...

Մի գիշերվա ընթացքում

Մի գիշերվա ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում գրել է. «Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»:

«ՉԻ». Սա, իմիջիայլոց, մեզ հիշեցրեց ԵԱՏՄ-ին անդամակցելու պատմությունը, երբ Հայաստանը 4 տարի բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ, փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին, բայց 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի ներկայությամբ ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրեց: Կամ, ինչպես ասում են, մի գիշերվա ընթացքում ԵՄ-ից անցավ ԵԱՏՄ: Նույնիսկ հայտարարության ոճն է նույնը, երբ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»:

Հիմա մոտավորապես նույնն էր: Դեռ երեկ Ռուսաստանի քաղաքականությունը, ռուս գործիչները անխնա քննադատության էին ենթարկվում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր վաշինգթոնյան և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, երեկ ով չէր ալարում, Պուտինին անարգանքի սյունին էր գամում՝ Վալդայան ակումբում հայտնի ելույթի համար...

Ու հանկարծ գիշերն անցնում է, և Փաշինյանը նման հայտարարություն է անում: Վաշինգթոն, բան... միանգամից մնացին փշալարերից կախված:

Նշանակում է, բացի Պուտինի ելույթից, գիշերը թերևս այլ ազդակներ էլ են հասել Հայաստանի իշխանություններին, որոնք էլ ընդունել են ռուսական կողմի առաջարկը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հ.Գ. Ասել, որ Սերժ Սարգսյանը թեքվեց դեպի ԵԱՏՄ, որպեսզի պահպանի իշխանությունը, չենք կարող պնդել: Նիկոլ Փաշինյանի դեպքում դա ավելի հավանական է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1157 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ