...

Մինչ բանակցում են, հայկական կողմում զոհեր ունենք

Մինչ բանակցում են, հայկական կողմում զոհեր ունենք

Մարտի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ-ն: «ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին հերթական անգամ ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը։ Այս անգամ թիրախում են հայտնվել Ասկերանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերը, որտեղ ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում։ Երեկ կեսօրին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են «Bayraktar» անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող։ Նրանք են Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ): Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով վիրավորվել է 15 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ «Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար»․ այսօր տեղեկացրել է Արցախի պաշտպանության բանակը։

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով

«Պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերից հետո շփման գծում հաստատված իրավիճակին։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Ըստ ռադիոկայանի՝ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի գլխավոր տեղակալ Ջալինա Փորթերը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի մարտի 24-ի հեռախոսազրույցներին։ Դոնֆրիդը, ըստ Փորթերի, «միայն վերահաստատել է մարտի 21-ին և 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ասածը, որը կոչ էր անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ գտնելու բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ»։ «Հայաստանին և Ադրբեջանին միայն պետք է օգտագործել ուղղակի հաղորդակցության խողովակները անմիջապես դեէսկալացիայի հասելու համար»,- հավելել է Փորթերը։ Տվյալ փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին առնչվող հարցին էլ, մասնավորապես՝ «հաշվի առնելով այն, ինչ անում է Ռուսաստանը տարածաշրջանում, դեռ համարո՞ւմ եք արդյոք Ռուսաստանին գործընկեր այդ տարածաշրջանում խաղաղարար գործունեությունում», Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալն արձագանքել է․  «Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խորապես հանձնառու է մնում հակամարտության երկարատև քաղաքական լուծման հասնելու գործում կողմերի հետ աշխատելուն»։

Ֆրանսիան Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ ելման դիրքեր

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ։ Ֆրանսիան նաև Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր։ Բացի այս, Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման խափանման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ վերականգնել գազամատակարարումը։ «Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ և կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել մատակարարումները, մինչդեռ եղանակային պայմանները մնում են դժվար այնտեղ ապրող մարդկանց համար»,- ասված է հայտարարության մեջ։

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ