...

Ե՞րբ են նախկին իշխանությունները խոսել տարածքների վերադարձի մասին

Ե՞րբ են նախկին իշխանությունները խոսել տարածքների վերադարձի մասին

Սերժ Սարգսյանի վերջին ծավալուն հարցազրույցը դեռ շարունակում է բազմաթիվ մեկնաբանությունների և արձագանքների տեղիք տալ: Մենք էլ կփորձենք նրա հարցազրույցի տարբեր դրվագների անդրադառնալ:

Օրինակ, երբ հաղորդավարը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ բանակցային սեղանին դրված փաթեթի մասին այն ժամանակ չեք խոսել, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Շատ անգամ եմ ասել, չեմ թաքցրել»:

Նախ, ասենք, որ խոսքը գնում է կարգավորման կազանյան-մադրիդյան-լավրովյան փաթեթի մասին, որը ապրիլյան պատերազմից հետո ավելի առարկայացավ: Այստեղ Սերժ Սարգսյանը մասամբ է ճիշտ: Ոչ հրապարակավ նա շատ նեղ շրջանակներում ասել է, որ կա նման փաթեթ, ինքը հակված է ընդունել այն: Բայց ահա հրապարակավ, ինչպես՝ օրինակ, ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն է ներկայացրել, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն միշտ փորձել են խուսափել տարածքների զիջման մասին խոսելուց, կամ էլ չէին ասում, որ քննարկվում է մի ծրագիր, որով նախատեսվում է տարածքներ զիջել: 

Մի օրինակ բերենք. 2016 թվականի դեկտեմբերին ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմից տարածքային զիջումների անհրաժեշտության և անխուսափելիության մասին: Նա Հայաստանի իշխանություններին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, քննադատել էր, որ նրանք բավականաչափ հստակ և միանշանակ չեն խոսում զիջումների անհրաժեշտության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, որ այդ պահին բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու փուլային տարբերակը: «Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ»,- բառացիորեն ասել էր Առաջին նախագահը:

Հիմա ներկայացնենք, թե ինչպես էին Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած այս խոսքերին արձագանքել իշխանությունները:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային միայն մեկ տարբերակ գոյություն ունի, այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի տարածքները և դիմում Ստեփանակերտին միջպետական սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ:
«Ապրիլին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա միակ լուծումը սա է: Ադրբեջանն ինքը պիտի տարածքներ վերադարձնի»,- ասել էր Շավարշ Քոչարյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ զարմանք էր հայտնել, թե Տեր-Պետրոսյանը վախտ է գտել բանակցային սեղանին դրված փաթեթի մասին խոսելու համար: «Արդյոք պատե՞հ պահն է ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ընթացող դիվանագիտական գործընթացը բացառապես բանակցություն է բանակցությունները սկսելու մասին, խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, կարող է իրեն թույլ տալ: Արդյո՞ք պահն է, այսպես ասած՝ հարսանիքից առաջ որոշել թոռան անունը:

Երկրորդ՝ արդյոք ճի՞շտ է քաղաքական տեսանկյունից, երբ ռադիկալ ընդդիմությունն արտաքին քաղաքական հարցերի շուրջ հանդես է գալիս ավելի ճկուն դիրքերից, քան իշխանությունը»:

Ու երբ Արմեն Աշոտյանին հիշեցրել էին, որ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ պատրաստ է եղել Կազանում ստորագրել տարածքների զիջում ենթադրող փաստաթուղթը, Աշոտյանն ասել էր, թե Շավարշ Քոչարյանն ինչ-որ պետք է, ասել է. «Ավել խոսել այս օրակարգի մասին չեմ ուզում»:

Ու 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ծրագրերի մեջ որևէ խոսք չի եղել այն մասին, որ պատրաստ են ընդունել ԵԱՀԿ ՄԽ-ի այն ծրագիրը, որը նախատեսում է որոշ տարածքների վերադարձ: 

Հիմա դուք որոշեք. սա կառուցողակա՞ն վարքագիծ է եղել, արդյոք ՀՀԿ-ն ազնի՞վ է եղել, երբ հանրությանը մի բան էր ասում, իսկ բանակցություններում այլ բան էր քննարկում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ