ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ
«Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովրդի, աշխարհը՝ Հայաստանի, հետևաբար ընդդիմությունն էլ նույն գծի մեջ է։ Ընդդիմությունը փորձեց ինչ-որ բան անել, պարզվեց ժողովուրդը դեռ պատրաստ չէ, էլի նախկին-ներկա է խաղացնում, պիտակավորում է, հանդուրժում է դավաճանի գժությունները, չի նկատում ո՛չ պարտությունը, ո՛չ զոհերին, ո՛չ գերիներին, ո՛չ դավաճանությունը, ո՛չ էլ վերահաս վտանգները։ Այդ պատճառով ընդդիմությունն էլ որոշեց սառնամանիքին չմրսել հանուն նրանց, ում դեռ պետք չէ։ Եվ ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել. եթե ժողուրդն իրավունք ունի նեղանալ, արդյո՞ք ժողովրդից նեղանալու իրավունք չկա։ Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու»,- գրում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Պարզունակ այս դատողություններն անում է մի մարդ, որի գրեթե բոլոր ելույթներում ընդգծվում է սեփական ծագման հանգամանքը: Էլիտարության ձգտումը նրան ստիպում է ունկնդրին կամ ընթերցողին անդադար հիշեցնել, թե ովքեր էին իր պապերը: Սակայն չգիտես ինչու պ. Մինասյանը խուսափում է աներոջ մասին խոսելուց, թեպետ ՀՀ կառավարման լծակների մոտ է հայտնվել հենց նրա՛ շնորհիվ: Իսկ հիմա հիշենք, թե ով էր Մ. Մինասյանը հեղափոխությունից առաջ: Ո՛չ, նա Պանիկովսկու նման հայտնի մուրացկան չէր: Նա ստվերում էր, ուներ ահռելի մեդիառեսուրսներ և ձևավորում էր էլիտա: Ովքե՞ր էին այդ էլիտայի կազմում: Այո՛, ճիշտ եք, զանազան դերասան-դերասանուհիներ, որոնց սերիալային կերպարները մեզ վրա տասնյակներով էին թափվում հեռուստաէկրաններից: Ահա այս աստղ-աստղիկներից էր ձևավորվում հայկական հայտնիների փաղանգը, որ պետք է նաև մտավորականություն կոչվելու հավակնություն ունենար:
Միքայել Մինասյանի վերահկողության տակ գտնվող մեդիադաշտն էր ձևավորում հասարակական կարծիք: Այդ նրա՛ նախընտրած քաղվերլուծագանգերն էին ամեն Աստծո օր ձեզ համոզում, որ քաղաքականությունը վատ բան է: Այդ նրա՛նք էին արժեզրկում 90-ականները, պետության կայացումն ու հաղթանակը: Այդ նրա՛նք էին ձեզ համար ջնջում ցանկացած արժեցող անհատի հեղինակություն, ձեզ զրկում էին մտածելու կարողությունից, ապացուցում, որ Սերժ Սարգսյանն է միակ իմաստուն ղեկավարը...
Մ. Մինասյանի վերահսկած հեռուստաալիքների սերիալների հերոսների կյանքն էր ձերը, նրանց կերպարներն էին օրինակելի: Տարիներ շարունակ ձեր ուղեղը լվացել էին, և, իհարկե, դուք թքած ունեիք և՛ երկրի, և՛ հաղթանակի վրա, որովհետև ձեզ ներշնչել էին, որ քաղաքականությունը վատ բան է, որ քաղաքական պահանջներ ներկայացնել չի կարելի, որ հասարակական պահանջներ ներկայացնողները կարող են մանր-մունր հաջողություններ ունենալ (օրինակ՝ երթուղայինի վարձավճարը մնաց 100 դրամ), իսկ քաղաքական ընդդիմադիրները արժանի են բանտի: Քաղաքական ընդդիմադիրները ներկայացվում էին որպես նախկիններ, որոնք ուզում են երկիրը վերադարձնել «ցրտի և մթի տարիներ»:
Տեղ հասանք: Հասանք հայ քաղքենու սիրած թեմային՝ ցրտին ու մթին, սովետի կարոտախտին: Նկատենք՝ Մինասյանի էլիտար պապիկները հենց սովետական ֆունկցիոներներ էին: Բայց հանգիստ թողնենք նախնիներին...
Հենց այս շրջանում էր դատարկվում Հայաստանն իր իրական էլիտայից: Եվ հեռացողների քանակն այս դեպքում կարևոր չէ, կարևոր է նրանց որակը: Երկրից հեռանում էին գիտական, ստեղծագործական, քաղաքական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ: Չէ՞ որ նրանք չէին կարող մտնել Մ. Մինասյանի էլիտայի մեջ. սերիալների աստղիկներ չէին, ուսխորհրդական հլու-հնազանդ կոմսոմոլներ չէին, քաղաքական պատվերներ հաստատ չէին կատարելու: Իսկ մենք չէինք նկատում, որ երկիրը գլխատվում է, ազգը վերածվում է միայն տնտեսական մանր պահանջներով ապրող ամբոխի:
Հընթացս ծաղկում էր հայ քաղքենին, նյութական բարիքներ սպառող, ազգային դատարկ տեսլականների կենացներ ասող, սեփական պետությունն ատող քաղքենին:
Եվ հիմա նաև Մ. Մինասյանի անխոնջ գործունեության արդյունքն ենք վայելում. ունենք տգետ, ինքնահավան իշխանություն, լաչառ, անկարող ընդդիմություն և անտարբեր ժողովուրդ:
Ուստի պատեհ-անպատեհ խաչակիրներին հղում անող Մ. Մինասյանին քրիստոնյային վայել խորհուրդ տանք. ապաշխարե՛ք, որովհետև մեղավոր եք, որովհետև նաև դուք եք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել:
Գրիգոր Խաչիկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021