Ինքը գործնական հանդիպման է «Տաշիր-պիցցայում»: Արաբ շեյխ է խնդրել, որ հանդիպեն: Նստում են սեղանի շուրջ: «Ի՞նչ կցանկանաք»,- հարցնում է մատուցողը: «Ինձ բերել երկու մեծ պիցցա, 3 մոսկովյան սալաթ, ֆրի, մեծ բաժակով կոլա և 50 գրամ «Դվին» կոնյակ»,- պատասխանում է շեյխը:
Ինքը կարմրում է, թաքուն գրպանից հանում է դրամապանակը, հաշվում պարունակությունն ու ասում. «Ինձ մի շիշ «Ջերմուկ»»:
Մատուցողը հեռանում է, ինքը նայում է շեյխին ու ասում. «Ձեր դեմքը ծանոթ է, որտե՞ղ եմ տեսել»:
«Օ՜, այո, ես այստեղ մի քանի անգամ փորձել ներդրումներ անել, ես Գագիկ Ծառուկյանի լավ բարեկամ, վերջին անգամ ես հանդիպել Հայկ Մարությանի հետ, առաջարկել, որ մեզ քաղաքի կենտրոնում հինգ հեկտար տարածք տալ, որ մենք միլիոնավոր դոլարներ ներդնել, սակայն քաղաքապետ մերժել շատ կոպիտ ձևով: Ես նեղանալ և հեռանալ Ավան»:
«Հա, իմ ներվերի վրա էլ է ազդում Հայկոն»,- զայրացած արձագանքում է ինքը,- «էս էլ որերորդ անգամ իրենից բողոքում են: Ես կզբաղվեմ նրանով: Բա հիմա ի՞նչ ծրագրեր ունեք»:
«Օ՜, մենք մտադիր լինել նոր ազգային ավիափոխադրող ստեղծել, 2 միլիարդ դոլար ներդնել»:
«Բա ի՞նչ ա պետք դրա համար»,- հարցնում է ինքը:
«Վըհալլահ, միսթեր վարչապետ, մեզ դրա համար ընդամենը պետք լինել 5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»,- պատասխանում է շեյխը:
«Շատ բարի,- իր նոթատետրում նշում է անում,- մի քիչ բայց պետք է սպասեք: Մի քանի հատ բուհ-մուհ կա, դրանք հանենք, տեղափոխենք Թալինի կողմերը, ահագին տարածք կազատվի, հարցը կլուծենք»:
«Օ՜, դուք շատ գործնական լինել, միսթեր վարչապետ: Շնորհակալ եմ»,- գլուխը խոնարհում է շեյխը:
Հանդիպումն ավարտվում է, մատուցողը հաշիվը բերում է: Ինքը հոգոց հանելով ձեռքը գրպանն է տանում, բայց շեյխը առարկում է. «Պետք չէ, միսթեր վարչապետ, ես փակել հաշիվ, ես ձեզ շատ հավանել»:
«Չէ, չէ, ի՞նչ եք ասում,- ուրախությունը մի կերպ զսպելով, ասում է ինքը,- թույլ տվեք, գոնե ես իմ տեղը փակեմ»:
«Ես փակել հաշիվը»,- պնդում է շեյխը և վճարում մատուցողին:
Ինքն անմիջապես բացում է ֆեյսբուքն ու գրում. «Այսօր գործնական հանդիպում ունեցա արաբական «World Investment Solding Tree & Vree Al Arabia Groupp կոնցեռնի ավագ ներկայացուցիչ, շեյխ... կներեք, ձեր անունը ո՞նց էր»,- թեքվում է դեպի շեյխը:
«Շեյխ էլ Շարմ»,- գլուխը խոնարհում է շեյխը:
«... շեյխ Շարմի հետ: Ներդրումների մեծ հոսքի սպասեք: Առաջին 23 դոլարի ներդրումն այսօր արդեն արվեց: Ի գործ»,- գրում է ստատուսը ու դուրս գալիս պիցցերիայից:
Դուրս է գալիս, տեսնում է մի քանի հարյուր շեյխ հեղեղել են տարածքը: Մի մասը հերթ է կանգնել, մի մասը հենց ասֆալտին փռված է, մի 10 հոգի իրար են քաշքշում հերթի համար, աղմուկ, աղաղակ:
«Ո՞նց,- թեքվում է դեպի ներդրումների գծով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,- էս սրանք սաղ եկել են ներդրումներ անելո՞ւ»:
«Պարոն վարչապետ,- պատասխանում է Ավինյանը,- էս մարդիկ եկել են պատվաստվելու»:
Ինքն անմիջապես բացում է ֆեյսբուքը:
Արթնանում է ներդրումային միջավայրում: