...

Նախագահացու ունենք, աշխարհը չունի

Նախագահացու ունենք, աշխարհը չունի

Կիրթ է, քաղաքական և կենսական փորձ ունի, տնտեսագետ է, նաև ՀԱԿ-ից է եղել մինչև նախագահ դառնալու առաջարկություն ստանալը։ Ճիշտ է, պնդում է, որ 2017-ից այս կուսակցության հետ կապ չի ունեցել։ Բայց դիմացել է, դուրս գալու դիմում չի գրել, միայն անդամությունն է սառեցրել։ Սակայն ՀՀ անգլիական թագուհի, վա՛յ, կներեք, նախագահ դառնալու առաջարկն ստանալուց հետո անմիջապես կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել (02.02.2022): Ի՜նչ խոսք, բարեպաշտության և սկզբունքայնության օրինակ է։ (Իսկ եթե լուրջ, մի քիչ դժվար եմ հասկանում ՀԱԿ կուսակցության վարչության պահվածքը։ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա վարչապետին անվանում է ազգակործան պատուհաս։ Կուսակցությունը բազմիցս սուր քննադատում է ներկա իշխանությանը։ Ուրեմն կուսակցության անդամը վարչապետի ձեռքի տակ նախարար աշխատելուց առաջ կա՛մ ինքը պետք է լքի կազմակերպությունը, կա՛մ էլ այսպիսի վարքը պետք է քննարկեն կուսակցականները և հետևություններ անեն։ Բայց սա, իհարկե, իրենց գործն է։ Ես կուսակցական չեմ)։

Անցնենք բուն նյութին։ 

Ուրեմն

1․ Ասում են՝ Վահագն Խաչատրյան//Խաչատուրյանը պարկեշտ մարդ է, այն էլ տնտեսագետ պարկեշտ մարդ։ Այդ դեպքում ինչո՞ւ չի հարցնում․

ա․ Եթե ՀՀ նախագահի պաշտոնն ընդամենը արարողակարգային է, եթե ՀՀ նախագահ կոչվածն ընդամենը վարչապետի որոշումները դակողն է, նրան ո՞ր արժանիքի համար են ամսական 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ տալիս ՀՀ հարկատուների հաշվին։

բ․ ՀՀ ոչ մի լիազորություն չունեցող նախագահն ունի պատկառելի աշխատակազմ, որի տարեկան ծախսերը ՀՀ բյուջեից են վճարվում, այսինքն՝ դարձյալ հարկատուների և պետության հաշվին տարին մոտ 1 միլիարդ դրամ է ծախսվում սույն հիմնարկի վրա։ 

Ինչո՞ւ, մի՞թե պարկեշտ մարդը կարող է հայաստանյան իրականության համար հսկայական աշխատավարձ ստանալ՝ գրեթե ոչինչ չանելով, երբ, ասենք, շարքային ուսուցիչը, շաբաթական 22 ժամ դաս պարապելով, նյարդեր և առողջություն քայքայելով, երեխաներին գիտելիք տալով, վաստակում է իրենից մոտ 10 անգամ պակաս։

2․  Ասում են՝ Վահագն Խաչատրյան//Խաչատուրյանը խելացի մարդ է։ Այդ դեպքում ինչո՞ւ է հայտարարում․  «Բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք. և´ Փաշինյանը, և´ Տեր-Պետրոսյանը, և´ ես: Եվ մեր պատկերացումները խաղաղության մասին նույնն են»։ Գուցե չի՞ հասկանում և չի՞ հասկացել, թե ինչ խաղաղության մասին էր խոսում Լ․ Տեր-Պետրոսյանը։ Չի հասկացել ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը մինչև 2020-ի նոյեմբերի ինը։ Թունդ նիկոլական դարձած նախագահացուին հիշեցնենք, որ նրա այժմյան շեֆը 2016-ին ՊՊԾ գրավված գնդի մոտ անարգանքի սյունին էր գամում խաղաղության տերպետրոսյանական գաղափարը։ Հիշեցի՞ք, պարո՛ն Խաչատրյան// Խաչատուրյան։ Մի բան էլ հիշեցնենք հարգելի պարոնին։ 2020-ի պատերազմ է եղել, Հայաստանն ու Արցախը պարտվել են, 2021-ի մայիսից Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժեր կան։ Ո՞նց եք։

Ուրեմն նիկոլական խաղաղությունը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների հետ, որովհետև․

1․ 1994-ից մինչև 2020-ի սեպտեմբերը Հայաստանն ու Արցախը հաղթած կողմ էին։ 

2․ Հաղթողը կարող էր/ է խոսել արժանապատիվ խաղաղության մասին։

3․ Տնտեսագետի համար հատուկ կրկնենք Լ․ Տեր-Պետրոսյանի ասածը՝ այն ժամանակ (2020-ի պատերազմից առաջ) փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք։ Պարզեցնենք ասածը, որ հասկանան։ Փոխզիջումը ենթադրում էր արժանապատիվ խաղաղություն։ Մենք զիջում էինք ԼՂԻՄ տարածքից դուրս 5 շրջան, պահպանում էինք հայկական Արցախ՝ միջազգային երաշխիքներով։ 

Սա իր հերթին նշանակում էր Հայաստանի տնտեսական, ռազմավարական հզորացում։ Հայաստանը 90-ականների հաղթանակից հետո գոնե տարածաշրջանում գործոն էր։ Արժանապատիվ խաղաղության հասնելու դեպքում մեր դերն ավելի ծանրակշիռ էր դառնալու։ Բայց․․․

4․ Բայց 1998-ից մինչև 2020-ի ջախջախիչ պարտությունը հայաստանյան հիմնական թրենդը ոչմիթիզականությունն էր։ Նիկոլ Փաշինյանն էլ հետ չէր մնում դրանից, և ահա նրա «իմաստուն» ղեկավարությամբ մենք դարձանք պարտված կողմ՝ տկլոր և արհամարհված։

5․  Հետևաբար ձեր այսօրվա խաղաղասիրությունը խեղկատակություն է, փորձանքների անվերջ շղթա՝ պետության և ժողովրդի գլխին։ 

Ուրեմն եթե Վահագն Խաչատրյան//Խաչատուրյանն իսկապես խելացի մարդ է, ապա շատ լավ էլ հասկացել է, որ իրեն օգտագործելու են որպես Լևոն Տեր- Պետրոսյանի նախկին թիմակցի։ Օգտագործելու են հենց նրա միջոցով պրիմիտիվ ստեր տարածելու համար, որոնցից մեկն էլ խաղաղության տերպետրոսյանական գաղափարը ազգակործան պատուհասի մուրացկանության հետ նույնացնելն է։

Զարուհի Գաբրիելյան

Հ․ Գ․ Կրկին կարդացե՛ք Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Դա՛ է ձեր խաղաղությունը։  

ՎԱՐԿԱՆԻՇ

   3893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ