...

Նախ պետք է ազատվել ժեխ էլիտայից

Նախ պետք է ազատվել ժեխ էլիտայից

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել տեսանյութ, որի հերոսուհին լրագրողի հարցին պատասխանելիս պնդում է՝ եթե թուրքն գա, մեզի սաղին մորթա, ես Փաշինյանին եմ ուզում․․․ Եվ նախկին հայտնի լրագրող, քաղաքական-հասարակական գործիչ տկն Զոհրաբյանը հուզումնալից մեկնաբանություն է գրում․ «Երբ էս տեսակի բիոզանգվածին ես անվանեցի «ժեխ», էս իշխանությունը մեկ կոճակի քվեարկությամբ ինձ հեռացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ 

Սա, էս բիոզանգվածը ասում է՝ եթե անգամ թուրքը գա մտնի իմ տուն ու մորթի իմ թոռներին։ Ու վստահ եղեք՝ սրանք, էս բիոզանգվածի պես մտածողները, շատ են։ Դրա համար էլ թուրքը արդեն մեր տանն է ու շարունակում է առևանգել, գերեվարել, մորթել մեր զինվորներին և քաղաքացիական անձանց։ Էս բիոզանգվածի սրտի պոռթկումը երեկ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ մեկ լուրն էր։ 

Ես ամաչում եմ, որ իմ և սրա նմանի անձնագրում նույն ազգությունն է գրված։ 

Ես շատ կուզենայի, որ սրա նմանները չունենային որդի, դուստր, թոռներ։ Որովհետև սրանք, այո, ժեխ են։ 

Ու հիմա թող մեկը ասի, որ ես սխալ էի՝ որ թուրքին իր տուն հրավիրողն ու իր թոռներին մորթելու կոչ անողը ժեխ չի և ընդհանրապես՝ սա մարդ է»։

Մի փոքրիկ справочка-ով ընդմիջենք ձեր էլիտար ցասումը և անցնենք առաջ։ Այս բիոզանգվածը ժամանակին ժողովուրդ էր, որ ձայն էր տալիս ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և այլոց 5-10000 դրամի դիմաց։ Այս բիոզանգվածն էր համբուրում մեծ բարերար Գագիկ Ծառուկյանի ձեռքերը։ Առնվազն 2 տասնամյակ հասարակությունից խմորվել, ջրի երես է դուրս եկել ահա՛ այս բիոզանգվածը, որպեսզի նախագահի աթոռ և պատգամավորական մանդատներ ապահովվեին մեկ այլ բիոզանգվածի համար։ Ուրեմն հենց այստեղից էլ անցնենք բուն նյութին։

1998-ից իշխանության խնդիրը լուծվում էր էլիտար և ոչ այնքան էլիտար բիոզանգվածի շնորհիվ։ Բացատրենք․

1․ Իրեն գրագետ, ազգային համարող բիոզանգվածը հաղթող Նախագահին հռչակեց պարտվողական։ Հետևողականորեն ժեխոտեց ամբողջ հասարակական-քաղաքական դաշտը՝ դուրս մղելով պետականության գաղափարը։ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի շուրջ հյուսված այլանդակ առասպելները տիրաժավորեց և ցփնեց հասարակական գիտակցության մեջ՝ հանուն ժեխի իշխանության և ընդդեմ հայոց պետականության։

2․ Բնական էր, որ քաղաքական դաշտի ժեխացման հիմքում ընկած էր անձնական շահը։ Քաղաքական կարիերան հարստանալու հրաշալի միջոց էր։ Ուրիշ ոչինչ։ Բնական էր, որ բացի սեփական ստամոքսից այլ գաղափարներ չունեցող մարդիկ էին ձգտում հայտնվել իշխանության կուռ շարքերում։ Անգամ ի ծնե խելացի մարդիկ էին ստիպված էլիտար ժեխի կերպարի մեջ մտնել, որովհետև միայն այդպես կարող էին վերև բարձրանալ։

3․ Եվ բնական է, որ համատարած՝ վերից վար, ժեխացման պայմաններում, իշխանության հասնելու համար էժան գնվող բիոզանգվածը պետք է գտներ ժեխի կատարելությունը։ 

4․ Ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, որ պարտված վարչապետը այս մարդկանց միջոցով պահեց իշխանությունը։ Կրկնենք՝ 2 տասնամյակ քաղաքական ժեխ էլիտան պարազիտացել էր Արցախի ազատության գաղափարի վրա՝ հընթացս վարկաբեկելով հաղթող իշխանության առանցքային դերակատարների կերպարները։ 

Հաղթանակն արժեզրկվում էր ամեն օր, քանի որ ձեր կողմից ժեխ հորջորջված մարդիկ տեսնում էին, թե ինչպես են իրենց մեծ ստամոքսի հարցերը լուծում Արցախի հարցը դրոշ դարձրած ոչմիթիզականները։ Աղքատացող, հուսալքված, բամբասանքով և լրատվական այլանդակ դաշտով դեգրադացված մարդիկ փող էին վերցնում, ընտրում սրան-նրան՝ ատելով իրենց գնորդին։

Այս մարդիկ, իրոք, աստվածացնում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև ժողովուրդներն իրենց աստվածներին կերտում են հենց իրենց կերպարով։

Սակայն ձեր ոգեշունչ քննադատությունը ոչ թե խեղճուկրակ մարդկանց պետք է ուղղվի, այլ ժեխ էլիտային, որի ափեղ-ցփեղ հայտարարությունները պայթող և պայթելիք ռումբեր են մեր դեռևս շնչող պետության տակ։

Ինչո՞ւ եք զարմանում տեսանյութի խեղճ կնոջ արտահայտությունից, երբ երկրի փաստացի ղեկավարը մի երկու օր առաջ թուրքերին և ադրբեջանցիներին հարցնում էր՝ ցեղասպանելո՞ւ են մեզ, թե՞ ոչ։ Պատկերացրե՞լ եք՝ ինչքան է հրճվել Էրդողանը մտքի այս մարգարիտը լսելիս։

Հետևաբար ժեխությունից պետք է մաքրել քաղաքական էլիտան։ Սա, իհարկե, գրեթե անլուծելի խնդիր է թվում, բայց եթե մտածենք ոչ թե ստամոքսով, այլ գլխով, լուծում կգտնենք։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ