...

Նախկինների ադրբեջանական հաջողություններն ու Փաշինյանի տեսլականը

Նախկինների ադրբեջանական հաջողություններն ու Փաշինյանի տեսլականը

Երկու օր է՝ հայ քաղաքական ու հասարակական հանրությունը քննարկում է Արցախի հակամարտության թեմայով Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև բանավեճ-քննարկումը, որն իր ձևաչափով առաջինն է հարցի գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում։ Ինչպես միշտ մեզանում, բանավեճի վերաբերյալ հայկական միջավայրի քննարկումներն ու անդրադարձները գերծայրահեղացված են, ինչպես վերջին շրջանում ընդունված է ասել՝ սպիտակի ու սևի տիրույթում ու տրամաբանության մեջ։ 

Ընդհանուր առմամբ, բանավեճի շուրջ քննարկումներին հետևելիս՝ տպավորությունն այն է, թե հակառակ կողմերը խոսում են ոչ թե նույն, այլ բոլորովին տարբեր իրադարձությունների մասին։

Մի կողմում գովերգում ու երկինք են հանում Նիկոլ Փաշինյանին՝ ավետելով նրա շռնդալից հաղթանակը Ալիևի նկատմամբ, հրճվում, թե տեսեք-տեսեք՝ ինչպես Նիկոլը քարուքանդ արեց ու տեղը դրեց Ադրբեջանի նախագահին։ Մյուս կողմում դատափետում ու Փաշինյանի տապալման մասին են խոսում՝ շեշտը դնելով առանձին դրվագների, արտաքին ատրիբուտներ վրա։ Ասենք, առաջին պլան մղում մի այնպիսի երկրորդական բան, ինչպիսին Փաշինյանի անգլերեն խոսելն է։ Կամ՝ նրա շարժուձևը։ 

Տապալման մասին խոսող որոշ անադեկվատներ էլ, ոչ ավել, ոչ պակաս, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը (սրանք հիմնականում հանրապետադաշնակցական շրջանակներ են): Այս տեսանկյունից հատկանշական է, որ հանրապետականների մեկնաբանություններն ու հնչած տեսակետներն արժանացել են ադրբեջանական մամուլի և քաղաքական շրջանակների լայն ուշադրությանն ու հավանությանը, որը ինչ-որ չափով կարևոր ցուցիչ է այդ մեկնաբանությունների ուղղվածությունն ու բովանդակությունը գնահատելու համար։

Իհարկե, կան նաև հատուկենտ անդրադարձներ, որոնք օբյեկտիվ հայացքով են դիտարկում մյունխենյան բանավեճը, մատնանշում հայկական տեսանկյունից թե՛ դրական, թե՛ բացասական նրբերանգները, մատնանշում այն փաստարկները, որոնք Փաշինյանը կարող էր բերել այս կամ այն դրվագին անդրադառնալիս։ 

Իրականության մեջ պետք է ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել երկու երկրների ղեկավարների ինչպես բուն բանավեճի փաստը, այնպես էլ այդ բանավեճում հնչածն ու կողմերի մրցակցային առավելություններն ու պակասությունները, առավել ևս՝ դրանք ամենևին չդիտարկելով հաղթանակ-պարտություն պարզունակ կաղապարներում։ 

Բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում մի գրառում է արել, որը շատ խորհրդանշական է։ Խորհրդանշական է առաջին հերթին գրառման վերնագրի առումով։ Նա գրառումը վերնագրել է՝ Մյունխենյան սկզբունքներ, կարծես ի հակակշիռ Մադրիդյան սկզբունքների, որոնք 2007 թվականից դրված էին բանակցային սեղանին՝ որպես հակամարտության լուծման հիմք, և որի մասին բազմիցս փաստարկներ են բերվել, որ այն բնավ էլ չի բխում հայկական կողմերի շահերից։

Մադրիդյան սկզբունքների մասին Նիկոլ Փաշինյանը հստակորեն խոսել էր ամիսներ առաջ Ստեփանակերտում կայացած Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ՝ նշելով, թե այդ սկզբունքները ճշգրտման կարիք ունեն, ասինքն՝ փաստացի եթե ոչ մերժել, ապա վերապահություն էր հայտնել այդ փաստաթղթի վերաբերյալ։ Այնուհետև տարբեր առիթներով մի քանի անգամ հաստատել էր այդ մոտեցումը։

Եվ ահա հիմա նա Մադրիդյան սկզբունքներին, ըստ էության, հակադրում է Մյունխենյանը, որոնք նա արտահայտել էր հիշյալ բանավեճի ժամանակ (և ոչ միայն այդ բանավեճում, այլև տարբեր հարթակներում ու ձևաչափերում)։

Ահա այդ սկզբունքները.

  1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
  2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը։
  3. Չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
  4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում։
  5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
  6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Այս սկզբունքները կարելի է համարել Հայաստանի գործող իշխանության ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումները Արցախի հակամարտության լուծման ուղղությամբ։ Սա ի պատասխան այն մարդկանց, որոնք ասում են, թե Փաշինյանը Արցախի հակամարտության հարցում տեսլական չունի։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ