...

Ռետրո. Սխալ դասեր քաղելն ավելի վտանգավոր է

Ռետրո. Սխալ դասեր քաղելն ավելի վտանգավոր է

Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Սեպտեմբերին կլինի 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը։ Այս երկու ողբերգությունների արմատներն առաջին հերթին, անշուշտ, օրվա իշխանությունների պատմությունից «դասեր չքաղելու» քրոնիկ մեծամտությանն մեջ է։ Կարդացեք ներկայացվող վերլուծությունը, որ հրապարակվել է «Չորրորդ իշխանություն» թերթում քառօրյայից ընդամենը 10 օր անց։

Էս պետությունը ուր է

Այս օրերին բոլորն են խոսում այն մասին, որ պետք է դասեր քաղել ապրիլյան պատերազմից, բայց առայժմ չի երևում, թե ինչ-որ մեկն իսկապես դասեր է քաղել կամ գոնե աշխատում է այդ ուղղությամբ։

Վերջին հաշվով` ի՞նչ է նշանակում «դասեր քաղել»։ Դա նշանակում է գիտակցել անցյալում արված սխալները, ընդունել դրանք և շարժվել ճիշտ ուղղությամբ։ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, Հայաստանի նախագահ դառնալուց երկու տարի անց հայտարարեց, թե մեզ համար Ղարաբաղի հարց գոյություն չունի, մենք այդ հարցը լուծել-վերջացրել ենք։ Հիմա պարզվեց` այդ հարցը չի փակվել, գոյություն ունի ու շատ ավելի բարդ է։ Եվ ի՞նչ. այս օրերին որևէ մեկը լսե՞լ է, որ Ռոբերտ Քոչարյանն ասի «կներեք, սխալվել եմ»։ Կամ, ասենք, քսան տարի շարունակ պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները խրոխտ կեցվածքով հայտարարում էին, թե ժամանակը մեր օգտին է աշխատում։ Հիմա պարզվեց` ժամանակը հեչ էլ մեր օգտին չի աշխատել, այդ ընթացքում Ադրբեջանը զարգացել է շատ ավելի բարձր տեմպերով, քան Հայաստանը։ Եվ ի՞նչ, որևէ մեկը ներողություն խնդրե՞ց քսան տարի շարունակ հասարակությանը ստերով կերակրելու համար։ Կամ` քաղաքական գործիչները, զինվորականները, տարբեր տրամաչափի «քաղաքագետներն» ու «վերլուծիստները» հայտարարում էին, թե շփման գծում առանձին կրակոցներ միշտ էլ կլինեն, բայց լայնամասշտաբ գործողությունները բացառված են։ Պարզվեց` բացառված չեն։ Դրանցից քանի՞սն են ներողություն խնդրել սխալ վերլուծությունների համար։ Ղարաբաղին «տիրություն անելու» խնդրանքով Պուտինին նամակ գրողներից քանի՞սն են ներողություն խնդրել իրենց անհեռատեսության համար։

Ե՛վ քաղաքական ու մերձքաղաքական շրջանակները, և՛ հասարակության մեծամասնությունն այս օրերին իսկապես զարմանալի միասնականություն ցուցաբերեցին, բայց` միասնականություն այս ամենից սխալ դասեր քաղելու (կամ ընդհանրապես դասեր չքաղելու) հարցում։ Շրջանառվող հիմնական գաղափարը հետևյալն է` պետք է թալանչիներին «կուլակաթափ անել», թալանած միլիարդները ետ բերել և դրանով զինել բանակը։ Հասկանալի է, որ բարոյականության տեսանկյունից դա ամենաճիշտ քայլը կլիներ, հասկանալի է, որ այդ թալանչիներն իրենք այսօր շատ լավ գիտակցում են իրենց արած ղալաթները ու նաև դրա համար են մի երկու կոպեկ փոխանցում տարբեր հիմնադրամներին, օգնություն-բան ուղարկում կամ գնում-նկարվում խրամատներում, բայց դա՞ է մեր պետական ծրագիրը։ Ինչպե՞ս կարող է մի ամբողջ հասարակություն ժամանակակից պատերազմի պայմաններում առաջնորդվել հեքիաթի կամ էպոսի չափանիշներով` իբր տեսեք, բանակը Սասունցի Դավթի նման կռվում է ժանգոտ շամփուրով, թող գնա հոր Թուր-Կեծակին վերցնի ու հորեղբոր թաքցրած ոսկիները։

Կամ` վերցնենք թեկուզ Ռուսաստանի հարցում «դասեր քաղելու» պահը։ Բոլորը միանգամից շատ խորիմաստ եզրակացության հանգեցին` Ռուսաստանը մեզ դավաճանել է։ Այո, ռուսները դավաճաններ են, ամերիկացիներն էլ են դավաճաններ (Վիլսոնի քարտեզը կյանքի չկոչեցին), անգլիացիներն էլ (նրանց նավերը չէին ուզում բարձրանալ մեր լեռները), ֆրանսիացիներն էլ (Կիլիկիան տվեցին թուրքերին), և ընդհանրապես` բոլորն էլ դավաճաններ են։ Բայց երբևէ տեսած կա՞ք ինչ-որ մեկին, որը դավաճանություն գործի հենց այնպես, «կայֆի համար», առանց որևէ շահի։ Որևէ մեկը փորձե՞ց վերլուծել ու հասկանալ, թե որն էր Ռուսաստանի շահը մեզ դավաճանելու հարցում։ Թե՞ ազգովի եզրակացրեցինք, որ «երևի Պուտինը հայերին չի սիրում», կամ «էրեխա վախտ հայերը Մեդվեդևին հայաթում տփել են»։ Դասեր քաղելն այն կլիներ, որ դավաճանության պատճառները հասկանայինք ու փոխեինք իրավիճակը` այնպես, որ հաջորդ անգամ Ադրբեջանի՛ն դավաճանի։

Եթե Հայաստանը պետություն է, ուրեմն պիտի այս իրավիճակում իրեն դրսևորի որպես պետություն, եթե պետություն չէ` ուրեմն պիտի պետություն դառնա։ Կամավորականների հոսք, հանգանակություններ, հայրենասիրական պաթոս, «կուլակաթափ» և այլն` դրանք բոլորն իրենց տեղն ունեն, բայց Հայաստանն այս իրավիճակը կարող է հաղթահարել միայն որպես պետություն։ Եթե իշխանություններն այս դասը քաղել են` լավ, եթե չեն քաղել` պիտի ներողություն խնդրեն ու հեռանան, կամ` հասարակությունը պիտի հեռացնի։ Սա է, ուրիշ ելք չկա։

Եվ սա պիտի լինի մեր քաղած եթե ոչ միակ, ապա գոնե հիմնական դասը։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 14 ապրիլի 2016 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   7990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ