...

Մոտիվացիոն նամակ՝ ինչպե՞ս դառնալ Գյումրիի քաղաքապետ

Մոտիվացիոն նամակ՝ ինչպե՞ս դառնալ Գյումրիի քաղաքապետ

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչպես կարելի է դառնալ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Դրա համար անհրաժեշտ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մեկ լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելու ապացույցներ, կարճ ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով։

Մեր տեղեկությունների համաձայն՝ արդեն իսկ ինքնառաջադրումների հսկայական հոսք է սկսվել, բայց ՔՊ վարչությունից թիմակիցներին ներքին կարգով հորդորել են զուր տեղը նեղություն չքաշել, որովհետև հայտերից մեկի ուսումնասիրությունից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի արդեն որոշումը կայացրել է։ Իսկ պատճառը եղել է հայտատուի մոտիվացիոն նամակը, որն էլ ներկայացնում ենք ստորև․

«Չափազանց մեծարգո պարոն Վարչապետ ջան։ Որպես կարճ ինքնակենսագրական՝ ասեմ, որ ծնվել եմ անցած դարի 70-ական թվականներին՝ Գյումրիում, բայց արմատներով Իջևանի կողմերից եմ։ Դեռևս վաղ մանկության տարիներին ուսումնասիրելով Ձեր «Երկրի հակառակ կողմը» դարակազմիկ աշխատությունը՝ որոշել եմ հեղափոխական գործունեություն ծավալել և նպաստել բարեկիրթ հարևանների հետ խաղաղության դարաշրջանի բացմանը, ինչի նպատակով էլ 4-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել Գյումրիում հայտնի «Ստամբուլի բազառում»՝ որպես հետիոտն բեռնափոխադրումների մասնագետ։ Քայլել եմ։ 

Ինչո՞ւ եմ ուզում դառնալ Գյումրիի քաղաքապետ։ Որովհետև սիրում եմ հեծանիվ քշել ու քյալլա ուտել։ Բայց ոչ հեծանիվ ունեմ, ոչ էլ քյալլայի փող։ Գյումրիի քաղաքապետ դառնալու դեպքում երկու երազանքներս էլ կիրականանան։ 

Ունեմ նաև Գյումրիի զարգացման ծրագիր։ Չոր նավահանգստից Սլաբոդկայով դեպի Թուրքի մայլա մետրո պիտի սարքեմ, մուտքն էլ՝ միայն 140 դրամանոց մետաղադրամներով կամ Ծո-Առ կոդով, որը հնարավոր կլինի ձեռք բերել միայն մորքուրիս մարդու բուդկայից։ Նախատեսում եմ նաև տուգանքներ սահմանել։ Ամառները՝ գլխարկ դնելու համար, ձմեռները՝ գլխարկ չդնելու համար։ Հա, մոռացա ասել՝ մինչև 2050 թվականը Գյումրին պիտի ունենա 18 միլիոն բնակչություն, Սև բերդը պիտի դառնա ՆԱՏՕ-ի ռազմաբազա, մայթերին պիտի ժավել վաճառեն միայն ակցիզային դրոշմանիշներով, «լվա ինքդ» կետերն էլ պիտի դուրս բերվեն քաղաքից և օգտագործեն միայն էկոլոգիապես մաքուր քիմիական թունանյութեր։

Գյումրիում հաշվառված լինելու մասին։ Տեղեկացնեմ, որ հաշվառված եմ կրկնակի։ Ե՛վ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, և՛ նարկոդիսպանսերում։ Կից ներկայացնում եմ համապատասխան փաստաթղթերը և խնդրում դրանք դիտարկել որպես ոչ միայն Գյումրիում հաշվառված լինելու, այլև ՔՊ համակիր հանդիսանալու անառարկելի ապացույցներ։

Անկեղծորեն Ձեր՝ Այսինչ Այսինչյան»։ (Անուն-ազգանունը միտումնավոր չենք նշում, որպեսզի չազդենք «փրայմերիզի» արդյունքների վրա)։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ