Հատկապես այսօր: Վախենալը խստիվ ցուցված է: Հատկապես այսօր: Ինչու ենք ասում: Ինչու ենք այսօր ասում: Որովհետև… կորոնավիրուս է: (Ֆեյսբուքյան տրամաբանությանը հարիր` այստեղ պիտի սմայլիկներ լինեին` հեղինակիս տրամադրությունն ակնարկեին): Այո, կորոնավիրուս է և թե՛ համաշխարհային և թե՛ ներհայաստանյան շատ գործընթացներ երեկ, այսօր ու վաղը ամենատարբեր ու ամենաանակնկալ զարգացման տրամաբանությամբ են կարող ընթանալ:
Մանավանդ որ հենց կորոնավիրուսի բերած իրավիճակով 2018-ի հեղափոխության` մեզ ու մեր բերած հեղափոխական կառավարիչներին` Նիկոլին տված շանսը` ինքնուրույն սլաքավար դառնալու, կամ գոնե էդ ճամփին, ռելսերին կանգնելու շանսը աստիճանական ցնդումից կտրուկ գոլորշիացման անցավ ու էապես պակասել է` մարտահրավերը ֆորսմաժորային է և հսկայական ստվերային խաղ է ընթանում բոլորը բոլորի դեմ սկզբունքով, տնտեսական ու ֆինանսական պատերազմ է ընթանում ու ռեսուրսների վերաբաշխում և Հայաստան աշխարհը անընդհատ վրիպելու խնդիր ունի այլևս. խոշոր ու խոշորագույն կենտրոնները Հայաստան աշխարհին ասում են. «սպասիր, քու վախտը չի», կամ բան չեն ասում, կամ ԱՀԿ-ի իրարամերժ ցուցումներն են դեմ տալիս, թե` արա, կամ… մի խոսքով:
Մտածելը խստիվ է ցուցված: «Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին…»: Ու հետո էլ թե` րոպե առաջ, րոպե առաջ… Սրանք, այո, Նիկոլ Փաշինյանի քաջակորով խոսքերն են: Ու իհարկե Փաշինյանը ՄՏԱԾԵԼ-ը այլ իմաստով է գործածել` անհանգստանալու իմաստով, բայց փորձենք մենք մտածել, որ այնուամենայնիվ ենթատեքստում կա այդ բառարմատի բուն իմաստը` ՄՏԱԾԵԼ-ը, և լեզվա-հոգեբանական սայթաքում է տեղի ունեցել: Ու կստացվի, գիտեք ինչ, կստացվի, որ Փաշինյանը երկու տարի է, ինչ չի մտածում` մտածելու բան չունի այնքան ժամանակ, քանի ունի ժողովրդի վստահությունը: Համենայն դեպս չի մտածում այն հիմնական դրվագներում, գլոբալ դրվագներում, որտեղ ու որոնցով պիտի հեռացած, բայց մնացած մաֆիայի` հեքիաթի վիշապ օձ կամ ծովահրեշ` գանգը ջախջախած, մաշկը աշխարհին ի տես փռած լիներ: Ու այդպես «հանգիստ, այդպես սիրով», լոկ ժամանակ առ ժամանակ ասֆալտին փռելու ու պատեպատ զարկելու` երկրորդ անգամ հնչելուց հետո այլևս անիմաստ էմոցիոնալ ու սպառված հոխորտանքով… շարունակում է չմտածել: Մինչդեռ անհանգստանալ պետք է ու այն էլ ինչպես… քաղաքական գնահատական անցյալին, վեթինգ, ՀՀ կեղծ սահմանադրության չեղարկում, լյուստրացիա… Չէ, ոչինչ: Դրա փոխարեն, գիտենք` կիսատ ու անհասկանալի հանրաքվե ՍԴ-ի վերաբերյալ, որ չի արվելու, փախած օլիգարխներ, ձգձգվող դատեր, իրավապահներ ու ուժայիններ, որ երեկ սպիտակ, վաղը` սև, իսկ առհասարակ ԳՈՐՇ ԵՆ: Դրա փոխարեն օլիգարխների «քաղաքացիական ընդվզում» Քաջարանում: Դրա փոխարեն` ազգիս նախկին փեսա Միշիկի եթերային սավառնումներ: Ու ամենավատը` հենց իր Նիկոլի «փաստ համար…»: Ու ակնհայտ, բաց խաղ, բաց թղթախաղ կամ դրա իմիտացիա. փեսա Միշիկը ուղիղ ասում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության միջոցով վարչապետին պիտի հեռացնի պաշտոնից և նոր վարչապետ բերի… ու կարծես թե հավեսով էլ շրջանառում է իր և հարակից մեդիայով, որ դա` էդ վարչապետացուն… Ավինյան Տիգրան փոխվարչապետն է: Համաշխարհային քաղաքականության մեջ առկա վատթարագույն սցենարներում, վատթարագույն բռնատիրական երկրների վատթարագույն ռեժիմների օրերում այսպես բաց ու ապուշական խաղի իմիտացիա չկա` մեզ ծանոթ չէ: Ուրեմն` ԻՆՉ… Հա, մոռացանք, Միշիկին էլ ձեն է տալիս Ֆարմանյանը ու … էլի ֆարմանյաններ են լինելու: Անխոս: Ուրեմն` ինչ…
Հայաստանի ապագան վատնել եք
Ուրեմն այն, որ Փաշինյանը մի կողմից ապօրինի ձեռք բերած գույքի ազգայնացման օրենք է ընդունում, որը պիտի երկու տարի առաջ ընդուներ, եթե առհասարակ այսպես շարժվելը համարենք ճիշտ ճանապարհ ու… միաժամանակ հայտարարում է, որ քաղաքական դաշտում ինքը` իրենք` իր թիմը ու ՀՀԿ-ն են, ինքն ու Սերժը, ինքն ու Միշիկը, ինքն ու… ֆարմանյաններն են խաղացողները… Այսինքն՝ Հայաստանն ունի «անցյալ»` Սերժիկը, «ներկա»` Նիկոլը:
Դրանից տրամաբանորեն բխում է, որ Հայաստանի ապագան կամ ինքը` Նիկոլն է, կամ՝ միշիկներն ու սերժիկները: Դրանից տրամաբանորեն բխում է, որ Հայաստանը չունի դիալեկտիկա, չկա դիալեկտիկա այս երկրում Նիկոլի տեսլականով: Քանի որ չկան քաղաքական այլ ուժեր, որ կարող են հավակնել իշխանության, այլ կան միայն սևերն ու սպիտակները: Շախմատ: Սերժի շախմատ: Սև/սպիտակ: Ես սխալ էի` Նիկոլը ճիշտ: Միշիկն էլ է գալիս դա ասելու` ԱԺ իմքայլականներն ու քպականները միակն են, որ կարող են հեռացնել Նիկոլին ու «մոտեցնել» հաջորդ վարչապետին. մաֆիան, ՄՄՄ-ն` Մեդիա-Մանգնատ-Միշիկը բաց խաղով իմաստուն հայրական հորդորներ է տալիս «իր ժողովրդին»` մեզ` իր ՔԱՂԱՔԱԿԱՆ մրցակիցներին: Այսինքն՝ երկու տարի է անցել ու … ես ճիշտ եմ, Նիկոլը` սխալ: Կրկնում ենք` բաց բլեֆ ու անհեթեթ խաղ, եթե… ստվերային ինչ-ինչ բաներ առկա չեն, և եթե, ինչպես հիմա ասում է նախկին մի օմբուդսմեն` կոճակի մի սեղմումով մաֆիան արհեստական երկրաշարժերով ամենատարբեր էպիկենտրոններում երկրաշարժեր չի սադրում և իրականացնում` կործանելով Հայաստանն ու նրա ապագան:
Ի դեպ, ինչպես որ ֆենոմենալ է այս պահին Սամվել Ֆարմանյանի ասպարեզ ելնելն ու բան ասելը, նույնպես և ֆենոմենալ է ու ժամանակին` նախկին այդ օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի` դարձյալ ասպարեզում երևալը և նրա ասածը: Եթե չեք տեսել Պետրոսի հետ նրա վերջին եթերը` անպայման դիտեք: Էապես շրջահայաց ու զգուշավոր էդ իրավաբան-փաստաբանը ինչպիսի~ լուրջ վտանգներ է տեսել, որ ասպարեզ է ելել ու խոսում է...
Մաֆիան պետք էր ոչնչացնել, և մաֆիայի գլուխն էր պետք ջախջախել դեռ երկու տարի առաջ: ՀՀ քրօր., հոդված 223. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը: Ահա ախտորոշումը, ահա ծովահրեշը: Ահա քաղաքական, ՔՐԵԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ գնահատականը ՍԵՐԺԻ ու ՌՈԲԻ իշխանության քսանամյակի: Վերջակետ: Ահա ում հետ, որ ԲԱՑԱՌԻԿԻ հետ է Նիկոլն իրեն քաղաքական պայքարի մեջ համարում և ահա ում հետ է վիճարկում մեր և Հայաստանի ապագան: Սա զավեշտ է և ՎՏԱՆԳԱՎՈՐ զավեշտ: Այնպես որ, ՆԻԿՈԼ, ՄՏԱԾԵԼԸ ՑՈՒՑՎԱԾ Է: Ու դեռ ուշ չէ:
Քաղաքական դաշտի ամայացման մեղավորը դուք եք
Դառնալով վարչապետի, ըստ մեզ` թրենդային երկրորդ «գերմտքին»` որ ինքը չի վախեցել, չի վախենում, ու թերևս` չի վախենալու քաղաքականապես, քաղաքական դաշտում մենակ մնալ, պիտի ասենք` որ վստահ ենք, որ այդ այդպես է: Գիտեք ինչու: Այո, քանի որ սրան նախորդած շարադրանքում առկա իրողությունն այդ է ապացուցում: Ուղղակիորեն կամ անուղղակի: Ինչպես կուզեք: Եվ չնայած Զիգմունդ Ֆրեյդից սկսած բոլոր հոգեբանները անցած դարն ի վեր պնդել են ու պնդում են, որ որպես կանոն մի բանի կտրական ժխտումը հենց հաստատումն է դրա`ատում եմ-սիրում եմ, չեմ վախենում-վախենում եմ, մենակ չեմ-մենակ եմ... մենք մեզ թույլ կտանք մեր սիրելի վարչապետին այնուամենայնիվ դիտարկել որպես պարականոն անհատ և, այո, հաստատել, որ չի վախենում, հաստատ չի վախենում ինքը: Բայց թույլ տվեք, սիրելի Նիկոլ, մենք վախենանք Ձեր էդ չվախենալուց: Որովհետև այսօր Հայաստանում քաղաքական ու հանրային դաշտի ամայացման համար մեկ մեղավորը կամա-ակամա Դուք եք ու Ձեր թիմը:
Հետհեղափոխական շրջանում քաղաքական դաշտի պրոգրեսիվ թևի` ազգայնականներ, ազատականներ, ժողովրդավարներ, պահպանողականներ վերընձյուղումն ու վերաձևավորումը` օրենսդրորեն, ֆինանսապես, տնտեսապես ամայացած Հայաստանում հիանալիորեն և շատ պարզ քայլերով` կոնսուլտացիաներից մինչև միջազգային փորձով առկա և գործուն մեխանիզմներ պիտի տեղի ունենար, ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ: Եվ դուք դա անհետաձգելիորեն պիտի անեիք: Հանրային դաշտի ու մտավորականության վերընձյուղումն ու վերաձևավորումը նույնկերպ պիտի տեղի ունենար ու ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՔ ԴԱ ԱՆԵԼ: Ձեզ առաջարկվել էին, առաջարկվում են ու կառաջարկվեն էլի մեխանիզմներ, օրենսդրական փաթեթներ, որոնցով դա արագ ու լավագույնս կիրականանար ու հիմա էլ, հուսանք, ուշ չէ: Բայց..., ահա Ձեր սիրելի թիմը Ձեր և իր երեկվա սիրելիների վրա «գործեր է տալիս» իրավապահներին, ոճով և բովանդակությամբ «սերժանտական» գործեր: Բայց ահա և հեռացածներին, հրաժարական տված ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ որպես դավաճան եք նշավակում: Բայց ախր Վանեցյանը երբ հեռանում էր` «բարիշելու» առաջարկով իրեն էիք ուզում թողնել ֆուտբոլի ֆեդերացիան... Օտարին: Այո, ՕՏԱՐԻՆ: Որին Ձեր մտքի խորին խորխորատներում պեղել և գտել և նշանակել էիք, որպես յուրայինի: Դա, դե, այո, անցած էտապ է: Բայց այսօր էս իրավիճակում ՁԵՐՈՆՔ էս ինչով են զբաղված: Դուք ինչով եք զբաղված...
Մտածելը խստիվ է ցուցված, վախենալը խստիվ է ցուցված: Վախեցեք երկրի ապագայի, Ձեր զավակների այս երկրում ապագայի, Ձեր անվտանգության համար վախեցեք: Մարդկանց համար, նրանց համար վախեցեք, ովքեր Ձեր կողքին են լինելու հանուն իրենց զավակների ապագայի, երկրի ապագայի, իրենց և Ձեր անվտանգության: Հենց այսօր, օր առաջ կոնսուլտացիաներ սկսեք առաջադեմ հանրության հետ, այն քաղաքական ուժերի հետ, որոնք որպես Միշիկի-Սերժիկի-Ռոբիկի վկաներ չեն բացահայտվել` քանի որ բևեռացումն արդեն տեղի է ունեցել և պարզ է` ով ով է: Եթե Կարեն Անդրեասյանն է ասում, որ սա պատերազմ է թե՛ գլոբալ, թե՛ ներհայաստանյան իմաստով, եթե մաֆիան շիզոլինիներ ու ֆարմանյաններ ու իսագուլյաններ է հանում ասպարեզ` ուշացնում եք: Կոնսուլտացիաներ արեք ու նախահարձակ եղեք: Հիշեք, որ Մուրադ-Ռաֆայելյան դպրոցի սան, աստվածաբան-ման ՄՄՄ-ն կամ նրա աները չեն խնդիրը, էդ նույն հոդված 223-ը չի խնդիրը (2+2+3=7): 7 մահացու մեղքերը ուսումնառությամբ գիտակցած ու յուրացրած Միշիկը ցինիկ տղա է, երեսառած տղա է և վա-բանկ գնացող մաֆիան ինքն է` մեղսակիր Միշիկը: Եվ ինքը կա, քանի որ իրեն գեներացրել եք. թույլ եք տվել, որ ինքն ուշքի գա, այդ մաֆիան ուշքի գա, կոնսոլիդացվի և գլուխ բարձրացնի:
Անթույլատրելի է ձեր թիմակից որոշ «ռահվիրաների» գոռոզամիտ դատարկությունը, պարապությունն ու վարքը: Բայց դա չնչին ու շտկելի բան է տակավին:
Աններելին Ձեր անգործությունն է: Ազգային անվտանգության խնդիր է սա այլևս: Քայլ արե՛ք:
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020