարխները սաստիկ վախենում են քաղաքացիական նախաձեռնությունից կամ անսպասելիորեն տոգորվում են հայրենասիրական բուռն զգացումներով և «մուծվում են» իրենց փայ 5-ական միլիոն դոլարը։ Եվ ի՞նչ. «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը պիտի այդ փողը վերցնի ու գնա Ռուսաստանից կամ Ամերիկայից ժամանակակից սպառազինությո՞ւն գնի, կամ գուցե մեկ այլ քաղաքացիական նախաձեռնություն պիտի այդ փողերով բարձր տեխնոլոգիանե՞րը զարգացնի։ Նման բան հնարավոր չէ, այդ գործերը պիտի պետությունն անի, իսկ ավելի կոնկրետ` հենց ցուցակում նշված անձինք։ Բայց մյուս կողմից էլ, անող լինեին` վաղուց կանեին։ Պարզ ասած, եթե պիտի այդ մարդկանցից փողը խլենք, հետո նորից տանք իրենց, որ հանուն պետության ծախսեն, դրանից ոչինչ չի ստացվի։ Այդ ծրագիրը կարող է գործել միայն իշխանափոխության դեպքում, այսինքն` այն դեպքում, եթե ձևավորվեն նորմալ իշխանություններ, ու այդ իշխանություններն արդյունավետ ծախսեն «առգրավված գումարները»` առանց հետագա ցուցակներում հայտնվելու հավակնությունների։

Եվս մի հանգամանք։ Այս նախաձեռնությունն, անկասկած, շատերին դուր կգա, որովհետև իսկապես էլ բանակի ու օլիգարխների «սպառազինությունների» միջև սար ու ձորի տարբերություն կա։ Բայց ուշադրություն դարձրեք` երթը շարժվելու է դեպի Բաղրամյան 26, այսինքն` այդ պահանջները Սերժ Սարգսյանի առջև են դրվում։ Ենթադրաբար` ակնկալվում է, որ Սերժ Սարգսյա՛նը պիտի «հասարակական լայն զանգվածների պահանջով» կուլակաթափ անի 50 օլիգարխներին և գումարներն ուղղի բանակի հզորացմանը։ Համաձայնվեք` մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը հասարակության պահանջների ուղիղ կեսը կկատարի։ Այսինքն` օլիգարխներին կուլակաթափ կանի, բայց գումարները բանակի հզորացման վրա չի ծախսի։ Չենք ասում` կդնի ու ցուցակով բոլորից 5-ական միլիոն դոլար կպահանջի (նա ավելի լավ գիտի, թե ումից ինչքան կարելի է պահանջել)։ Բայց հաստատ կօգտվի առիթից, կվկայակոչի «հասարակական տրամադրությունները» և էապես կբարելավի իր ու իր մերձավորների ֆինանսական վիճակը (բնականաբար` գումարների մի մասն իսկապես ուղղելով բանակի արդիականացմանն ու բարձր տեխնոլոգիաներին)։

Այնպես որ` եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի համար երկնային մանանա է։ Կարող էին, չէ՞, դրա փոխարեն պահանջել, որ ինքը հավաքի այդ 250 միլիոնը, մի այդքան էլ իր կողմից ավելացնի ու սուսուփուս հրաժարական տա։ Բայց` դա արդեն քաղաքական պահանջ կլիներ։ Իսկ քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքականությամբ չեն զբաղվում։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 16 ապրիլի 2016թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ