...

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները

Երևի քչերն են տեղյակ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցը եթեր հեռարձակվելուց առաջ մանրամասն խմբագրվել է, և հարցազրույցի որոշ հատվածներ դուրս են մնացել։ Բարեբախտաբար՝ չհեռարձակված հատվածներից մի քանիսը հայտնվել են մեր խմբագրության տրամադրության տակ, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Պարոն վարչապետ, բայց անկեղծ ասած՝ այդ ցուլերի և կարմիր զգեստի օրինակը երևի այնքան էլ հաջող չէր․․․ 

- Դե ես մեր անվտանգային հայեցակարգն եմ ներկայացնում։ Այ եթե, օրինակ, ջահել աղջիկը գիշերը խուլ փողոցով քայլում է, ու ինչ-որ խուլիգան դեմը կտրում է, ի՞նչ պիտի անի։ Պիտի յուբկան բարձրացնի ու ասի «դե շալվարդ իջեցրու»։ Որովհետև ինքը, յուբկան բարձրացրած, ավելի արագ կվազի, քան նա՝ շալվարը իջեցրած։

- Բայց մենք փախչելու տեղ չունենք, մեր տարածաշրջանից ո՞ւր պիտի փախչենք։

- Հա, էդ մասին չէի մտածել․․․ Դրա համար էլ ասում եմ, որ յուբկան բարձրացնելու ռազմավարությունը մեր անվտանգությունը չի երաշխավորում։ Բայց մենք, միևնույն է, հավատարիմ ենք մնալու այդ ռազմավարությանը․․․ Չէ, լավ, էս մասը կմոնտաժեք, ցուլերի մոմենտը կթողնեք։

- Լավ։ Պարոն վարչապետ, իսկ ինչո՞ւ եք անպայման ուզում, որ նոր Սահմանադրություն ունենանք։ Չէ՞ որ դրա համար հանրաքվե է պետք․․․

- Բա հենց դրա համա՛ր եմ անում։ Հիմա ով չի ալարում՝ ինձ ասում է «դավաճան», իսկ եթե հանրաքվեով անենք՝ կստացվի, որ ես մենա՛կ չեմ, մենա՛կ չեմ, մենա՛կ չեմ․․․  

- Իսկ ճի՞շտ է, որ Սահմանադրությունը փոխելը Ալիևի պահանջն է։

- Բանը․․․ Բանը․․․ Ես․․․ Ճիշտն ասած՝ հակառակը, ե՛ս եմ հայելային պահանջ ներկայացրել, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը Ադրբեջանում կայացվելիք հանրաքվեով ընդունվի։ Թող իրե՛նք որոշեն մեր Սահմանադրությունը, որ հետո չասեն՝ մենք ուրիշ ձև էինք պատկերացնում, մեր ուզածն ուրիշ բան էր։

- Լավ, իսկ ինչո՞ւ եք ուզում Հայոց պատմությունը դարձնել Հայաստանի պատմություն։

- Այ շատ կարևոր հարց տվեցիք։ Հայոց պատմությունը Խորենացին ա, չէ՞, գրել։ Հասկացանք, որ այն ժամանակ ԿԳՄՍՆ չկար, բայց նա ընդհանրապես հայ է՞ր։ Մի հատ ուշադիր լսեք․ վրացի, բյուզանդացի, ալբանացի, Խորենացի․․․ Նա նույնիսկ Հայաստանի քաղաքացի չէր, ինքն էլ Թուրքիայում էր ծնվել․․․ 

- Դե այդ տրամաբանությամբ՝ Մաշտոցն է՛լ էր Թուրքիայում ծնվել․․․ 

- Իմիջիայլոց շատ լավ գաղափար տվեցիք։ Մեր այբուբենն էլ․․․ Բայց՝ չէ, էդ թողնենք հաջորդ հարցազրույցին։

- Անցնենք ներքաղաքական հարցերին։ Ճի՞շտ է, որ Ձեր քաղաքական թիմը ճեղքեր է տալիս։

- Գիտե՞ք, հայրենասիրության նոր մոդելի մեր ընկալումների և, օրինակ, Ալեն Սիմոնյանի կարմիր ռեյնջ-ռովերի միջև մեծ ճեղք կա։ Եվ ընդհանրապես՝ մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամ պիտի հիշի, որ ունի եղբոր կնիկներ, բաջանաղներ, քավոր-սանիկներ, ու նրանք բոլորը կարող են հայտնվել մեր հակակոռուպցիոն պայքարի կիզակետում, հետևաբար՝ պարտավոր են հավատարիմ մնալ մեր գաղափարախոսությանը։

- Իսկ ո՞րն է ձեր գաղափարախոսությունը։

- Բանը․․․ Ո՞նց են ասում․․․ Էն որ․․․ Մի խոսքով՝ մեր գաղափարախոսությունն այն է, որ նրանք, ովքեր կկասկածեն, որ մենք ունենք գաղափարախոսություն, պիտի հիշեն, որ ունեն եղբոր կնիկներ, բաջանաղներ, քավոր-սանիկներ և այլն, ու պիտի ավելորդ հարցեր չտան։

- Շնորհակալություն, մեր հարցերը սպառվեցին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ