...

Մինչև հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի «կոնսպեկտներից» են օգտվում

Մինչև հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի «կոնսպեկտներից» են օգտվում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է «նախորդ ռեժիմին», ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիկոլի քմահաճույքով ձևավորված և քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից»:

Մեզ այս առթիվ մի բան հետաքրքրեց. Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է Հայաստանի ղեկավարը, և բազմիցս միջազգային հարթակներում ելույթ է ունեցել: Այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից: Եկեք տեսնենք, թե տարբեր տարիներին ինքը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ինչ ելույթներ է ունեցել և ինչ թեմաների է անդրադարձել: 

Եվ այսպես, 2011թ. սեպտեմբերի 24. Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, խոսել երկու թեմայից. Արցախի ինքնորոշում և վատ Ադրբեջան:

«Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան»: Ուրիշ ոչ մի թեմա. ոչ ժողովրդավարություն, ոչ՝ մարդու իրավունքներ, ոչ՝ խոսքի ազատություն: Մինչդեռ ՄԱԿ-ի հռչակած հիմնարար արժեքների թվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարևորագույն տեղ են գրավում: Ինչևէ:

2014թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, խոսել է միայն երկու թեմայից. Հայոց ցեղասպանություն և արցախյան հակամարտություն: Ուրիշ ոչ մի թեմա. ոչ ժողովրդավարություն, ոչ՝ մարդու իրավունքներ, ոչ՝ խոսքի ազատություն:

Բայց այս ելույթում կցանկանայինք մի ուշագրավ պահի անդրադառնալ: Դա միակ դեպքն է, երբ Սերժ Սարգսյանը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ելույթում ոչ թե լոլոներ է կարդացել, այլ շատ կոնկրետ է խոսել՝ մանրամասն անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ կողմից արցախյան պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերի մասին, որոնք հայկական դիվանագիտության փայլուն ձեռքբերումն էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանն ասել է. «Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում:

Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»:

Սա Սերժ Սարգսյանն է ասել: Այն Սերժ Սարգսյանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին տարիներ անց ուրանալու է Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կատարած հսկայածավալ դիվանագիտական աշխատանքն ու ձեռքբերումները՝ վերջինիս մեղադրելով դավաճանության, հողեր հանձնելու և այլ մեղքերի մեջ: Բայց միջազգային ատյաններում առ այսօր արցախյան հիմնահարցից խոսելիս հիմնվում են Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի աշխատանքի շնորհիվ ընդունված միջազգային բանաձևերի վրա: 

2015թ. սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում: Ելույթում միայն երկու թեմայի է անդրադարձել՝ արցախյան հիմնախնդիր և Ցեղասպանություն: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ վատն են: Ուրիշ ոչ մի թեմա. ոչ ժողովրդավարություն, ոչ՝ մարդու իրավունքներ, ոչ՝ խոսքի ազատություն: 

2017թ. սեպտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում: Ելույթում միայն երկու թեմայի է անդրադարձել՝ արցախյան հիմնախնդիր և Ցեղասպանություն: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ վատն են: Ուրիշ ոչ մի թեմա. ոչ ժողովրդավարություն, ոչ՝ մարդու իրավունքներ, ոչ՝ խոսքի ազատություն: Ահա, ոնց որ մենք ենք հիմա վերևի պարբերությունը copy-paste անում, նույն ձևով էլ Սերժ Սարգսյանն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովներում իր ելույթները copy-paste արել: Նույն ելույթները, նույն՝ հռետորաբանությունը: Դե հիմա թող Աշոտյանը ինքն ասի, Սերժ Սարգսյանի ելույթները, որոնք «փչացած պլաստինկա» են հիշեցնում, ի՞նչ արդյունք են տվել Հայաստանին ու Արցախին, բարձրացրել ե՞ն Հայաստանի հեղինակությունը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստել ե՞ն: Ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին չենք խոսում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ