...

«Միասնական» թիմից ո՞վ է խանգարել ռազմագերիների վերադարձին

«Միասնական» թիմից ո՞վ է խանգարել ռազմագերիների վերադարձին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության աշխատանքին, ասել է. «Ճիշտ է, այնտեղ բոլորը հոգնել են Արցախի թեմայից, բայց հարցն այն է, որ մարդիկ տեսնում են՝ պատերազմն ավարտվել է, փաստաթուղթ կա, բայց մի երկիրն իրեն պահում է ահաբեկչի նման, միայն ահաբեկիչն է փորձում պատանդ պահել և թելադրել պայմաններ։ Իմ ելույթում հստակ հայտարարել եմ, որ կա՛մ ռազմագերիներին պետք է տան, կա՛մ Ադրբեջանը հայտարարվի տեռորիստական երկիր»:

Երբ Էդմոն Մարուքյանը նշում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը հոգնել են Արցախի թեմայից, իրականում չեն հոգնել, այլ չասենք՝ թքած ունեն, բայց իրենց համար Արցախի հարցը չորրորդական է: Դեռ անհիշելի ժամանակներից բազմիցս է նշվել, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանալիները Ռուսաստանի ձեռքում են, որ կարգավորման հարցում ամենաշահագրգռվածը Ռուսաստանն է: Որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում գնալ խաղաղության և ընդունել, օրինակ՝ Լավրովի պլանը: Եվրոպան լրիվ ընդունել էր այս ֆորմատը և լուծումը թողել էր Ռուսաստանին: Ասել էր՝ ախպեր ջան, էս դու, էս էլ Ղարաբաղի հարցը, զբաղվիր դրանով, մենք հազար ու մի խնդիր ունենք, մեր յուղի մեջ տապակվենք:

Ու հիմա այն օրն ենք ընկել, որ ռազմագերիների հարցերով ավելի շուտ Թուրքիայի միջոցով կարելի է ինչ-որ արդյունքի հասնել, քան ԵԽԽՎ-ի: Որովհետև հասցրինք նրան, որ Թուրքիային էլ դարձրինք այս կոնֆլիկտի կողմ: Իհարկե, գլխավորը մնում է Ռուսաստանը, ռազմագերիների վերադարձի բոլոր խնդիրները նրա միջոցով են լուծվում: 

Այնպես որ, ԵԽԽՎ-ն միառժամանակ պետք է մոռանալ. այնտեղ Արցախի հարցով որևէ քննարկում անպտուղ է: 
Իսկ երբ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ եթե ռամագերիներին չվերադարձնեն, ապա Ադրբեջանը պետք է հայտարարվի տեռորիստական երկիր. այ մարդ, գոնե հիմա մի քիչ խելքի գան, ոտները վերմակի գյորա մեկնեն:

Ադրբեջանն այնտեղ GPS-ը ձեռը վերցրած Հայաստանի տարածքն է չափչփում, տեսնի՝ որտեղ ու ինչքան կարող է պոկել, սրանք էլի սուր են ճոճում: Դե տղա եք, հայտարարեք, որ Ադրբեջանը տեռորիստական երկիր է: Ո՞ւմ եք սպասում: Ձեզանից սկսեք: 

Եվ մեկ էլ. Էդմոն Մարուքյանն այսօր կայացած ասուլիսում ընդգծել էր, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում բավական միասնական է աշխատել, ընդհանուր թիմ է եղել և այլն: Սա, իհարկե, ողջունելի  է, այդպես էլ պետք է լինի: Բայց...

Տեսե՞լ եք, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ լիագումար նիստում ինչ ելույթ է ունեցել: Վերջն է: Մենք այդ ելույթից որոշ հատվածներ հիմա ներկայացնենք ու նորից հիշեցնենք, որ այդ հատվածները Հայաստանի Հանրապետության պատգամավորի ելույթից է՝ ԵԽԽՎ-ում:

***
««Սորոսի» հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորում է հասարակական, իրավապաշտպան և այլ կազմակերպությունների: Սորոսի հիմնադրամի գումարներով բազմաթիվ երկրներում տեղի են ունեցել իշխանափոխություններ և հեղաշրջումներ, ազգային արժույթները տապալվել են, որի հետևանքով շատ երկրներում ծաղկել է աղքատությունը»:
***
«Թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Նավալնին ՌԴ-ում, շատ լավ գիտեն Ռուսաստանում, բայց մի բան ակնհայտ է՝ որպես ընդդիմության առաջնորդ նա որևէ ժողովրդականություն չի վայելում, բայց, ինչպես ասում են, պղտոր ջրում ցանկանում է ձուկ որսալ»:
***
«2018թ. մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության իրականացման գործում նույնպես մեծ և վճռական դերակատարություն ունեցան այսպես կոչված «սորոսականները», որոնք տարիներ շարունակ ձևավորել էին իրենց ցանցը՝ իրավապաշտպանների, ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների միջոցով՝ ստանալով ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ»:
***
«Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում:
Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից»:

***
«Սեփական հոր և մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսեյ Նավալնի:
Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով և մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք»:

Հասկանո՞ւմ եք. մարդը գնացել է ԵԽԽՎ, ու Հայաստանի անունից Եվրոպայի վրա մուննաթ է գալիս, թքում-մրում, սպառնում, դասեր տալիս, Սորոսից խոսում, ահազանգում իրավապաշտպան կազմակերպությունների վտանգի մասին, մտնում Ռուսաստանի համապատասխան տեղը ու այսքանից հետո ուզում են, որ այս նույն Եվրոպան Արցախի կամ ռազմագերիների հարցում մեզ օգնի: Հիմա այս մարդը նման ելույթով նպաստե՞լ է ռազմագերիների վերադարձի խնդրի լուծմանը: Էդմոն Մարուքյանն էլ ասում է. միասնական թիմ էինք: Սա՞ է միասնական թիմը: Ու այս նույն միքայել մելքումյանները ժամանակին Զարուհի Փոստանջյանին դավաճան էին համարում, երբ վերջինս ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին կազինոների մասին հարց էր տվել: Բա դո՞ւք ինչով եք տարբերվում: Պատկերացնում ենք եվրոպացի պատգամավորների դեմքերը՝ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթի ժամանակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ